Վերահսկիչ պալատը ստուգումներ կիրականացնի Կոտայքի մարզում
ՀՀ վերահսկիչ պալատից հայտնում են, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան ծրագրում ընդգրկված է նաև Կոտայքի մարզը, ուստի այսօրվանից մարզում կիրականացվեն ստուգումներ: Ինչպես բոլոր մարզերում, այստեղ ևս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումները:
Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման և դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաև` համայնքների մշակութային, կրթական և առողջապահական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի նաև մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:
ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները կներառեն մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում է ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Այս պահին ստուգումներն արդեն ավարտվել են Արարատի, Գեղարքունիքի մարզերի և մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային երեք կենտրոններում:
ՎՊ նախագահը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Վերահսկիչ պալատը որևէ առնչություն չունի քաղաքացիներին նպատսից զրկելու հետ: ՎՊ-ն իրականացնում է օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված գործառույթը, այն է`ուսումնասիրել, ստուգել և բացահայտել ոլորտում առկա չարաշահումները և այդ տեղեկատվությունը տրամադրել համատապասխան մարմիններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել