HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահակաշվիլիին քննադատելու փոխարեն` վարչապետը հավասարակշռության կոչ արեց հայ պատգամավորին

«Եթե մենք Ռուսաստանի հետ կոմպրոմիսի գնայինք, կլինեինք նույնչափ աղքատ, որքան Հայաստանը», «Մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը փլուզվեց, իսկ Վրաստանը դիմակայեց; Վրաստանը կփրկվի էլ ավելի ծանր վիճակներից», «Եթե մեր կառավարությունը լիներ, արդյոք երկու ժամում չէր մաքրի տարածքը (խոսքը Տավուշի մարզում սողանքի փլուզման մասին է): Տեսեք, որքան ժամանակ ոչ ոք չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են, բայց մի քանի ժամում կարող էինք լուծել ավելի բարդ խնդիրներ, իսկ Հայաստանից դրա համար երկու շաբաթ պահանջվեց, ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»: Սրանք Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին շրջանում արած հայտարարություններն են Հայաստանի մասին:

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց եւս մի քանի մեկնաբանություններ, որոնք արվել էին Սահակաշվիլիի` վերը նշված հայտարարությունների առնչությամբ:

Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կառավարությունը գնահատում Վրաստանի նախագահի նման հայտարարությունները:

Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա կոչ արեց քաղաքական գործիչների հայտարարությունների նկատմամբ լինել շատ զգուշավոր: «Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք, մինչեւ այս ամբիոնից մեր հարեւան երկրի նախագահի հայտարարության վերաբերյալ հայտարարություն անելը, խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրել եւ ձեզ հետ միասին լինենք խիստ հավասարակշիռ: Պետք է ամեն ինչ անենք, որ հայ-վրացական հարաբերությունները խորանան, զարգանան, ընդլայնվեն, որովհետեւ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ԱԺ ամբիոնից նպատակահարմար չէ այնպիսի արտահայտություններ հնչեցնելը, գնահատականներ տալը, որոնք չեն նպաստում հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Շիրակ Թորոսյանն էլ հավելեց, որ գնահատում է վարչապետի հավասարակշիռ մոտեցումը, պարզապես պետությունների հավասարակշռությունը, կոռեկտությունը երկկողմանի պետք է լինի: «Մեր կողմից միշտ պահպանվում են հավասարակշռություն եւ կոռեկտություն, բայց երբեմն վրացական կողմից խախտվում է, իմ մտահոգությունը սա է»,- ասաց Շ. Թորոսյանը:

«Ես համաձայն եմ ձեզ հետ, որ կան բազմաթիվ հարցեր հայ-վրացական հարաբերություններում, որոնք ստանում են լայն արձագանք, այդ թվում՝ լրատվամիջոցներում, եւ արժանանում են տարբեր սուր գնահատականների: Բայց քաղաքական գործիչների պարտքն այն է, որ չտրվեն էմոցիաներին, այլ դիվանագիտական խողովակներով, երկկողմ հարաբերությունների միջոցով գտնեն լուծումներ եւ շտկեն»,- հավելեց Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

Baron
Ays depqum karcum em varchapet@ chisht e - Vrastani naxagahi asacner@ hamapatasxanum en mer aysorva irakanutyan@...)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter