HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բյուջեում 2015թ. տնտեսումներ կարվեն հաստիքների կրճատման հաշվին

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նոյեմբերի 28-ին հանրային քննարկման էր ներկայացրել Ալավերդի համայնքի 2015թ.-ի բյուջեն:

Քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից համայնքի բյուջետային հիմնարկներից կրճատելու է 17 հաստիք, որի հաշվին բյուջեից կտնտեսվի 15 մլն դրամ: Կրճատվողները, հիմնականում, քաղաքի սոցիալապես անպաշտպան բնակիչներն են, սակայն, ինչպես նշեց Ա.Վարոսյանը, սոցիալական գործոնը շատ կարեւոր է, բայց աշխատատեղը սոցիալական ծրագիր չէ: Նվազագույն աշխատավարձն, առաջին հերթին պետք է արդարացված լինի աշխատանքի ծանրաբեռնվածությամբ:

Ա. Վարոսյանը հայտնեց, որ քաղաքապետարանի թիվ 2, 4 եւ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2015թ.-ի հունվարի 1-ից համատեղվելու եւ մեկ միավոր է դառնալու դռնապանի եւ պահակի հաստիքները, թիվ 4  եւ 6 նախադպրոցական հաստատություններում վերացվելու է դերձակ-հավաքարարի հաստիքը, իսկ թիվ 6-ում` հավաքարարի մեկ դրույք հաստիքի փոխարեն սահմանվելու է կես դրույք:

Քաղաքապետը նախատեսել է 5,5 հաստիքային միավոր կրճատել  քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ի հաստիքացուցակից: Քաղաքաշինության բաժինը, որպես  առանձին ստորաբաժանում, վերացվելու  է, եւ հունվարի 1-ից կրճատված 3 աշխատողների փոխարեն կաշխատի միայն գլխավոր մասնագետ: Կրճատվելու են նաեւ գործավարների հաստիքներ: Բյուջեի նախագծով միայն 8 մլն դրամ տնտեսվելու է քաղաքապետարանի ընթացիկ աշխատանքների ծախսերից:

Քաղաքապետը 2015թ.-ի հունվարի 1-ից կբարձրացնի նաեւ իր աշխատավարձը. ներկայիս 230,000 հազար դրամի փոխարեն Ա. Վարոսյանը կստանա 290 հազար դրամ: 2015թ.-ի սեպտեմբերի 11-ին լրանում է Արտավազդ Վարոսյանի պաշտոնավարման 4 տարին, եւ Ալավերդիում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Ընտրության նախաշեմին Ա. Վարոսյանը 2015թ.-ի բյուջեում սոցիալապես  անապահով մարդկանց կրճատումների հաշվին աննախադեպ բարձրացումներ է նախատեսել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերում: Նա քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանի եւ աշխատակազմի քարտուղար  Անուշ Էվոյանի 170 հազար դրամ աշխատավարձերն առաջարկեց հունվարի 1-ից սահմանել 230 հազար դրամ: Քաղաքապետի խորհրդական Ռաֆիկ Միքայելյանի աշխատավարձը` 150 հազար դրամից կդառնա 210,000 դրամ: Քաղաքապետարանի բաժինների պետերի 140,000 դրամ աշխատավարձը` 200,000 դրամ: Կբարձրացվեն  նաեւ քաղաքապետարանի գլխավոր եւ 1-ին կարգի մասնագետների աշխատավարձերը:

Այստեղ, սակայն, ինչպես աշխատանքից կրճատվող հավաքարարների, դռնապանների, գործավարների եւ մյուսների դեպքում, Ա.  Վարոսյանն աշխատանքի ծանրաբեռնվածության խնդիրը չշոշափեց: Այսուհանդերձ նա  անցակալի համարեց այն փաստը, որ համայնքի արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների, մարզադպրոցի, մշակույթի ոլորտի 311 աշխատողներից 213-ը նվազագույն աշխատավարձ են ստանում եւ ասաց, որ դպրոցների ամբողջ մանկավարժական կազմի գործող 66 հազար դրամ դրույքը 2015թ.-ին կդառնա 75 հազար դրամ, այսինքն` կբարձրացվի ընդամենը 9 հազար դրամով: Դաստիարակների աշխատավարձի մեկ դրույքը սահմանվելու է 80 հազար դրամ, նախադպրոցական հաստատությունների մեկ խումբ ղեկավարող տնօրենի համար` 80 հազար, երկու խումբ ղեկավարողների համար` 85 հազար, իսկ մյուսների համար` 100 հազար դրամ աշխատավարձ:

Արտավազդ Վարոսյանի խոսքով, եթե 2015թ.-ի բյուջեով նախատեսված 471 մլն դրամ եկամուտներից հանեն 95 մլն դրամ բնապահպանական նպատակային սուբվենցիան, ապա աշխատավարձի տեսակարար կշիռն ընդհանուր բյուջետային ծախսերի մեջ  քաղաքապետարանում կբարձրանա մինչեւ 76%: Համայնքի բյուջեի 2015թ.-ի եկամուտների  հանրագումարն ըստ քաղաքապետի` կազմելու է   471 մլն 380 դրամ, որից 231 մլն 182 հազար դրամը կկազմի  դոտացիան, 94 մլն 674 հազար դրամը`  բնապահպանական վճարները, 95 մլն դրամը` սեփական եկամուտները: Ա. Վարոսյանի ասելով` դոտացիան լիարժեք չի համապատասխանում համահարթեցման սկզբունքին, քանի որ այն հատկացվել է միայն բնակչության թվի հաշվարկով: Բյուջեի մուտքերն ավելացնելու համար նա անհրաժեշտ համարեց  նոր տնտեսավարող սուբյեկտների ավելացումը: Առանձնապես կարեւորեց բյուջեի եկամտային 3-րդ աղբյուրը` բնապահպանական սուբվենցիան, որը 2015թ.-ին նվազելու  է  25 մլն դրամով:

Ալավերդու քաղաքապետը հանրային քննարկման մասնակիցներին ներկայացրեց բնապահպանական ծրագրով նախատեսված ծախսերը:  Ասաց, որ 2015թ.-ին դրանից 31 մլն դրամ կհատկացվի քաղաքի Էնգելս թաղամասի զբոսայգու շինարարության համար, 24 մլն դրամ հատկացումով կլուծվի Ակներ գյուղական թաղամասի ջրամատակարարման խնդիրը, 5,5 մլն դրամով կկառուցվի Զորավար Անդրանիկ փողոցի կոյուղագիծը:  Բնապահպանական վճարների 2,5 մլն դրամ էր  նախատեսվել Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի անվտանգության ապահովման նախագծային փաստաթղթերի մշակման համար: «Բյուջեի կապիտալ ծրագրերն ավելի ճշգրտված կներկայացնենք հունվարին` ճշգրտված բյուջեով»,- ասաց Ա. Վարոսյանը: 

Բյուջեի հանրային քննարկմանը աշխատողների կրճատումների մասով քաղաքապետի առաջարկությանն առանձին դրվագով առարկեց ավագանի Ռուբեն Ծատինյանը: Հաշվի առնելով Ալավերդու արտագաղթի ծավալները` ավագանու անդամ Գագիկ Էվոյանը քաղաքապետին առաջարկեց հաստիքներ չկրճատել: Ա. Վարոսյանը բացատրեց, որ համայնքի 2015թ.-ի բյուջեի նախագիծն ավագանու քվեարկությանը կներկայացվի միայն հանրային քննարկմանը ներկայացված առաջարկություններն ավագանու նիստում քննարկելուց հետո:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter