
Մի ցուցանմուշի պատմություն. տուփ հացի, խաղի և սփոփանքի համար
Աննա Բաբաջանյան
ՀՅ Դաշնակցության պատմության թանգարանն իր այցելուներին ներկայացնելու հարուստ հավաքածուներ ունի: Այստեղ կարելի է տեսնել մեր պատմության շրջադարձային ու բախտորոշ ժամանակահատվածներին վերաբերող վավերագրեր, եզակի հրատարակություններ, մշակութային ու պատմական արժեք ներկայացնող իրեր: Կարելի է հանդիպել նաև այնպիսի ցուցանմուշների, որոնք իրենց սովորական, առաջին հայացքից արտասովոր ոչինչ չխոստացող համրության մեջ պարփակում են զարմանալի դրվագներ, պատմական ուշագրավ անցքեր` դառնալով դրանց և մարդկային ողբերգական ճակատագրերի ակամա վկան:
Այսպիսի ցուցանմուշներից մեկն էլ շախմատային տուփն է` իր խաղաքարերով: Առաջին հայացքից նույնիսկ անհնար է կռահել, որ այդ հետաքրքիր խաղաքարերը պատրաստված են հացից: Սակայն հացն իսկապես հաց է, և այս շախմատն էլ ձեզ կտեղափոխի տասնամյակների հեռուն` Հայաստանի Առաջին Հանրապետության անկումին հաջորդած օրերը, երբ խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո ծայր առան նախկին իշխանության ներկայացուցիչների ու կուսակցական-քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները: Նրանց մի մասը 1920-ի դեկտեմբերին արդեն ձերբակալվել էր ու փակվել Երևանի բանտում: Մարդանց, ովքեր դեռ երեկ տնօրինում էին երկրի ճակատագիրը, այժմ պարզապես «լցրել» էին բանտախցերում` թողնելով նրանց անորոշության, իրենց ու հայրենիքի վաղվա օրվա հանդեպ ծանր մտատանջությունների գրկում:
Կալանվածների համար, սակայն, ամենասարսափելին ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեբանական լլկումներ էին: Եվ բնական է, որ ճաղերի ետևում հայտնվածներից ոմանք այդ սոսկալի պայմաններում պիտի որոնեին ինչ-որ հնար` իրականությունից կտրվելու, ժամանակի ընթացքի երևակայական պատրանք ստեղծելու համար: Եվ ահա նրանց հաջողվում է գտնել այդ փոքրիկ «ուրախությունը»:
Այն խցում, որտեղ փակված էին հայտնի քաղաքական, պետական գործիչներ Համո Օհանջանյանը, Հովսեփ Տեր-Դավթյանը, Հովակիմ Մելիքյանը, ինչպես նաև Հ. Բուդաղյանն ու Վարոս Բաբայանը, բախտակից կալանավորները որոշում են իրենց հասանելիք հացի՝ առանց այդ էլ չնչին քանակության մի մասը խնայել և ամեն օր հավաքելով՝ դրանցից շախմատի խաղաքարեր պատրաստել:
Գաղափարը հրապուրում է բոլորին, և սկիզբ է առնում բանտային շախմատի ծնունդը: Մեկը մյուսի ետևից լույս աշխարհ են գալիս խաղաքարերը` իրենց հայտնությամբ մեղմելով քաղցած մարդկանց կենսական պահանջը և խոստանալով զբաղմունք համատարած ձանձրույթով ու տագնապներով լի այդ պատերի ներսում:
Կալանվածները գիտեին, թե ինչու էր առանձնապես մեծ ոգևորությամբ գործին լծվել Համո Օհանջանյանը: Վերջինս հատկապես շատ էր սիրում շախմատ ու բավական լավ էր խաղում: Եվ երբ վերջապես ամեն բան պատրաստ էր, դատապարտվածների կյանքը բոլորովին այլ երանգներ ձեռք բերեց….
Փիլիսոփաները սիրում են կրկնել, թե կյանքը շատ նման է շախմատային դաշտին, որտեղ կատարվող քայլերի հաջորդականությամբ է վճռվում հետագա ընթացքն ու ելքը: Դժվար է այսօր ասել, թե այդ մասին ինչ էին մտածում այն մարդիկ, որոնք բանտախցի մի անկյունում հավաքված շարժում էին հացից շինված ֆիգուրները և գուցե նոսրացող քարերի ու դատարկվող հարթության ու իրենց վիճակի մեջ ընդհանրություններ էին տեսնում: Սակայն մի բան կարող ենք հաստատապես ասել. երբ բանտարկյալների մի մասին հաջողվեց 1921-ին դուրս պրծնել բանտից ու լքել հայրենիքի սահմանները, ամենաթանկագին իրերի թվում նրանք իրենց հետ վերցրեցին շախմատի տուփը, որի մեջ ասես ամփոփված էր վերջին հույսը` հացից պատրաստված խաղաքարերի տեսքով:
Երկար դեգերումներից հետո այսօր բանտային շախմատը իր վերջին հանգրվանն է գտել թանգարանում: Հավանաբար ոչ ոք այլևս երբեք դրանով չի խաղա: Պարտիան ավարտված է: Եվ այս խաղում պարտվողներ ու հաղթողներ չկան: Կա միայն հիշողություն` հացի, խաղի ու վերադարձի տեսքով:
Փաստական տեղեկությունները՝ ՀՅԴ թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի
Մեկնաբանել