Եվրասիական կոնտրհեղափոխություն եւ գաղտնազերծում Հայաստանում
Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 103 «կողմ», 7 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու պայմանագիրը, որն այլ կերպ, քան Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը բանտարկելու պայմանագիր, չես անվանի:
Հունվարի 1-ից Հայաստանը ստորակայի կարգավիճակով կդառնա չկայացած ու կասկածելի ապագայով մի միության անդամ, որն անվանումով տնտեսական է, մինչդեռ Ռուսաստանի անթաքույց նկրտումն է մնում այն հանուն իր աշխարհաքաղաքական հավակնությունների աստիճանաբար քաղաքական դարձնելը:
Բազմաբեւեռ աշխարհակարգում բեւեռներից մեկը լինելու Ռուսաստանի կայսերապաշտական մարմաջը ենթադրում է հետխորհրդային տարածքի՝ դեռեւս լիակատար եվրոպականացումից դուրս մնացած հատվածում իր գերակայության հաստատումը: Այդ ճանապարհին պետությունների անկախությունն ու ինքնիշխանությունը, լիդերների եւ էլիտաների ընտրովիությունը, ազգային կառավարությունների՝ ինքիշխան նպատակներ հետապնդելու իրավունքը թիվ մեկ խոչընդոտն են մնում, որը կրեմլյան քաղաքական-քաղաքագիտական միտքը հաճախ չի էլ թաքցնում: Հետեւաբար, ինքնիշխանության նվազեցումը, դրա վրա ազդելու օրինական խողովակներ ձեռք բերելը, ժողովրդավարական հաստատությունների քայքայումը հրամայական են Ռուսաստանի «նոր»՝ եվրասիական քաղաքականության համատեքաստում:
Վերպետական մարմինը, որին փոխանցվելու է տնտեսական հարցերում որոշումներ կայացնելու մեր պետության ինքնիշխան իրավունքի մի մասը, ըստ էության ոչ միայն պարտադիր բնույթի տնտեսական, այլեւ երբեմն էլ քաղաքական բնույթի հրահանգներ ու նորմատիվներ է իջեցնելու Հայաստանի վրա: Ուշադրությունից երբեք չպետք է դուրս թողնել այն, որ ԵՏՄ պայմանագիրը գործելու է հայ-ռուսական հարյուրավոր պայմանագրերին ինկորպորացված: Դրանցից մեկը Հայաստանի սահմանների ինքիշխան վերահսկողությունը կիսելու մասին է, մյուսը՝ լեզվական տարածությունը աստիճանաբար հայոց եւ ռուսաց լեզուների միջեւ կիսելու, մեկ ուրիշը՝ արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանի քայլերը Կրեմլի հետ «կոորդինացնելու» մասին է, եւ այսպես շարունակ:
Միամիտ են նրանք, ովքեր Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կորուստը փնտրում են միայն ԵՏՄ-ին միանալու պայմանագրում: Այն ուղղակի կապակցեց նախկինում ստորագրված բոլոր մեծ ու փոքր պայմանագրերը: Դեռ ավելին. այս մեկը չի բավարարվում տնտեսական տարածության վրա Հայաստանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների լիազորությունները կիսելով, այլեւ հավակնում է փայ մտնել Հայաստան-Արցախ սահմանագծի հանդեպ երկու հայկական պետությունների ինքնիշխան վերահսկողության իրավունքում՝ ի դեմս եվրասիական տնտեսական տարածության եզրագծերում դրվելիք մաքսակետերի: Պարզապես «հրաշալի» է ստացվում. ոչ մեկ Արցախի համար պատասխանատու չէ, չի օգնում նրա զարգացմանն ու պաշտպանությանը, քանի որ ԼՂՀ-ը եվրասիական տնտեսական տարածության մաս չէ եւ չի օգտվում նրա «բարեբեր» պտուղներից, ինչպես շաղակրատում են մեզ, սակայն միաժամանակ նրանց վերահսկողության տակ է...
Իսկ Հայաստանն էլ այդ պայմանագրով շղթայված է լինելու եվրասիական հովանոցի տակ, եւ նրա բոլոր հարաբերություններն աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ հետայսու պայմանավորված են լինելու ոչ թե երկրի ինքնիշխան շահերով ու նպատակներով, այլեւ նրանով, թե որքանով դրանք չեն հակասի ԵՏՄ (հասկանանք Ռուսաստան) քաղաքականությանն ու շահերին, որոնք հաստատապես Հայաստանը չէ որ սահմանել կամ սահմանելու է: Ասել է թե՝ Հայաստանն ու Արցախն իսկապես կբանտարկվեն այնպես, որ երբեւէ դուրս չհայտնվեն ռուսական քաղաքականության ու մենաշնորհային վերահսկողությունից, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանին թելադրելու միանգամայն օրինական լծակներ ձեռք կբերի:
Դավադրության մասնակիցները
Պայմանագրին «կողմ» քվեարկեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցությունը (Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան, Լեւոն Զուրաբյան, Լյուդմիլա Սարգսյան, Գագիկ Ջահանգիրյան: Չնայած ՀԱԿ-ի հետ իր հակասություններին, Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք վարչապետ աշխատած Հրանտ Բագրատյանը քվեարկությունից բացակայելու հնարքով, միեւնույն է, չկարողացավ թաքցնել պայմանագրին իր դեմ չլինելը: Միակ բացառությունը Նիկոլ Փաշինյան էր, ով վաղուց ոչ միայն նշված թիմի անդամը չէ, այլեւ, նույնիսկ կարելի է ասել, նրա պաշտոնապես չհռչակված թշնամին է:
Այդպիսով, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի թիմը, բացառությամբ դուրս մղված մեկ գործիչի, խորունկ համակարծիք է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բանտարկելու ծրագրին: Իզուր չէր Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին եւ 24-ին ագրեսիվ հարձակումներ գործում Հայաստանի եվրասիականացման պայմանագրի հակառակորդների դեմ եւ հընթացս ծիծաղաշարժ համեմատություններ բերում Եվրոպական ու Եվրասիական միությունների միջեւ՝ հօգուտ երկրորդի, նաեւ՝ հիմնազուրկ հիմնավորումներ ԵՏՄ-ից Հայաստանի օգուտների մասին, այդ կերպ փորձելով հիմնավորել սեփական խմբակցության առաջիկա քվեարկությունը:
Առաջին նախագահի հետ նույնչափ համակարծիք է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության. «կողմ» են քվեարկել համամասնական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Հարություն Ղարագյոզյանը, Աբրահամ Մանուկյանը, Հրանտ Դավթյանը, Մերուժան Սիմոնյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ներսիսյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահագն Մախսուդյանը, Արմեն Ավետիսյանը, մեծամասնականներից՝ Մուրադ Գուլոյանը, Մելիք Մանուկյանը, Դավիթ Քոչարյանը: Գրանցվել, բայց չեն քվեարկել ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Լյովա Խաչատրյանը, Գրիգորի Մարգարյանը:
Քվեարկությունից բացակայել են կուսակցության քաղաքական ղեկավարությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Քոչարյանի նախագահության տարինների արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանը, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ նույն հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Արշակ Մխիթարյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն էլ գրանցված-չքվեարկածների շարքերում է), նաեւ՝ մեծամասնական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ՝ «երկրապահական» թեւը՝ Ռուբեն Գեւորգյան, Ռուստամ Գասպարյանը: Այդպիսով, ոչ մի «դեմ» քվեարկող այս թիմից:
Ակնհայտ է, որ կուսակցության խուսանավումները կատարվել են «կողմի» եւ քվեարկությունից «թռնելու» (գրանցվել, բայց չքվեարկել կամ բացակայել) միջեւ՝ երկրորդ իրավունքը տալով առաջին հերթին քաղաքական ղեկավարներին ու դեմքերին, ԱԺ եվրոպական հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամներին ու «երկրապահական» թեւի անդամներին: Սակայն, հասկանալի է, որ խմբակցությունը զանգվածաբար՝ իր ծառուկյանական, քոչարյանական ու սերժսարգսյանական թեւերով այսքան համերաշխ չէր քվեարկի, եթե նրանցից որեւէ մեկը դա չցանկանար: Ի վերջո, անցած ամիսներին Ռոբերտ Քոչարյանի այն բոլոր հարցազրույցներում, որտեղ շոշափել է ԵՏՄ կամ Մաքսային միության թեման, Հայաստանի անդամակցության դեմ որեւէ խոսք չի էլ եղել. Սերժ Սարգսյանին ուղղված նրա կշտամբանք-հանդիմանությունը ամփոփվել է «շտապի՛ր դանադաղ ու գիտակցված» բանաձեւի մեջ: Ավելորդ է ասել, որ Քոչարյանի այս թիմն էլ գերազանցապես Տեր-Պետրոսյանի թիմի մի հատվածն է, որը ձեւավորվեց 1998թ. պալատական հեղաշրջման արդյունքում:
Այդ նույն տրոհված թիմի մյուս հատվածը Սերժ Սարգսյանի թիմն է, որի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու դեմ դիրքորոշման մասին խոսելն ավելորդ է: Նրանք չեն էլ թաքցնում, որ կրում են այս որոշման համար պատասխանատվությունը: Այս թիմից գրանցվել, բայց չեն քվեարկել ընդամենը Առաքել Մովսիսյանը եւ Սպարտակ Մելիքյանը: Իսկ կուսակցության գերագույն ղեկավարությունը անգամ խուսանավելու հնարավորություն չի տվել եվրոպական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ-ական երկու անդամներին՝ Հայկ Գրիգորյանին, Հովհաննես Սոֆոյանին, կամ նույն Արփինե Հովհաննիսյանին, նաեւ՝ ՀՀԿ ցուցակում եվրոպամետ/արեւմտամետի «իմիջով» ՄԻԱԿ-ակական պատգամավորներին՝ Լեւոն Մարտիրոսյանին, Նաիրա Կարապետյանին, Սամվել Ֆարմանյանին: Վերջինս նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահն է, իսկ այդ հանձնաժողովին ՀՀԿ-ից անդամակցում են նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը (ով, բնականաբար, չէր կարող թռնել քվեարկությունից), Մարգարիտ Եսայանը եւ Տաճատ Վարդապետյանը: Այդպիսով, ՀՀԿ-ը, ինչպես եւ սպասվում էր, ձգել էր պատգամավորական կորպուսի բոլոր գոտիները եւ ապահովեց գրեթե հարյուրտոկոսանոց կողմ քվեարկություն:
ՕԵԿ-ը, որ հավասարապես երեք նախագահությունների ժամանակ էլ եղել է երեք նախագահների թիմերի ժամանակավոր կցորդը, ողջ պատգամավորական կորպուսով միահամուռ «կողմ» քվեարկեց պայմանագրին (Հեղինե Բիշարյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան): Այս ուժը անգամ չարեց ԲՀԿ-ի խուսանավումները Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի, կամ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում իր ներկայացուցիչ Լեւոն Դոխոլյանի պարագայում: Չնայած, դժվար է ասել, թե որն է ազնիվ՝ քվեարկել խաղեր տալո՞վ, թե՞ առանց...
ՀՅԴ-ը, որ երկրորդ ու երրորդ նախագահությունների շրջանում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ երկու անգամ մաս է կազմել տարբեր քաղաքական կոալիցիաների, գրեթե ողջ կազմով նույնպես քվեարկեց պայմանագրի օգտին (Միքայել Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան), իսկ Աղվան Վարդանյանն էլ «ձեռնպահ» քվեարկեց: Թերեւս ՀՅԴ-ն էլ փորձեց այդ կերպ ուղերձ հղել, որ խոշոր հաշվով «կողմ» է պայմանագրին՝ չհաշված փոքրիկ կասկածները:
Եւ վերջինը, «դեմ» քվերակեցին միայն «Ժառանգություն» խմբակցությունն իր կազմով՝ (Ռուբիկ Հակոբյան, Թեւան Պողոսյան, Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան), խմբակցությունից հեռացած Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդարանը Հայաստանի անկախությաւնը զնդանող պայմանագրի քվեարկությունը եզրափակեց ոչ միայն երեք նախագահների նման համերաշխությամբ, այլեւ ընդհուպ ծափահարություններով:
Թերեւս իր քաղաքական նշանակալիությամբ այս պայմանագիրը համեմատվի Հայաստանի Անկախության հռչակագրի հետ, որի քվեարկությունը՝ 183 «կողմ», 2 «դեմ», 2 «ձեռնպահ», 1990թ. օգոստոսի 21-ին նույնպես ավարտվեց ծափահարություններով: Նույն Արամ Մանուկյանը, ով այդ ժամանակ ընթերցել էր ծափահարությունների արժանացած Անկախության հռչակագիրը, այս անգամ իր թիմակիցների հետ «կողմ» քվեարկեց անկախությունը ոչնչացնող պայմանագրին եւ ունկնդրեց այլոց ծափահարությունները:
Կոնտրհեղափոխությունը որպես լուստրացիայի այլընտրանք
Սա կատարյալ կոնտրհեղափոխություն էր: Սակայն այն նոր չէր սկսվել: Այն պարզապես դեկտեմբերի 24-ին հասավ մի տխրահռչակ հանգրվանի, որտեղից սկսյալ Հայաստանի անկախությունը սահմանափակելու Կրեմլի ջանքերը ոչ թե ստվերային դաշտում ու խողովակներով է լինելու, այլեւ միանգամայն պայմանագրային հիմքերով ու լեգիտիմ, կամ՝ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը կասեր՝ օրինակարգ:
Այդ կոնտրհեղափոխությունը սկսվեց ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հաջորդական ու «հաջողված» գրոհից, որի հիմքերը գցեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նախ սեփական քաղաքական հակառակորդներին շարքից հանելու նպատակով ընդդիմադիր կուսակցությունների, անկախ լրատվամիջոցների հանդեպ գործադրած բռնաճնշումներով, ապա 1995-96թթ. խորհրդարանական-նախագահական ընտրությունների ու Սահմանադրական հանրաքվեի կեղծումով: Սրան էլ գումարենք ԽՍՀՄ-յան «համաժողովրդական սեփականության» մասնավորեցման գործընթացը, որի արդյունքում մասամբ փոշիացվեցին ակտիվները, մասամբ էլ դրանք նվիրաբերվեցին յուրայիններին, որոնցից որոշները հավատարմորեն մնացին առաջին նախագահի թիմում, որոշները գաղթեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմ, իսկ շատերն էլ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության «սրբազան երթը» շարունակեցին երրորդ նախագահի հետ ու օրոք:
Ռազմավարական նշանակության ձեռնարկությունների օտարման նոր-նոր սկսած (հեռահաղորդակցություն, կոնյակի գործարան, ) գործընթացն էլ, որին ձեռնամուխ էր եղել Տեր-Պետրոսյանը, «բարեհաջող» շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի օրոք: «Արժանի» իրավահաջորդնբերի կողմից ժողովրդավարության ինստիտուտների՝ խոսքի ազատության, ազատ մամուլի ու լրատվամիջոցների, ազատ ընտրությունների նկատմամբ անպատիժ գրոհը շարունակվեց՝ երկիրն ու ժողովրդավարությունը թուլացնելով ներսից, իսկ ինքիշխանությունն ու պետականությունը՝ դրսի մարտահրավերների առջեւ:
1996թ. կեղծված ընտրությունների ու բռնի վերարտադրության դիմաց Տեր-Պետրոսյանը 1997թ. սեփական/անձնական պարտքը վճարեց Հայաստանում ռուսական ներկայության ավելացմամբ: 1998 ու 2003թ.թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մարսելուն օգնած Ռուսաստանին Ռոբերտ Քոչարյանը վարձահատույց եղավ «գույք պարտքի դիմաց» բանաձեւով՝ Ռուսաստանին նվիրաբերելով է՛լ հեռահաղորդակցություն, է՛լ էներգետիկ ակտիվներ (հիդրո-ջերմա-էլեկտրակայաններ ու համալիրներ, ԱԷԿ-ի կառավարում), է՛լ ռազմաարդյունաբերական համալիրի մաս կազմող խոշորագույն ձեռնարկություններ, է՛լ Հայաստան-Իրան գազամուղ: Վերջապես, իր երկու կեղծված ընտրություններում (2008 եւ 2013թթ.) Ռուսաստանի աջակցության դիմաց էլ Սերժ Սարգսյանը վճարեց ոչ միայն գույքով (երկաթուղի, Հայռուսգազարդի մնացած բաժնեմասը), այլեւ անկախ պետության իրավունքներով. Հայաստանի բոլոր սահմանները վերահսկելու իրավունքից մինչեւ Հայաստանի անկախությունը վերահսկելու իրավունքը:
Երեք նախագահներն էլ դա արեցին հայ-ռուսական բարեկամության անբովանդակ խոսքերի ու քողածածկույթի տակ, ամեն ընտրություն վերածելով հիասթափության ընտրության, ամեն մի հակաժողովրդավարական վարքագծով էռոզիայի ենթարկելով պետականության, անկախության ու ինքնիշխանության հիմքերը:
Եւ այժմ, երեք նախագահների թիմերը կա՛մ պետականության 24-ամյա թեսթի շղթայական ձախողումների պատասխանատվությունն են բարդում միմյանց վրա, կա՛մ այդ ամենի համար սեփական պատասխանատվությունը անհաջող քողարկելով, անուղղակի խոստովանում են, թե Հայաստանն այլ տարբերակ չունի, բացի պայմանագիրը վավերացնելն ու Ռուսաստանին հպատակվելը: Պարզապես չեն խոսում, որ Հայաստանին տարբերակներից զրկողները հենց իրենք են եղել, դրանով իսկ բոլորին զրկելով այսօր այլընտրանքային որոշումների հնարավորությունից:
Նրանք ավարտին հասցրեցին կոնտրհեղափոխությունը՝ մեծ թիմով, այս անգամ միասնաբար ու համերաշխ, չնայած որ աթոռակռվի, բիզնես գործունեության ոլորտների կամ փողի հարցում ունեն տարաձայնություններ: Նրանք դա արեցին նախ անկախության ռեսուրսները մսխելով, անկախության համար կենսական ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելով, իսկ 24 տարի անց էլ՝ այդ անկախությունը պայմանագրով Ռուսաստանի ի պահ հանձնելով: Արեցին պասերով, ինչպես որ միմյանց պաս են տվել իշխանությունը՝ թեպետ միմյանց վրա գռմռալով, բայցեւ երբեք մեկը մյուսին չպատժելով նախկինում կատարածի համար:
Ու այս տխուր հանգրվանում թերեւս մի լուսավոր բան կա՝ ինքնագաղտնազերծումը: Ի վերջո չափազանց տեսանելի դարձավ, թե որտեղի՞ց ու ի՞նչ գործիքակազմի միջոցով է խլվել Հայաստանի անկախությունը: Հասարակությանն այլ բան չի մնում, քան գաղտնազերծվածներին մերժելը, եթե իհարկե, հասարակություն դեռեւս մնացել է: Ու սա է միակ հույսը: Ժամանակն ու սպասվող արդյունքները հաստատապես դավադրության գործիքների օգտին չեն լինելու: Եւ հասարակությանը ոչինչ չի մնում, քան քաղաքական դաշտը նորոգելն ու վերակազմակերպելը: Անկախության համար պայքարի առաջադեմ ճակատը գոնե պարտավոր է դա անել՝ հրապարակ բերել նոր դեմքերի՝ անկախության սերնդին, ում համար անկախությունն իրոք արժեք է:
Լուսանկարը՝ parliament.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել