HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մակագրում էի գրքերս ու երևակայում, թե եկել եմ ժամադրության

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Դեպի ցմահ Ազատություն» գրքի շնորհանդեսի ժամին, ինչպես և խոստացել էի, կոկիկ հագնվել էի ու մտքերով տեղափոխվել Ողջերի աշխարհ: Խցում նստած՝ մակագրում էի գրքերս ու երևակայում, թե եկել եմ ժամադրության, Ձեր մեջ եմ՝ Նարեկացի արվեստի միությունում: Ոնց կուզեի ֆիզիկապես ներկա լինել…

Երեկոյան անհամբեր փոխում էի հեռուստացույցի ալիքները: Տեսա մի քանի անդրադարձ. ոգևորվեցի Ձեր ներկայությունից. ինչքան շատ մարդ կար դահլիճում: Հուզվեցի, երբ իմացա, որ մի կին թխվածքով է եկել՝ ծնողներիս ասելով, որ այն ինձ համար է: Իմացա նաև, որ երկու օրում սպառվել է գրքի ամբողջ տպաքանակը՝ 200 օրինակը, 200 մարդ գիրք է նվեր ստացել: Այո՛, գիրքը Մարդկանց նվերն էր ինձ, և ես ցանկանում էի իմ նվերը կիսել Ձեզ հետ: Պարզապես չէի կարող ենթադրել, որ այդքան մեծ թվով մարդկանց կհետաքրքրի բանտային թեման: Ուստի, ներողություն պիտի ասեմ նրանց, ում գիրք չի հասել: Եվ շնորհակալություն «Լսեք մեր ձայնը» միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու ներկաներին մեր՝ դատապարտյալների ձայնը լսելի դարձնելու համար:

Մտածում եմ՝ արդյո՞ք «Օրանժ» ընկերության ղեկավարությունից ներկայացուցիչ եղել է շնորհանդեսին: Կուզեի տեսնեին հանրության աջակցությունը, թե ինչ հետևեց իրենց կողմից թույլ տրված կեղծիքին, թե ինչպես մարդիկ հավաքվեցին ու որոշեցին շտկել անարդարությունը: Ամեն դեպքում, ես «Օրանժին» ևս գիրք եմ նվիրել՝ «Շնորհակալություն, չկա չարիք՝ առանց բարիք» մակագրությամբ:

Նոյեմբերի մեջ կախարդանք կա 

Թվերի մոգության մասին շատ եմ կարդացել, բայց երբևէ չէի մտածել, որ իմ ճակատագրում ևս թվերն իրենց դերն են խաղում:

Դատեք ինքներդ. մի՞թե պատահականություն է, որ իմ մահապատժի դատավճիռը կայացվել է 1996 թ-ի նոյեմբերի 29-ին, երբ 4 ամսում, մարդասպանի՝ 4 անգամ փոփոխված՝ 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվող ցուցմունքներից մեկի վրա Գերագույն դատարանն ինձ մահվան դատապարտեց չարածս հանցանքի համար: Շարունակությունը մռայլ է, անմարդկային, դաժան: Թվում է՝ ներսումս պիտի մեռներ ամենակարևորը՝ Հավատն ու Սերը Աստծո և Մարդկանց հանդեպ: 19-րդ տարին պայքարում եմ հանուն ցմահ Ազատության: Իսկ այժմ էլ ոգևորվում, որ ոչ անտարբեր շատ քաղաքացիներ միացել են այդ պայքարին՝ գիտակցելով, որ սա անձերի խնդիր չէ, որ արդար դատաքննությունը պետության հիմնասյունն է:

Տարիներ առաջ, երբ ինձ տանում էին «կլոր գերեզմանոց», ասացին.

- Ուշադի՛ր նայիր քո սիրելի քաղաքի փողոցներին, մարդկանց. վերջին անգամ ես տեսնում:

Եվ ես ուշադիր, թախիծը սրտումս և թաքուն արցունքները աչքերիս՝ սլացող մեքենայի պատուհանից նայում էի գիշերային Երևանին, մեր քաղաքի մարդկանց և ինքս ինձ ասում. «Վաղ, թե ուշ դու նորից ման կգաս քո հարազատ և սիրելի Երևանի փողոցներով: Անպայմա՛ն: Երդվո՛ւմ եմ»:

Եվ մի՞թե պատահականություն է, որ երկու անգամ էլ 2 տարբեր բանտերից (2004 և 2009 թթ.) փախուստ կատարելիս ընտրում եմ հենց նոյեմբերի վերջին օրերը ու կյանքս վտանգելով՝ ինձ ազատություն եմ շնորհում:  

Պատահականությո՞ւն է արդյոք, որ 2012 թ-ի նոյեմբերի 29-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմ բարձրացավ «Մհերի դուռը» բեմական ընթերցումը՝ իմ սիրելի դերասաններ Վարդան Պետրոսյանի ու Կարինե Ջանջուղազյանի մասնակցությամբ (ռեժիսոր՝ Տիգրան Խզմալյան):

Էլի կասեք՝ պատահականություն է, եթե գրեմ, որ դատապարտումիցս 16 տարի անց՝ 2012 թ-ին դարձյալ նոյեմբերի 29-ին Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հանձնաժողովը՝ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գլխավորությամբ, այցելեց ինձ «Նուբարաշենի» բանտում և հենց այդ օրը դարձա 37 տարեկան ուսանող:  

Եվ վերջապես՝ պատահականությո՞ւն է, որ «Դեպի ցմահ Ազատություն» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին «Լսեք մեր ձայնը» միջոցառման շրջանակներում:

Ես գրող չեմ, գրողական ամբիցիաներ չունեմ

Միշտ ասել եմ, որ ինձ գրող չեմ համարում, գրողական ամբիցիաներ չունեմ, պարզապես գիրը հիանալի միջոց է անարդարության մասին բարձրաձայնելու, մարդկանց հետ երկխոսելու, հասարակական կյանքով ապրելու, չխենթանալու, ֆիզիկական ազատության մեջ ապրողներիդ կյանքի հրաշքի մասին հիշեցնելու, իմ մտքերին ազատություն պարգևելու համար: Եվ թող օրհնվեն գիր ստեղծողները: Հաստատ սիրող մարդիկ են եղել:            

Որպես ապագա իրավաբան՝ ինձ պատկերացնում եմ քրեական գենետիկայի ոլորտում, ոլորտ, որը դեռ չկա Հայաստանում: Բայց նպատակներիցս մեկն է՝ մեր երկրի բուհերում ստեղծել քրեական գենետիկայի ամբիոններ՝ օգտագործելով նաև բժշկական գիտելքներս, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ կադրեր: Եվ դատարաններում մարդիկ այլևս մեկ անձի ցուցմունքով չեն դատապարտվի, ինչպես 1990-ականներին: Առաջադեմ աշխարհը վաղուց հասկացել է, որ ցուցմունքը՝ որպես ապացույցի տեսակ, քրեագիտության զարգացման հետ որևէ առնչություն չունի: Իսկ մեր նախաքննության մարմիններն ու դատարանները շարունակում են ապացույցների թագուհի համարել ինքնախոստովանական ցուցունքը:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Քանի ՀՀ-ում տիրում են անօրինական և ապաազգային իշխանությունները, որ թուրքին սպանող ազատամարտիկին 20 տարի խցում են պահում, լավ բան անհնար է սպասել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter