
Ստեղծագործում են անչափահաս դատապարտյալները
Այսօր Ժողստեղծագործական պետական թանգարանում բացվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում(ՔԿՀ) պատիժը կրող դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
«Աբովյան» ՔԿՀ-ում գործում է «Իրավախախտումներ կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը», որտեղ ուսուցանվում է խեցեգործություն, կավագործություն, փայտագործություն: Կենտրոնը հանդիսանում է Թեմիկ Խալափյանի հիմնած «Տրտու» հկ-ի շարունակությունը, որն այժմ հանդիսանում է Կրթության նախարարության ենթակառուցվածքը, թեպետ Խալափյանը բազմիցս դժգոհում է ֆինանսների բացակայությունից' ասելով, որ պետական ֆինանսավորումը շատ չնչին է:
Ցուցահանդեսին ներկա էին 6 դատապարտյալներ, որոնք տարբեր զանցանքներ կատարելու համար հայտնվել են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Խալափյանը հավատում է, որ միայն արվեստը, մշակույթն ու գեղեցիկը կարող են փոխել մարդուն: «Քրեական օրենսգրքում չկա այդպիսի հոդված, որը անչափահասին կամ մեծահասակին կփոխի,- ասում է նա,- միայն գեղեցիկը կփոխի մարդուն»:
Ցուցահանդեսում ներկայացված էին փայտաշեն և խեցեղեն բազմաթիվ առարկաներ, պնակներ, փոքրիկ կարասիկներ, խաչեր, սկուտեղներ:
Տասնութամյա Հրանտը երկրորդ տարին է, որ պատիժը կրում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Նա ինքն է որոշել հաճախել Խալափյանի կենտրոն: Ներկա պահին «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվում են 15 դատապարտյալներ, որոնցից ոչ բոլորն է, որ հաճախում են կենտրոնի խմբակներ:
«Ինձ դուր է եկել ու ես որոշեցի հաճախել,- ասում է Հրանտը,- սիրում եմ խաչեր փորագրել,ա վելի շատ սիրում եմ փայտի հետ աշխատել, թեպետ կավագործության խմբակի էլ եմ հաճախում»:
Դատապարտյալները, թեպետ շփվում էին լրագրողների հետ, սակայն նրանք խուսափում էին բացվել և կցկտուր պատասխաններ էին տալիս, հիմնականում պատմելով կենտրոնի հետ ունեցած իրենց ստեղծագործական աշխատանքների մասին:
«Չեմ հիշում»,- կարճ կտրեց տասնյոթամյա Արմենը' պատասխանելով «Հետքի» հարցին, թե փոքր տարիքում ինչ երազանք է ունեցել:
«Աբովյան» ՔԿՀ սոցիալական հոգեբան Կարինե Սողոյանը «Հետքին» ասաց, որ դատապարտյալների մեծ մասը իրենց մոտ հայտնվում են սոցիալական ծանր պայմանների հետևանքով: «Նրանք հիմնականում անապահով ընտանիքներից են և զանցանքներ գործում են ընտանիքում ոչ ճիշտ դաստիարակություն ստանալու հետևանքով»,- ասում է նա:
Մեկ ուրիշ դրդապատճառ է երեխայական տաքարյունության հետևանքով ծեծկռտուք սարքելն ու դրա հետևանքով դանակահարությունը: Անչափահասների շրջանում ամենածանր հանցանքը համարվում է դանակահարության հետևանքով' սպանությունը: Այժմ երկու այդպիսի դեպք կա «Աբովյան» ՔԿՀ-ում, որից մեկում առկա է դատավճիռ. 10 տարվա ազատազրկում, մյուս անչափահասը դեռևս կալանավայրում է:
Մեկնաբանել