HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախցի ֆերմեր. «Կամ պետք է բանակում ծառայես, կամ գյուղատնտեսությամբ զբաղվես»

Արցախյան պատերազմից հետո, երբ վերջնականապես լուծարվեցին բոլոր կոլտնտեսությունները, ամեն մի գյուղում, ելնելով բնակլիմայական պայմաններից ու ռեսուրսներից, որոշ անհատներ սկսեցին զարգացնել գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը։

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, նախկին վարորդ Սուրիկ Զարգարյանը բանակից զորացրվելուց հետո որոշեց անասնապահությամբ զբաղվել։ Հինգ կովից սկսելով` այսօր նա նախիրը հասցրել է 70-ի։ Տարիների ընթացքում անասնապահությունը դարձել է Զարգարյանների ընտանեկան բիզնեսը և եկամտի միակ աղբյուրը։

«Եթե Ղարաբաղում ես ապրում, ապա երկու տարբերակ ունես` կամ պետք է բանակում ծառայես, կամ գյուղատնտեսությամբ զբաղվես, այլապես պիտի սոված մնաս։ Դե ես էլ հորս հետ սկսեցի մեր եղած անասունները շատացնել։ Անասնապահությունն էլ դարձավ մեր հիմնական եկամտի աղբյուրը։ Ճիշտ է, հարուտ չենք, բայց մեր հացի փողը կարողանում ենք վաստակել»,- ասում է Սուրիկը՝ հայացքով ցույց տալով համեստ կահավորված տունը։

Մինչև Բերդաշեն մտնելը հողե ճանապարհի աջ մասում խորհրդային տարիներից մնացած ֆերմաների շինություններ են, որոնք այսօր էլ բերդաշենցիները որպես գոմ են  օգտագործում։ Այդպիսի տիպային շինություններից մեկն էլ Զարգարյաններինն է։

Կեսօր էր, երբ հասանք ֆերմա։ Վաղուց արդեն Սուսաննան կովերը կթել ու գոմը մաքրել էր։ Նա ամուսնու հետ երեք տարի առաջ է Էջմիածնից տեղափոխվել Բերդաշեն եւ աշխատանքի անցել Զարգարյանների ֆերմայում: Գոմին կպած սենյակում է ապրում Սուսաննան ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ։ Փոքրիկ սենյակում, չնայած դրսի ցրտին, փայտե վառարանը չէր վառվում։ Մահճակալներից մեկի վրա փոքրիկն էր քնած։ Իսկ 4 տարեկան աղջնակը նստել էր մոր կողքին և ուշադիր հետևում էր, թե ինչպես է վերջինս շյուղերով գուլպա գործում։

Մեր մտնելուն պես նա մի կողմ դրեց շյուղերն ու շտապեց մեզ ընդառաջ։

Սուրիկ Զարգարյանի խոսքով` անասուների գլխաքանակը ավելացնելուց հետո ստիպված էին օգնականներ վարձել։ Սուսաննայի ընտանիքն իրենց հեռու բարեկամներն են, ովքեր ՀՀ-ում աշխատանք չունենալու պատճառով տեղափոխվել են Բերդաշեն։

Մինչ Սուսաննան գոմում մնացած հորթերին ու խոզերին էր կերակրում, ֆերմերը պատմեց, որ այս տարի անասնակերի խնդիր ունեն, ու եթե ձմեռը ցրտաշունչ եղավ, վնաս են կրելու։

«Այս տարի երաշտի պատճառով չենք կարողացել անհրաժեշտ քանակությամբ անասնակեր կուտակել։ Ես իմ ուժերով 450 տուկ հասցրել եմ կապել, մի այդքան էլ շրջվարչակազմի տրամադրած խոտհարքից եմ բերել։ Ընդհանուր մոտ 1000 տուկ անասնակեր ունեմ, այնինչ ձմեռը հանելու համար ամենաքիչը 2000 տուկ է պետք։ Միակ հույսս մեղմ ձմեռն է, այլապես կորած ենք»,- ասում է Սուրիկ Զարգարյանը։

Ֆերմերը պատմում է, որ ելնելով շուկայի պահանջարկից` մեկ մսի, մեկ կաթնամթերքի արտարդությամբ են զբաղվում։ Ներկա դրությամբ առանց խնդիրների միայն կաթն են իրացնում։ Արդեն քանի տարի է` տեղական «Առաջնեկ» ընկերությունը բավականին ձեռնտու գնով գյուղացիներից ընդունում է կաթը։

«Մսի հարցը մի քիչ դժվար է։ Ճիշտ է, հիմա կա Ստեփանակերտի մսամթերման կետը, բայց այնտեղի գները, մանավանդ երբ կով ես հանձնում, հաշվի դեն ես նետում, էնքան ցածր են գնահատում։ Բայց դե առավելությունն էն ա, որ ժամանակին վճարում են։ Մսագործներին հանձնելը միգուցե գումարի առումով ձեռնտու է, բայց մինչև մեկին գտնում, համոզում ես, հետո մի երկու ամիս էլ հետևից վազում ես, մինչև կարողանում ես գումարդ վերցնես»,-բացատրում է զրուցակիցս։

Բերդաշենի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղում ներկա դրությամբ կա մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Համայնքապետը բացատրում է, որ քանի դեռ խանութներում սովորական ջուրն ավելի թանկ արժե, քան գյուղացուց գնվող կաթը, վերջինս շահագրգռված չի լինի անասունների գլխաքանակն ավելացնել։

Առաջին լուսանկարում Սուսաննան է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter