Եղվարդի մանկապարտեզի սաներին կերակրել են «Մուշ»-ի նրբերշիկով
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի թունավորման վերաբերյալ պարզվել է, որ թունավորման նախորդ օրը ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
Կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:
ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարած նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել