Արտաշես Գեղամյանը տխրելու առիթ չունի. Չերչիլն էլ է ընտրություններում պարտվել
Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շատ հնարավոր է համարել ՀՀԿ-ին միանալու հեռանկարը: Մյուս կողմից լուրեր են շրջանառվում, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը Հանրապետականի ցուցակով մտնելու են խորհրդարան: Այսօր Ազգային ժողովում լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող են տալ այս երեք քաղաքական գործիչները ՀՀԿ-ին:
«Դուք տվեցիք երեքի անունները, բայց ես կարող եմ նշել մի քանի տասնյակ քաղաքական գործիչների անուններ, որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, եւ մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել: Մեր թիմի ղեկավար Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը համախմբող կուսակցություն է, եւ այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցելու՝ մեր երկրի ապագան կառուցելու գործում, մենք նույնպես պատրաստակամ ենք այդ գործում»,-ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ դրանով է պայմանավորված, որ ՀՀԿ-ն, լինելով մեծամասնություն, խորհրդարանում կազմեց կոալիցիա եւ հրավիրեց ոչ կուսակցական նախարարների:
Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ վերը նշված քաղաքական գործիչները քաղաքական դաշտում լուսանցքից դուրս են, եւ արդյո՞ք Հանրապետականը նրանց է ապավինում:
«Դուք չէ, որ պիտի գնահատական տաք, թե ով է լուսանցքից այս կողմ կամ այն կողմ: Ժողովուրդն է ընտրությունների միջոցով տալիս իր գնահատականը, եւ մենք էլ հաշվի ենք առնում, թե ինչպիսին է հանրության գնահատականը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Նրանք քաղաքական գործիչներ են, որոնք ունեն փորձ, հեղինակություն եւ անցել են մեծ ճանապարհ»,-հավելեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ողբերգություն չի համարում, որ վերը նշված քաղաքական գործիչները նախորդ ընտրություններում պարտվեցին եւ տեղեր չունեցան խորհրդարանում: Վարչապետի ասելով՝ նույնիսկ աշխարհահռչակ քաղաքական գործիչներն են ընտրություններում պարտվել: «Հազարամյակի լավագույն քաղաքական գործիչը, որը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում՝ Չերչիլը, ընտրությունների ժամանակ պարտվել է, դրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել