Վ. Դալլաքյանի առաջարկը. ամորձատել մանկապիղծներին ու տատիկներին բռնաբարողներին
Այսօր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը, որն ուղղված էր կառավարությանը, վերաբերում է հայ ժողովրդի արժեհամակարգին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայ ժողովրդի համար դատապարտելի եւ անընդունելի համարեց մանկապղծությությունը:
Ըստ պատգամավորի՝ դատական դեպարտամենտի տվյալներով, 2000-2010թթ. դատարաններում քննվել է մանկապղծության հետեւանքով տուժած 100 անչափահասի գործ:
«Սա այսբերգի չերեւացող մասն է, քանի որ հասկանալի պատճառներով ծնողները չեն դիմում տարբեր ատյանների եւ ցավալին այն է, որ գործող օրենքը դատավորներին տալիս է հնարավորություն, որ ընդամենը 100.000 դրամ տուգանքով մանկապիղծներին ազատություն շնորհեն»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Պատգամավորը նկատեց, որ վերջին ժամանակներում դարձյալ մեր բարոյական նկարագրին անհարիր նոր երեւույթ է նկատվում: Խոսքը երիտասարդ տղաների կողմից 80-ամյա տատիկների բռնաբարության մասին է:
Վիկտոր Դալլաքյանի ասելով՝ սեռական բնույթի հանցագործությունները 2009թ-ին եղել են 53-ը, իսկ այս տարի արդեն 73 դեպք է գրանցվել, եւ կա աճի միտում: «Ես առաջակում եմ Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրել մեկ այլ մոտեցում, որն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Պետք է իրականացնել սեռական մոլագարների կաստրացիա կամ ամորձատում, որն իրականացվում է Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում, Բելգիայում»,-ավելացրեց պատգամավորը:
Պատասխանելով Վ. Դալլաքյանի հարցին` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ հասարակության մեջ ոչ բոլոր խնդիրներն են, որ իրավական լուծումներով կարող են հանգուցալուծվել: Բարոյական, սոցիալական եւ այլ նորմերի աղճատման պարագայում իրավական նորմերը ոչ միշտ է, որ կարող են դրական լուծում տալ:
«Պատժի խստացումը կարող է որոշակիորեն զսպաշապիկ հանդիսանալ, բայց կաստրացիան պատժի խստացման միջոց չէ, պետք է գիտակցել, որ պատժի խստացումը բերում է որակյալ հանցագործությունների թվի մեծացմանը, ասենք՝ բռնաբարությանը հաջորդում է սպանությունը»,-հավելեց նախարարը:
Վիկտոր Դալլաքյանն էլ ավելացրեց, որ այս երեւույթների դեմ պետք է պայքարել «դրակոնյան» մեթոդներով: Օրինակ` նման մի մեթոդ էլ պետք է կիրառվի Կողբ գյուղում 80-ն անց տատին 3 ժամ շարունակ բռնաբարած երիտասարդ տղայի նկատմամբ: Նախարար Թովմասյանն ասաց, որ պատիժների խստացումը քննարկման հարց է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել