Շինարարը խոստացել է հնարավորության դեպքում հէկը կառուցել Թռչկանի ջրվեժից ներքեւ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցան լսումներ՝ նվիրված Թռչկանի ջրվեժի պահպանությանը: Հանդիպմանը մասնակցում էին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, անկախ փորձագետ, շինարարը և նախագծողները:
Հանդիպման ժամանակ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք հարցեր, մասնավորապես` անձնագիր տալ Թռչկանի ջրվեժին` հստակեցնելով նրա սահմանները, դադարեցնել շինարարությունը, չեղյալ համարել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, ինչպես նաև առաջարկեցին հէկը կառուցել ջրվեժից ներքև ընկած հատվածում` զարգացնելով էկոտուրիզմը, ինչը նաև շահավետ կլինի կառուցողի համար:
ՀԿ ներկայացուցիչները նախարարին ներկայացրեցին շինարարական աշխատանքների ընթացքում նախագծային լուծումների խախտման որոշակի փաստեր, նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որում կներգրավվեն բնապահպանության, քաղաքաշինության փորձաքննություն իրականացնող մարմինների մասնագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք եռօրյա ուսումնասիրություններ կիրականացնեն տեղում:
Նախարարը հորդորեց շինարարին ևս մեկ անգամ քննարկել, հէկի կառուցումը իրականացնել ջրվեժից ներքև ընկած հատվածում, ինչը բացարձակ չի ազդի Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեությանը:
Շինարարը խոստացավ ևս մեկ անգամ իրականացնել այլընտրանքային հաշվարկներ և հնարավորության դեպքում հէկը կառուցել ջրվեժից ներքև ընկած հատվածում:
Նախարար Արամ Հարությունյանը հույս հայտնեց, որ քննարկումների, հասարակական լսումների արդյունքում կունենանք այնպիսի հավասարակշռված լուծում, ինչը չի խաթարի հրաշագեղ Թռչկանի ջրվեժի բնականոն գործունեությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել