
Մի ցուցանմուշի պատմություն. սպենդիարոֆոն. կոմպոզիտորի «գյուտից» ծնված գործիքն աշխարհում միակն է
Աննա Բաբաջանյան
«Երեք արմավենի» սիմֆոնիկ պոեմը գրելիս Ալեքսանդր Սպենդիարյանն ինքն էլ չէր կարող պատկերացնել, որ ակամայից «գյուտի» հեղինակ էր դառնալու: Միխայիլ Լերմոնտովի համանուն բանաստեղծությունը, որի հիման վրա ստեղծվում էր պոեմը, արևելյան ասք էր: Դրա մի հատվածում նկարագրվում էր ուղտերի քարավանի երթի տեսարանը: Կոմպոզիտորն ուզում էր այն առավել պատկերավոր ներկայացնել եւ դրա համար ուղիներ էր փնտրում: 1905 թվականն էր: Սպենդիարյանը բազում պրպտումներից հետո ի վերջո վճռում է, որ այդ տեսարանը պետք է արտահայտի յուրահատուկ, մինչ այդ չլսված հնչողությամբ: Նա որոշում է ոչ ավել ոչ պակաս՝ նոր երաժշտական գործիք ստեղծել: Կոմպոզիտորն իր հարազատ Սիմֆերոպոլ քաղաքից մի վարպետի պատվիրում է կաշվե գոտու վրա 12 հատ բրոնզե զանգակ ամրացնել: Այդպիսով, հենց այս «գյուտի» շնորհիվ ծնված գործիքը պետք է հետագայում ստեղծագործության մեջ ազդարարեր ուղտերի քարավանի երթն անապատով:
Սակայն այս իրը դեռ երկրորդ կյանք էլ պետք է ստանար ՝ վերաարժևորելով իր տիրոջ ստեղծագործական մտքի թռիչքը: Երբ Սպենդիարյանի ուսուցիչը՝ ռուս հանճարեղ պոետ, կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, տեսել էր իր աշակերտի ստեղծած գործիքը, շատ էր հավանել այն եւ կատակով անվանել էր սպենդիարոֆոն: Այո, այն պետք է կոչվեր հենց Սպենդիարյանի անունով. չէ՞ որ նրա ստեղծած գործիքն միակն էր աշխարհում: Այդպիսով՝ Ռիմսկի-Կորսակովի հատկանշական բնութագրումը դիպավ գործիքին ու մնաց մինչեւ այսօր:
Ի դեպ, սպենդիարոֆոնն իր ստեղծողի հետ ճամփորդել է Եվրոպայի գրեթե բոլոր մայրաքաղաքներով ու խոշոր քաղաքներով, հնչել է Բեռլինի, Միլանի, Փարիզի, Նեապոլի թատրոններում:
Իսկ երբ ռուս հայտնի բալետմայստեր Միխայիլ Ֆոկինը 1912-13 թթ. խաղաշրջանում «Երեք արմավենու» հիման վրա Բեռլինի թատրոնում բալետ էր բեմադրել, որի գլխավոր դերակատարը ռուսական բալետի պարծանք Աննա Պավլովան էր, եւ որը մեծ հաջողություն պետք է բերեր կոմպոզիտորին, պրեմիերային ուշագրավ մի զրույց էր ծավալվել: Սպենդիարյանի աշակերտ, կոմպոզիտոր Սերգեյ Շաթիրյանի հուշերում կարդում ենք, որ Ալեքսանդր Աֆանասևիչը նստած է եղել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Արթուր Նիկիշի եւ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի կողքին: Նրանք երկուսն էլ հիացել են «Երեք արմավենու» երաժշտության արեւելյան կոլորիտի հարազատությամբ, նշել, որ դրանում զարմանալի արևելք կա ու հարցրել հեղինակին, թե ինչպես է նա հասել դրան: Իսկ Սպենդիարյանը պատասխանել է, որ զարմանալի ոչինչ չկա. «Ես պարզապես հայ եմ»,- ասել է նա:
Հ.Գ. Սպենդիարոֆոնն իր տեսակի մեջ եւ հնչողությամբ աշխարհում միակ գործիքն է եւ պահպանվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Այն ունի երկու կրկնօրինակ, որոնցից մեկը թանգարանում է, մյուսը՝ ՀՀ նախկին վարչապետի մոտ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել