HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Դիվերսիայի ժամանակ թշնամուն դիմադրած Նորայր Քամալյանը դեռ լիովին չի ապաքինվել

Հուլիս 31-ին ադրբեջանական հերթական դիվերսիային դիմադրած Մարտունու շրջանի Գիշի գյուղից շարքային Նորայր Քամալյանին սովորական հագուստով ու առանց քթին ու բերանին միացված բժշկական սարքավորումների դժվար է միանգամից տեղը բերել։

Միջին հասակի, պինդ կազմվածքով 20-ամյա երիտասարդի դեմքն արդեն  «զարդարում» են մի քանի սպիեր՝այդ թվում ծնոտի հատվածում ստացված հրազենային վնասվածքի հետքը։

Շապիկը թաքցնում է ևս մի քանի հրազենային վնասվածքների հետքերը։ Նորայրի ապաքինումը բժիշկներն ու ծնողները հրաշք են համարում։ Նորայրի վրա արձակված գնդակներից մեկը անցել է սրտի մոտով։

Նորայրի մայրը՝տիկին Արինան, պատմում է, որ հոսպիտալում պառկած ժամանակ տեղի սարկավագը, իմանալով, որ տղան կնքված չէ, առաջարկեց կնքել։

«Բուժքույրերից մեկի բարեկամը գտավ կնքահայր։ Այնպես ստացվեց, որ Նորայրի կնքահայր դարձավ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի տեղակալ Շահե Աճեմյանը։ Պարզվեց՝ վերջինս էլ էր ուզում գալ Նորայրին տեսակցության։ Կնքելու օրն էլ մարտական ընկերների հետ Նորայրին համակարգիչ նվիրեցին և գումար տվեցին, որպեսզի Նորայրի համար ձմեռային տաք հագուստ գնեմ»,-ասում է տիկին Արինան։

Այսօր Նորայրի հիմնական խնդիրը հրազենի հարվածից վնասված ծնոտն է։

«Ծնոտիս ձախ մասի ոսկորը չկա, լրիվ փշրվել ա։ Ժամանակավոր երկաթի կտոր են դրել։ Էդ հատվածում անգամ ատամներ չունեմ ու ուտելու հարցում մի քիչ դժվարանում եմ։ Երկու ամիսը մեկ ստուգման եմ գնում Երևան, մինչև որ արդեն կողիցս ոսկոր կտրեն ու տեղադրեն ծնոտում»,- բացատրում է Նորայրը։

Արդեն զորացրված շարքայինը շարունակում է բուժօգնություն ստանալ Երևանի Մուրացանի անվան զիվորական հոսպիտալում։ Նորայրի հայրը՝ Միքայելը, ասում է, որ մինչ այսօր որդուն տրամադրված բուժօգնությունն անվճար էր, իսկ բուժանձնակազմի վերաբերմունքը՝ անգնահատելի։

Միքայելի խոսքով՝ տուն գալուց հետո, մի անգամ արդեն ստուգման գնացել են։ Ճիշտ է, հիվանդանոցի ծախսերը էլի պաշտպանության բանակն է հոգում, բայց ճանապարհածախսն ու սնունդը իրենց հաշվին է։

«Ծնոտի վիրահատությունը դեռ մի 6 ամսից հետո պիտի անեն, իսկ ստուգման պետք է գնալ առնավազն երկու ամիսը մեկ։ Առաջին ստուգման ժամանակ թողել են, որ հոսպիտալում մնանք, իսկ այս անգամ՝ չգիտենք։ Եթե չստացվի հոսպիտալում մնալ, ստիպված ենք լինելու նաև մեր հաշվին բնակարան վարձել Երևանում։ Հույս ունեմ՝ երբ գա պահը, ստիպված չենք լինի վճարել վիրահատության համար»,-ասում է Միքայելը և հավելում, որ որդուն ծանր վիճակում Երևան տեղափոխելու ժամանակ բանակից ստացած միակ նյութական օգնությունը (բացի անվճար բուժօգնությունից) 200․000 դրամն է եղել։

Նորայրը, տեսնելով ծնողների դժվար կացությունը, ուզում է աշխատանք գտնել, միայն թե ծնողները չեն թողնում։ Տիկին Արինան ասում է, որ մինչև վիրահատությունը բժիշկները խորհուրդ են տվել ծնոտը չմրսեցնել։

«Տունը նստում եմ՝ ինչ անեմ, ուզում եմ գնամ մի գործ անեմ, որ ծնողներիս օգնեմ իմ բուժման ծախսերը հոգալ։ Բժիշկներն ասել են, որ մեկ վիրահատությամբ հարցերը չեն լուծվի»,-ասում է Նորայրը։

Քամալյանների ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է։

Նորայրն ասում է, որ շուտով պիտի իրեն հաշմանդամության կարգ տան ու նպաստ նշանակեն։

Խոսելով առաջիկա պլաներից՝ նա ասում է, որ անհամբեր սպասում է եղբոր զորացրվելուն։ Ժամկետն արդեն լրացել է և ուր որ է պիտի տուն գա։

«Կգնանք նորից սովորելու, հետո էլ արդեն կփորձենք գործ գտնել»,-ասում է նա՝ու շտապում ավելացնել, որ եթե թույլատրեն, կցանկանա ուսումն ավարտելուց հետո նորից բանակում ծառայել։

«Եթե տղամարդը քաղաքացիական ինչ-որ աշխատանք է անում, ապա նա ընդամենը փող է վաստակում ու ընտանիք պահում, իսկ երբ ծառայում է բանակում, ապա այդ աշխատանքը կրկնակի իմաստավորված է՝ համ հայրենիքն է պաշտպանում, համ իր ընտանիքը կերակրում», ասում է Նորայրը։ 

Հ.Գ. Առաջին նկարնում Նորայրը Շահե Աճեմյանի հետ հոսպիտալում, վերջին նկարում հոր, ավագ եղբոր և տատիկի հետ, իրենց տանը: Վերջին նկարները տրամադրել է Նորայրը:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Thank you for your bravery and service, we salute you our brave soldier. Thank you, God bless you. Menq xonarvum enq qo archev, heros txa. Astvac qo heta, misht qez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter