Մոմաթերթից պատրաստված մոմերը հիմնականում հետաքրքրում են օտարերկրացիներին
Վաֆլե թխվածք հիշեցնող գլանակը մեղրաբույր է, ու առաջին իսկ պահին ատամներով փորձելու ցանկություն է առաջանում: «Առաջին մարդը չեք, որ նման տպավորություն է ունենում,- ժպտալով ասում է Անահիտ Սարիբեկյանը՝ ինձ մեկնելով պահարանի վրա շարված գլանակներից մեկը,- մոմեր են, վերցրեք համոզվեք, մոմաթերթից են պատրաստված»: Բելլան՝ Անահիտի դուստրը, հյուրասենյակի փոքր սեղանին է շարում տարբեր չափերի ու տեսքի «վաֆլե» գլանակները: Օդում տարածված մեղրի հոտն ավելի է ուժեղանում:
«Նման ձևով պատրաստված մոմեր առաջին անգամ Լյուբլյանայում էի տեսել, հետո 2003թ. առիթ եղավ նաև Ֆրանիսայի Մոնպելիե քաղաքում տեսնել»,- զրույցին միանում է Անահիտի ամուսինը՝ Ջիվան Ասլանյանը, ով «Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցացիա» հասարակական կազմակերպության հիմնադիրն է, ինչպես նաև Շիրակի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) ղեկավարը:
«Մոմեր պատրաստելը, կարելի է ասել, մեր ընտանիքի հոբբին է, հիմնականում նվիրում ենք,- ասում է Ջիվան Ասլանյանը,- իհարկե, փորձ եղել է խանութներին առաջարկելու, սակայն հրաժարվել են վերցնել՝ պատճառաբանելով, թե մարդիկ ավելի գերադասում են պարաֆինե մոմերը: Փորձնական դրվել է վաճառքի, սակայն դժվարությամբ է վաճառվել»:
Մոմաթերթ պատրաստված մոմերը թեպետ իրենց գունային բազմազանությամբ զիջում են պարաֆինե «եղբայրներին», սակայն ունեն մի շարք առավելություններ: «Թեկուզև այն, որ բակտերիաներ սպանող, օդը մաքրող հատկություն ունեն,-տեղեկացնում է Ջիվան Ասլանյանը,- հետո ավելի թեթև են, անմնացորդ այրվում են, իսկ գույները պայմանավորված են հումքով՝ բաց դեղնավունից մինչև մուգ մեղրագույն: Եթե բնական հումքից ես պատրաստում, իմաստ չունի արհեստական տարրեր խառնելը, գույներ, փայլեր տալը»:
Իսկ ամեն ինչ սկսվեց 12 տարի առաջ, երբ հիմնվեց Արթիկի մեղաբույծների ասոցացիան: Հիմնական նպատակը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մեղվաբույծներին և ֆերմերներին միավորելն էր, ծագած խնդիրները համատեղ լուծելն ու աշխարհի փորձը հնարավորության դեպքում տեղայնացնելը:
![]() |
| Ջիվան Ասլանյան |
«Մեղվաբույծներին միավորելը բավական բարդ բան է: Ամբողջ աշխարհում նրանք հայտնի են իրենց բարդ բնավորությամբ: Թերևս պատճառը մենատնտես լինելն է, կոլեկտիվ աշխատանքը նրանց խորթ է, բացի դրանից էլ մի քիչ պարծենկոտ են, սիրում են գովել իրենց արտադրանքը, դժվարությամբ են մրցակցի արտադրանքին դրական գնահատական տալիս, իրենցն ամենալավն է,- Ջիվան Ասլանյանը ժպտում է,- սակայն փորձն ու տարիները ցույց տվեցին, որ միավորվելը ճիշտ է, որ մշտական շփումները, փորձի փոխանակումը միայն դրական ազդեցություն է ունենում: Հատկապես օգտակար են երկու տարին մեկ արտերկրում անցկացվող համաշխարհային կոնֆերանսները՝ նվիրված մեղվաբուծության հիմնախնդիրներին»:
Տարբեր տարիներին մեղվաբույծների համաշխարհային կոնգրեսի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին (Ափիմոնդիա) մասնակցելը նախ մոմաթերթի արտադրամաս հիմնելու գաղափարի հիմքը դարձավ: Նման արտադրանք ապահովող երկու-երեք ձեռնարկությունները գործում էին Երևանում: Տեղում ստեղծվելիք արտադրամասը միտված էր հեշտացնելու Շիրակի մարզի մեղվաբույծների գործը: Այլևս հարկ չէր լինի մոմաթերթի համար հասնել մայրաքաղաք:
Կարևոր հանգամանք էր նաև արտադրանքի որակը: Դրսից, հատկապես` Ռուսաստանից, բերված մոմաթերթից հայ մեղվաբույծները դժգոհ էին: Ռուսական արտադրության մեջ օգտագործվում էր նաև պարաֆին, իսկ, ինչպես հայտնի է, մեղուն կտրականապես հրաժարվում է նման մոմաթերթերի վրա «աշխատել»: Որակյալ մոմաթերթի արտադրությունը տեղում կազմակերպելը դարձել էր հրատապ խնդիրներից մեկը:
2007թ. մրցակցային դրամաշնորհներ ծրագրի շրջանակներում Ջիվան Ասլանյանի ջանքերով Արթիկում հիմնվեց «Մեղվաբջջային մեղրի, մոմաթերթի արտադրության և փաթեթավորման կենտրոնը»: Այն իրականություն դարձավ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շնորհիվ: Արտադրամասի ղեկավարումը ստանձնեց Անահիտը՝ Ջիվանի կինը, ով Արթիկի դպրոցներից մեկում աշխարհագրություն է դասավանդում:
![]() |
| Անահիտ Սարիբեկյան |
«Դե չէի ասի, թե աշխարհագրությունն ու տնտեսագիտությունն իրարից հեռու են,- դիտարկմանը, թե արդյոք համատեղելի էին նրա երկու աշխատանքները՝ Անահիտ Սարիբեկյանը նկատում է,- ընդհակառակը՝ բավական սերտ կապված են իրար: Բացի այդ էլ, դպրոցի լարված առօրյայից հետո արտադրամասում տիրող մթնոլորտը բավական հանգստացնող է: Հետո էլ միջավայրդ է փոխվում. դպրոցում աշակերտների հետ ես շփվում, այստեղ՝ մեղվաբույծների: Աշխատանքն առավել հետաքրքիր դարձավ, երբ Ջիվանն առաջարկեց փորձել մոմեր պատրաստել մոմաթերթից»:
Փոքրիկ այս ձեռնարկության սիրտն ու հոգին Ֆեոդորա Ղալմուխյանն է՝ Անահիտի հարազատ քույրը: Լինելով ձեռնարկության հաշվապահը՝ Ֆեոդորան զբաղվում է նաև դիզայներական աշխատանքով: Մոմաթերթի պատրաստումը ստանդարտ գործընթաց է, իսկ ահա մոմերի ձևավորման, արտաքին տեսքի դիզայնի ապահովումը բոլորովին այլ գործառույթ է: Հենց այս գործընթացի պատասխանատուն է Ֆեոդորան:
![]() |
| Ամուսինների հիմնած արտադրամասը |
«Երբ որոշեցինք, որ պետք է փորձենք նաև մոմեր պատրաստել, ես Եվրոպայից հետս կաղապարներ բերեցի, 4 տեսակ են, շատ չեն: Մնացած ամեն ինչը ձեռքի աշխատանք է, այ հենց էդ ձեռքի աշխատանքն է, որ առավել է գնահատվում, էն ինչ փորձում ես ստանալ դեռևս փափուկ մեղրանյութից: Ու ամեն անգամ հենց այցելում եմ արտադրամաս, Ֆեոդորան մի նոր առաջարկով դիմավորում է, նայում ենք, քննարկում ենք ու հետո իրականացնում ենք»,- նշում է Ջ.Ասլանյանը:
Մոմերից մեկն առանձնացնելով՝ Անահիտը ցուցադրում է վրայի նախշերն ու ծիծաղելով բացատրում, որ «վերսաչե» կոչվող ոճավորմանը գնացել են՝ հաշվի առնելով հայ կանանց նախասիրությունները: Նոր տարուն ընդառաջ մոմե տոնածառեր ունեն, Զատիկի տոնի խորհուրդին համահունչ այս տարի գարնանը փորձեցին մոմերին ձվի տեսք տալ, իսկ հիմնականում գերակշռում են եկեղեցական թեմաները՝ հրեշտակներ, խաչերի պատկերներ և այլն:
Ասլանյանների դուստրը՝ Բելլան, ով մոմերի բուն արտադրության մեջ որևէ մասնակցություն չունի, այս տարի հոկտեմբերին Երևանում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքին որոշել էր աջակցել ընտանիքին և հավուր պատշաճի ներկայացնել ընտանեկան ձեռնարկության արտադրանքը: Օտար լեզվին տիրապետելը սպասածից մեծ արդյունք էր ապահովել: Ցուցահանդեսի ժամանակ մոմերը հիմնականում գնել էին օտարերկրացիները:
«Ես ուղղակի նկատեցի, թե մեր կողքի տաղավարում որքան են նեղվում օտարերկարցիների հետ շփվելիս: Իմ անգլերենը թույլ էր տալիս հնարավորինս բացատրել մեզ մոտեցած օտարեկրացիներին, թե մոմերն ինչից են պատրաստված, ինչ ենք իրենց առաջարկում ընդհանրապես,- պատմում է Բելլան,-ասեմ, որ հիմնականում արտասահմանցիներն էլ գնել են: Հայերը հետաքրքրվում էին, բայց չէին գնում, ասում էին թանկ է»:

Այն որ, մեղրամոմերը դժվար են վաճառվում, Ջիվան Ասլանյանին չի զարմացնում: «Ես մի տեղ կարդացել եմ, որ մեղրամոմից պատրաստված մոմեր օգտագործելը խոսում է գնորդի նյութական ապահովվածության և բարձր ճաշակի մասին: Մեր մոտ էլ հակառակի նման հենց ճաշակ ունեցողներն են, որ զուրկ են նյութական ապահովվածությունից, նման մարդկանց մենք նվիրում ենք, ու շատ հաճախ իմ նվիրելու արագությունն ու իրանց պատրաստելու արագությունն իրար չի բռնում: Ես ավելի արագ եմ դա անում»,- զրուցակիցս ծիծաղում է:
Ցուցահանդեսի օրը 18 հատ մոմ են վաճառել, հատը` 2500 դրամ արժեքով, մի մասն էլ նվիրել են: Բելլան մի քանի կայքեր է նայել, որտեղ մեղրաթերթից պատրաստված մոմերի վաճառքի գները հասնում են մինչև 100 ԱՄՆ դոլարի: «Մեր մոտ 2500 դրամը համարվում է թանկ գին, բայց ես գիտեմ, որ որոշ մոմեր՝ պատրաստված պարաֆինից, միմիայն դիզայնի շնորհիվ Հայաստանում գնում են 2500 դրամից էլ թանկ արժեքով,- նկատում է մասնագիտությամբ արվեստաբան Բելլան,- ամբողջ աշխարհում հիմա բնական նյութերից իրերը, էկոլոգիապես մաքուր սնունդը թանկ է գնահատվում, պարզ է, որ մեղրամոմն էլ պիտի ավելի թանկ լինի, քան պարաֆինը»:
Ջիվան Ասլանյանն այժմ մտածում է փաթեթավորման ուղղությամբ: Եթե մատուցեն գեղեցիկ ձևավորված տուփերով, գուցե կարողանա՞ն իրենց արտադրանքը շուկա հանել: Իհարկե, դրանից հետո մոմի ինքնարժեքն ավելի կբարձրանա, ի վերջո հումքն ևս, որից պատրաստվում է, նույնպես էժան չէ, դրան կգումարվի նաև փաթեթավորումը: Շուկան, որտեղ այն կիրացվի, ևս պրոբլեմային է, Ասլանյաններն առայժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր տարբերակները: Առայժմ, այն ինչ անում են, պարզապես հոբբի է:
«Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ հնարավորություններով, սակայն դա չի նշանակում, որ չպետք է գաղափարներդ իրականություն դարձնես: Կփորձեք ելքեր գտնել»,- զրույցն եզրափակում է Ջիվան Ասլանյանը:
Առաջին լուսանկարում` Բելլա Ասլանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել