
Խցանումների հիմնական պատճառներն ու լուծումները
Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նկատած կլինեն, որ քաղաքում տարեցտարի ավելանում են խցանումները: Փորձենք քննարկել այդ խցանումների պատճառներն ու դրանց դեմ պայքարի հնարավորությունները:
Վթարներ
Ինչպես գիտենք, անգամ ամենաչնչին վթարը կարող է լինել մեծ խցանման պատճառ: Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի վթարների դեպքում ՃՈ տեսուչների արձանագրությունը հիմք է ապահովագրական փոխհատուցման համար:
Դա, անշուշտ, կնվազեցնի վթարների արդյունքում առաջացող խցանումները, սակայն անհրաժեշտ է ավելի մտածված ու ճիշտ գծանշումներ անելով պայքարել մանր վթարների բավականին տխուր վիճակագրության դեմ:
Կարգավորում
Հայտնի է, որ խցանումների մեծ մասը առաջանում է խաչմերուկներում: Պիկ ժամերին վարորդները մտնում են խաչմերուկ և չեն կարողանում լքել այն, քանի որ փողոցը, որով իրենք պետք է շարունակեն երթևեկությունը փակ է (խցանված է): Արդյունքում այդ մեքենաները մնում են խաչմերուկի բանուկ մասում և երբ ուղղահայաց փողոցի լուսաֆորը կանաչում է, այդ վարորդներն էլ գալիս ու մխրճվում են առաջինների մեջ և տրանսպորտային «դժողքը» պատրաստ է:
Ճանապարհային երթևեկության կանոններն միանգամից երկու դրույթ ունեն, որոնք պետք է կանխեն այս վիճակները: Նախ, արգելվում է մտնել խաչմերուկ (անկախ լուսաֆորի գույնից), եթե չկա համոզմունք, որ հնարավոր կլինի ամինջապես ազատել խաչմերուկը: Այսինքն, եթե դուրս եկող փողոցը խցանված է, ապա վարորդը պարտավոր է չմտնել խաչմերուկ:
Երկրորդն էլ այն է, որ լուսաֆորի կանաչ լույսը միանալուց հետո վարորդը պարտավոր է զիճել ճանապարհը ուղղահայաց փողոցի այն վարորդներին, ովքեր իրենց կանաչ լույսի տակ են մուտք գործել խաչմերուկ:
Սակայն, ինչպես գիտեք, հայ վարորդների առնվազն 90 տոկոսը չի հետևում այս կանոններին, իսկ Ճանապարհային ոստիկանությունը չի տուգանում այս կանոնները խախտողներին (քանի որ բոլորին տուգանել չի լինի):
Բայց վիճակն անելաների չէ: Հայտնի է, որ երբ խաչմերուկի մի փողոցի լուսաֆորի կարմիր լույսը միանում է, դրան ուղղահայաց փողոցի լուսաֆորն ամինջապես կանաչում է: Սակայն դա Հայաստանում: Արևմտյան երկրներում լուսաֆորի կարմրելուց հետո մի-քանի վարկյան ամբողջ խաչմերուկը «կարմիր» է, որ կանաչի տակ անցած մեքենաներն ազատեն այն, և ապա միայն կանաչում է հատվող փողոցի լուսաֆորը:
Այդ, բավականին պարզ, մեխանիզմը հնարավորություն է տալիս առանց վարորդների սովորությունները փոխելու և առանց համատարած տուգանքներ բաժանելու լուծել խաչմերուկներում խցանումների մեծ մասը:
Հանգույցներ
Երևանում տարեց տարի ավելանում են նոր փողոցներ, որոնք հնարվորությունների սահմանում շրջանցում են քաղաքի առվել խցանված հատվածները: Դալմայի այգիներով անցնող փողոցը, Սարալանջի փողոցը, Խանջյանի թունելները և այլն: Սակայն բավականին լայն և թանկարժեք այդ փողոցների ճանապարհային հանգույցները, որպես կանոն, բավականին անհաջող են:
Այդպես, երբեմն 3-4 երթևեկության գոտի ունեցող փողոցները ավարտվում են նեղ ու անհաջող հանգույցներում, որոնց թողունակությունը շատ փոքր է: Դրանով իսկ, անիմաստ է դառնում այդքան լայն փողոց կառուցելու իմաստը:
Հարկ է հաշվի առնել, որ լավ և վատ ճանապարհային հանգույցների գինը, որպես կանոն, համարյա նույնն է: Պարզապես, Հայաստանում գրեթե չկան մասնագետներ, ովքեր կրող են նախագծելիս ճիշտ հասկանալ ավտոմեքենաների հոսքերը և նվազագույնի հասցնել հանգույցի խցանելիությունը:
Հանրային տրանսպորտ
Տարիների ընթացքում մարդիկ սկսում են համեմատաբար ավելի ու ավելի լավ ապրել: Որպես հետևանք, պակասում է այն մարդկանց քանակը, ովքեր ստիպված են երթուղայիններում կռացած երթեւեկել: Մարդիկ գնում են մեքենաներ ու օգտվում են տաքսիներից, վերջիններս էլ, մեծացնում են խցանումները:
Ուստի կրկին հանգում ենք այն պարզ ճշմարտության (որի մասին բազմից ենք խոսել), որ խցանումների դեմ պայքարը պետք է սկսել հանրային տրանսպորտի որակի բարելավմամբ և մետրոյի ցանցի զարգացմամբ:
Լուսանկարը՝ news.am-ի
Մեկնաբանել