HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ քննչականը ճնշում է գործադրում

Պաշտպանության նախարարության գլխավորած ՊՆ քննչական ծառայությունը իսկական մի արշավ է սկսել Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ անդամ լրագրողների դեմ, տարբեր քրեական գործերով նրանց «բերման ենթարկելով» որպես վկա: Քննչական ծառայություն կանչելու մեթոդներն ու ձևերը տարբեր են: 

Օրինակ, իմ դեպքում «ահաբեկչական» միջոցառում էր ձեռնարկվել` հոգեբանական ճնշում գործադրելու մեթոդով`ոստիկաններ ուղարկելով բնակարանի հասցեով, որպեսզի վերջիններս ինձ պարտավորեցնեն գնալ ՊՆ քննչական ծառայություն, այն դեպքում, երբ գոյություն ունի պատշաճ ծանուցման կարգ: Այսինքն, պատշաճ ծանուցում չեմ ստացել ծանուցագրի տեսքով: Մինչ այս, ինձ փորձում էին հարցաքննության կանչել քննիչի զանգով, ինչը ես բնականաբար մերժել էի: 

Այս օպերացիան ստանձնել է ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ մայոր Արմեն Հարությունյանը, իսկ ընթացքի վերաբերյալ տեղյակ են պաշտպանության համակարգի և դրան առնչվող այլ կառույցների ներկայացուցիչներ ևս: 

Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 17-ին Ա1-ի կազմակերպած քննարկումից, որտեղ գեներալ մայորը հայտարարեց, որ իբր, ես եմ Ժորա Մկրտչյանի հորը հայտնել Եղնիկներ զորամասում որդու նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին: Իհարկե, փորձառու գեներալը իր խոսքին հավելեց նաև, թե «գուցե Ժաննա Ալեքսանյանը տեղեկություններ ունի այդ մասին»: 

Հայտնի է, որ զինծառայողի նկատմամբ տեղեկությունը հոկտեմբերի 9-ին տարածել է www.henaran.am կայքը` իր http://henaran.am/?p=42140հրապարակման մեջ, ինչը քննարկման նյութ դարձավ մամուլում և սոցիալական ցանցերում: Ես նույնպես դեպքի մասին տեղեկացել եմ այս հրապարակման միջոցով: 

Չորս օր անց` հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի գիտությամբ գրասենյակի աշխատակիցների հետ միասին այցելեցինք Կանազի հոսպիտալում գտնվող զինծառայողին: Խոսել ենք նրա հետ, արձանագրել բռնության հետքերը նրա մարմնի տարբեր մասերում և այլն: 

Սեռական բռնության վերաբերյալ հարցեր չեն տրվել զինծառայողին, ով գտնվում էր հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Հոսպիտալում մենք տեղեկացանք նաև, որ նախորդ օրը զինվորին այցելել են ՊՆ փոխնախարարը, զինդատախազության ու քննչական ծառայության ներկայացուցիչները: 

Մասնավորապես, ուզում եմ շեշտել, որ իմ հոդվածում որևէ խոսք չկա սեռական բռնության մասին, նույնիսկ չեմ հրապարակել զինծառայողի և նրա հոր անունը, ում հետ խոսել եմ նույն օրը երեկոյան` հոդվածը հրապարակելուց առաջ և ում միայն հարց եմ տվել, թե տեղյա՞կ է նա սեռական բռնության մասին տարածված լուրերին: Զինծառայողի հոր պատասխանը չէր հաստատում տարածված տեղեկության իսկությունը և ես իմ հոդվածում չեմ անդրադարձել դրան: 

Սակայն, ՊՆ քննչական ծառայության պետն ասում է, որ ձեռք են բերել Հենարանի թղթակցի ձայնագրությունը, որտեղ զինծառայողի հայրն ասում է, որ, իբր, ես եմ նրան ասել որդու նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին, ընդ որում, քննիչ Նալբանդյանն ասում է, որ այդ մասին ես ասել եմ սեպտեմբերի 27-ին` զինծառայողին հոսպիտալ տեղափոխելու օրը: Այն օրը, երբ հայրը առաջին անգամ հոսպիտալում տեսակցել է, իր խոսքերով` մեռած որդուն: 

Հայտարարում եմ, որ սա բացահայտ սուտ է և հորինվածք: 

Թե ինչ նպատակով են են հորինել այս սուտը՝ կպարզվի առաջիկայում, թեև ՊՆ քննչականի պետի հետ ունեցած մեր զրույցից կարելի է ենթադրություններ անել, որ զինծառայողի նկատմամբ ընդհանրապես որևէ բռնություն չի կիրառվել: ՊՆ քննչական ծառայության պետն ասում էր, որ զինծառայողի ոտքի վրա առկա վնասվածքները ինֆեկցիայի հետևանք են, ձեռքի վրա սիգարետի այրվածքներ չկան, ասում էր նաև, թե պետք է պարզել, թե ինչու են այս տղային բանակ զորակոչել, և այլն: Մի խոսքով, անմիջապես դեպքին չառնչվող ասելիք շատ ունեին: 

Դե պատկերացրեք, թե ինչ հեշտությամբ քննչական ծառայությունը կհասնի նրան, որ զինծառայողի հայրը փոխի իր տված վկայությունը: Մնում էր միայն ես էլ ցուցմունք տայի և ասեի, որ հորը նման բան չեմ ասել, և այս գործը կարելի է հեշտությամբ փակել: Սակայն ես հրաժարվեցի ցուցմունք տալ` չմասնակցելու համար քննչական այս ֆարսին: 

ՊՆ-ն և իր գլխավորած քննչական ծառայությունն ուզում են, որ մեր հոդվածները համահունչ լինեն իրենց գործելակերպին և քննությամբ վստահություն չներշնչող քրեական գործերին: 

Հիմա էլ Սյուզան Սիմոնյանին են ամեն օր զանգահարում հերթական գործի կապակցությամբ, էլի նույն ոճով, առանց ծանուցագրի` գործի դնելով այս համակարգում ընդունված «հարազատ ջան» բառը: Մեր հրապարակումներում մենք առաջնորդվում ենք միայն փաստացի տվյալներով, իսկ մեր նկատմամբ սկսված արշավը գնահատում ենք որպես լրագրողների նկատմամբ ճնշման դրսևորում: 

Ժաննա Ալեքսանյան, Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ նախագահ

www.lragir.am

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Հարգելի Ժաննա Ալեքսանյան, Ձեզ և մարդու իրավունքների համար պայքարող բոլոր լրագրողներին կոչ եմ անում չվստահել ՊՆ Ք. Ծառայությանը և նրանց որևէ տեղեկատվություն չհայտնել: Նրանց կողմից ստացված բոլոր տվյալները նենգափոխվում կամ քրեական գործերից անհետանում են: Իմ մոտ այն տպավորությունն է ծագել, թե ՊՆ քր. ծառայությունը անմիջականորեն ֆինանսավորվում է թուրքիայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter