HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքարել ու շարունակելու եմ պայքարել ՀՀ քաղաքացու իրավունքներով և պաշտպանվելու ՀՀ օրենքներով

Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի կինը` Սվետլանա  Հակոբյանը բաց նամակը գրել ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին,  Արդարադատությաn նախարար Հ. Մանուկյանին, Մարդու իրավունքներ պաշտպան Կ.Անդրեասյանին,   ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանին, Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանին,  Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի. 

«Հարգելի իրավապահներ, պետական այրեր, որպես ՀՀ քաղաքացի ուզում եմ ,որ ՀՀ օրենքները գործեն իրենց ողջ ուժով և հստակությամբ: Համաձայն ՀՀ սահմանադրության Հոդված 49-ի՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:  Հոդված 14.-ի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Հիշեցնեմ նաև մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից. «Հոդված 7- Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն»:

Չգիտեմ լամ, թե խնդամ այս պատմության ողջ ճշմարտության վրա:

2004թ. Ամուսնուս` Կ.Բադալյանի միջնորդությամբ 2800 ԱՄՆ դոլարով Ս. 
Ծաղիկյանինը ձեռք է բերում է ռուս նկարիչների Ա.Դեյնեկայի  և Պ. Կոնչալովսկու վրձնին պատկանող 4 գեղանկարներ: Գեղանկարները ենթարկվում են փորձաքննության, դրանց բնօրինակ լինելը 2005թ. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաստատում է: Նկարների փորձաքննությունն իրականացրել է ոմն Մեքինյանը, որը և երկրից արտահանել է ՌԴ /2005թ.հունվար/: Այդ գործընթացի մասին տեղյակ չի եղել ամուսինս՝ Կ. Բադալյանը, առավել ևս, որ նա չի ճանաչել ու չի ճանաչում Հ.Մեքինյանին: Ս.Ծաղիկյանը այս փաստերը միտումնավոր թաքցրել է հետագա իրավական գործընթացների ժամանակ` մասնավորապես` քր. գործ. 26.10.2009թ. Կենտրոն քննչական բաժնի ավագ  քննիչ Ռ.Նազարյանից, ապա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Ղազարյանից, որպեսզի ձեռք բերի իր համար  ցանկալի ու շահավետ որոշում: Այս փաստը մեզ հայտնի դարձավ  ի պատասխան փաստաբան Ս. Սաֆարյանի հարցման «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած 29.03.2011թ. 02-2/07 գրությամբ: Այժմ Ս. Ծաղիկյանը փորձում է այս պատմության մեջ ներգրավել ամուսնուս՝ Կ.Բադալյանին, որպեսզի  դարձյալ այս ամբողջ գործընթացի մեղքի բաժինը բարդի նրա վրա:

Չեմ ուզում հավատալ, որ կախված մարդու դիրքից ու դերից, սոցիալական խավի պատկանելությունից ՀՀ օրենքները  փոփոխական են, բայց, ավաղ, դա կարծես  այդպես է քանի որ ոմանք փորձում են դա ապացուցել, հանձին՝ Սլավոնական համալսարանի իրավաբան դասախոս, երբեմնի դատախազ Ստեփան Ծաղիկյանի, ով սուտ հորինվածքներով ձեռք է բերում իր օգտին շահավետ որոշում, որը հաջորդական բնույթ է կրում` մի կեղծ որոշումը հաջորդում է մյուսին: Գուցե Ս.Ծաղիկյանը և իր թիմակից անդամները կարգախոս ունեն՝ «ՀՀ օրենքներն ափի մեջ»: Զավեշտալին այն է, որ մյուս կողմից Կ.Բադալյանիի համար կարծես ոչ մի որոշում չկա կայացված: Արհամարհելով ՀՀ  օրենքները և նրա ողջ ուժը,  այնուևամենայնիվ, Ս.Ծաղիկյանին հաջողվում է ձեռք բերել իր համար հաճո որոշումներ: Իսկ կատարողներն  այնքան անզոր են պարտադրողի ճնշմանը, որ անգամ աչք են փակում սեփական վարույթում գտնվող գործի մասնագիտական կողմնորոշման վրա,  վտանգելով ու կասկածի տակ առնելով  մասնագիտական գիտելիքներն ու  որակավորումը, անտեսելով այն փաստը, որ ի վերջո գալու է իրենց արդարացման և պատասխան տալու ժամանակը ՀՀ օրենքների առջև:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Ղազարյանի «արդար» մուրճի հարվածով և «իր ներքին համոզմամբ» 2010 թ. թիվ ԵՔԱԴ/0453/02/10 գործով վճիռ կայացրեց, որ Կ. Բադալյանը պետք է հատուցի Ծաղիկյանին պատճառած վնասը, այն է՝ 10,000  ԱՄՆ դոլար և բռնագարձում տարածեց Կ. Բադալյանի ողջ ունեցվածքի վրա, այն է՝ բնակարան: Այժմ Ս. Ղազարյանը իր փրկությունն  ու արդարացումն է ուզում գտնել ԱՄՆ-ում: Մեզ մնում էր ուրախանալ, որ 10.000 ԱՄՆ դոլար էր և ոչ 100.000 ԱՄՆ դոլար:

Մեծ հուզմունքով և բավականին զուսպ զայրույթով, համառությամբ, դեռևս 2009 թվականից մինչ օրս փնտրում ենք արդարություն՝ արդարության դաշտում…Պայքարում ենք  խեղաթյուրված, իրականության հետ ոչ մի կապ չունեցող փաստերի և կեղծ ապացույցների ուժով  ձեռք բերված վճիռների դեմ: Իրավական ուժ  ստացած վճիռը  խաթարել է   ընտանիքիս անդորրը, վտանգելով  նրա  ապագան, ու այժմ ընտանիքս կանգնած է  տանիքը կորցնելու լուրջ խնդրի առաջ:

Արդարության խամաճիկները մանևրում են արդարության նկատմամբ, բայց իրականում…..Իրականում թվում է, թե արդարությունը լայն ու անսահման լպրծուն դաշտ է, ուր ամեն ինչ ճկուն է ու անորսալի, որ ոչ մի  հնարավորություն չկա կառչելու իրական փաստերից  ու աներեր կանգնելու սեփական ճշ,արտացիության վրա:

Հանգիստը կորցրած շարքային քաղաքացու  հուսահատությությունն անսահման է, անգամ ունենալով հիմնավոր արժանահավատ փաստեր, վերջինս չի կարող պաշտպանել իր շահերը: Իրավական համակարգը հանդուրժում է ոմանց, ովքեր «ավերիչ մեքենա» են դարձել համակարգում, որոնք հաղթահարում են նույնիսկ «անանցանելին» և իրենց ետևից թողնում մի միայն ավեր, դառը, անդառնալի հետք: Այդ «անպարտելիները» անցնում են անկարելիի սահմանը, անզսպորեն զարկ են տալիս իրենց կարող ուժին, ոտնակոխ անում կամ շրջանցում ՀՀ օրենքները: Բացառելով մարդկային արժեքները՝ նրանք ոչնչացնում են ամեն ինչ և ամենքին, ովքեր անհաճո են իրենց կամ  համեստ են, ում վիճակված չէ անբարո լինել:

Հիմք ընդունելով առաջին ատյանի ֆորմալ որոշումը՝ և՛ վճռաբեկ, և՛ վերաքննիչ դատարանները, անտեսելով բոլոր հիմնավոր կեղծարարությունները, բավարարեցին Ս. Ծաղիկյանի «արդարացի պահանջը», մեղավոր ճանաչվեց Կ.Բադալյանիը, ով միջնորդ էր հանդիսացել նկարների առքուվաճառքի ժամանակ,/գուցե կրկնեմ/այն դեպքում, երբ վերոհիշյալ նկարները Հայաստանից «շրջագայության» էր տարել ոմն Հ.Մեքինյանը, ում կողմից 2005թ. ՀՀ փորձաքննությամբ պարզվել է, որ նկարները օրիգինալ են, իսկ ՌԴ բավականնին լավ պտտվելուց հետո Դիաննա Ծաղիկյանի անմիջական մասնակցությամբ,  նրանք «լավ հոգնելուց» հետո նորից վերադարձել էին Հայաստան` Երևան: Մեզ հարկավոր է իմանալ՝ ՌԴ-ում արդյոք ի՞նչ նկարներ են անցել փորձաքննության 2005թ. և 2007թ., կամ անցե՞լ են, թե՞ ոչ, կամ Ս. Ծաղիկյանի կողմից 21.08.2009թ. ինչ նկարներ են տրամադրված եղել իրավապահ մարմիններին, որ վերջիններիս կողմից անցկացվել է փորձաքննություն նույն «Մշակութային Արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից և չեն համապատասխանել 2005թ. փորձաքննության ենթարկված եզրակացություններին, որը նույնպես կատարվել է նույն «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Որն է այն ուժը, այն բարոյականությունը, որը պիտի զսպի ամենաանպարտելի և  ամենակարողի հիվանդագին տենչը: Գուցե դա պաշոնյայի բարդույթի գործոնն է, որը փոխարեն տղամարդավարի ընդունի իր սխալը և պարտությունը, օգտագործում է համախոհների ուժերը և պիղծ կեղծիքներով ջանում հաստատել իր «արդարացի լինելը» և գուցե ուզում կամ ջանում է համոզվել իր կայացած-մասնագետ լինելը համակարգում:

Ես գիտեմ, որ համակարգում կան արդարության ջատագովներ, որոնց ջանքրեը թույլ չեն տա անօրենների վխտոց և որ իրենց շարքերից կհեռացնեն էդպիսիններին, ովքեր փորձում են պղծել ու անարգել, ցեխ շպրտել գործող իրավական համակարգի արժանապատվության վրա և թելադրել իրենց կանոններն ու օրենքները:

Մեզ մնում է հավատալ, վստահել,  սփոփվել իրավական դաշտում բարոյական նկարագրի տեր մասնագետների շնորհիվ, որոնք իրենց  արդարացի կեցվածքով հույս են տալիս մեզ՝ քաղաքացիներիս արդարության համար պայքարել ՀՀ օրենքներով, որը թույլ կտա շուտով տեսնել, շոշափել իրական արդարությունն ու արդարադատությունը:

Այժմ գործը գտնվում է հետևյալ փուլում.

ՀՀ Գլխավոր դատախազության   Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Բրուտյանն ուսումնասիրել է սույն գործի մանրամասները և Ստեփան  Ծաղիկյանի կողմից ապացույցներ կեղծելու և խաբեությամբ Կ.Բադայլանին գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու փաստի  առիթով 16.05.2014թ. հարուցել  թիվ  61202514 քրեական գործը: Քրգործի հետագա ընթացքը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնական քննչական բաժին, ապա  վստահվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ և  Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Խ. Մեջլումյանին: Խիստ կասկյածելի էին թվում Խ. Մեջլումյանի հապաղումները` 61202514 քրգործին պատշաճ ընտացք տալու, Կամո Բադալյանին տուժող ճանաչելու, իսկ Ծաղիկյանին մեղադրյալ ճանաչելու վերաբերյալ: Ուստի ամուսինս` Կ. Բադալյանը և  փաստաբան Ս.Սաֆարյանն բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  Ս. Ծաղիկյանի և Կ. Բադալյանի կարգավիճակի  վերաբերյալ: Նույն դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի կողմից 29.10.2014թ թիվ  ԵԱՔԴ/0069/11/14 հայցը բավարարվեց մասնակի և պարտադրվեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Խ. Մեջլումյանին Կամո  Բադալյանին ճանաչել տուժող և հիշյալ քրգործում ներգրավել որպես տուժող: Ավագ քննիչ Խ.Մեջլումյանը  10.11.2014թ. կայացնում է որոշում՝ վերոհիշյալ քրգործում Կ.Բադալյանին ներգրավում որպես տուժող, ապա իր իսկ կազմած արձանագրությամբ ծանոթացնում է տուժողի իրավունքների և պարտականությունների հետ, որի տակ ստորագրում են Կ.Բադալյանը և Խ.Մեջլումյանը: Ու հանկարծ 7 օր հետո՝ 17.11.2014թ. մենք ստանում  ենք մեկ այլ որոշում, որով տեղեկանում ենք, որ թիվ 61202514 քրեական գործը կարճվել է:

Անակընկալը շփոթեցրեց մեզ, փոխարենը մենք սպասում էինք Կամո Բադալյանին՝ որպես տուժող հարցաքննվելու ծանուցմանը, իսկ ավագ քննիչ Խ.Մեջլումյանը մեր պնդումներին այդպես էլ ընթացք չտվեց Կ. Բադալյանի և Ս.Ծաղիկյանի առերեսման վերաբերյալ, այլ Գյուլնազ տատի հեքիաթներով կայացրեց  հապճեպ որոշում, որի ձեռագիրը մեզ քաջ ծանոթ էր, Ս.Ծաղիկյանը նույն կերպ է վարվում, ինչ 09.06.10թ. ԵԱՔԴ/0453/02/10 Ս. Ղազարյանի  վճիռ, սուտ հորինվածքներով և կոպիտ սխալներով կայացված մի որոշում, որի կրողն ենք մինչ այժմ: Հավելեմ նաև ավագ քննիչի կայացրած հեքիաթ-որոշման մեջ անգամ չի շոշափվում Կ. Բադալյանի տուժող լինելու հանգամանքը, որը կայացրել է ՀՀ դատարանը և վճռել ՀՀ օրենքներով:

Այժմ  գործը գտնվում է բողոքարկման փուլում, որը 02.12.2014թ. փաստաբանի և Կ.Բադալյանի կողմից ներկայացված է Երևան քաղաքի դատախազ պարոն Ա.Դավթյանին՝ խնդրելով վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 17.11.2014թ.թիվ 61202514 որոշումը:

Այս մասին մենք լռել չենք կարող և ցանկանում ենք հնարավորինս իրավական համակարգի ուշադրությունն հրավիրել այս խնդրի վրա և  ընտանիքիս կողմից խնդրել վերջինիս օգնությունն ու աջակցությունը:

Խնդրում ենք Ձեզ՝ ՀՀ օրենքրի  երդվյալ պաշտպաններ, թույլ մի տվեք կեղծ որոշումներով իմ ընտանիքին վնասեն անօրենները ու թողնեն մեզ առանց տանիքի, քանի որ սույն գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Ա.Հունանյանի 24.09.2012թ գործ/2601/02/11 որոշումով իրականացվելու է դատաշինարական և դատաապրանքագիտական փորձաքննություն, և որով որոշվելու է մեզ պատկանող տան ճակատագիրը, բնականաբար մերը ևս:

 Խնդրում ենք տվեք մեզ հստակ պատասխան, որպես շարքային քաղաքացի, ինչպե՞ս կարող ենք պայքարել և պնդել այն ՀՀ օրենքները, որոնք բխում են Կ.Բադալյանի շահերից, որպեսզի դրանց բնականոն  ընթացքը չխաթարվի, այլ արդարությամբ և արդարադատությամբ ունենա պատշաճ ընթացք, անկողմնակալ լուծում: Կ.Բադալյանի շահերը պաշտպանող վճիռները, որոնք կայացվել են ՀՀ իրավական ուժ ունեցող դատարանների կողմից և մի միայն ՀՀ օրենքներով, դիտվեն լիարժեք, փոխարենը վերանայվեն քրեական գործերը, որոնք  մտնում են փակուղի կամ կարճվում են:

Ակնկալում եմ Ձեր գործուն միջամտությունը:

 Կանխավ շնորհակալություն: 

Քաղաքացի Սվետլանա  Հակոբյան,   091.57.43.19 ,                                                                                                                           5.12.2014թ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter