HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարևանային իրավունք. ինչպե՞ս հարաբերվել հարևանների հետ

ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում հրապարակվել է հարևանային իրավունքի ինստիտուտի վերաբերյալ հայեցակարգ և չի բացառվում, որ առաջիկայում  ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ավելանա նոր գլուխ՝ «Հարևանային իրավունք»: 

«Լավ հարևանը հեռու բարեկամից հազար անգամ լավն է» ժողովրդական այս ասացվածքը ավանդույթի ուժով միշտ էլ կիրառելի է: Սակայն այսօրվա սոցիալ-տնտեսական, գույքային բարդ հարաբերությունների պարագայում դժվար է ասել, թե ինչպես պետք է հարևանների հետ հարաբերվել, որպեսզի այդ լավ հարաբերությունները մի օր չվերածվեն թշնամանքի:

Հայաստանում որոշ չափով կարգավորվում են հարևանային հարաբերությունները, սակայն նշված հարաբերությունները կարգավորող նորմերը չեն արտացոլում այդ հարաբերությունների բուն էությունը. հայկական օրենսդրությանը ծանոթ չեն  «հարևան» և «հարևանային հարաբերություններ» հասկացությունները:

Թվում է՝ ամեն ինչ պարզ է և յուրաքանչյուրս քաջ գիտակցում ենք, թե ինչպես պետք է հարաբերվենք մեր հարևանների հետ, ուստի այն օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա: Երբ հարևանիս՝ Սուրիկ պապին, ասացի հարևանային իրավունքը կամ որ նույնն է՝ «բարիդրացիական հարաբերությունները» օրենքով կարգավորելու կառավարության ցանկության մասին, անմիջապես սկսեց գոռգոռալ:

«Մենակ հարևանների գործերի մեջ կառավարությունը չէր մտել, թող ըտեղ էլ մտնի, լրիվ փչացնի ու քաշվի մի կողմ: Իրանց ի՞նչ գործն ա, թե ես ոնց կշփվեմ իմ հարևանի հետ: Էլի Եվրոպայից փող են կպցրել ու փաթաթում են մեր վզին: Ես դեմ եմ այդ օրենքին»,-ասում էր Սուրիկ պապը:

Փողոցում ամենաշատը հենց նրա ձայնն է լսվում, նա է գոռգոռում հարևանների վրա, սաստում երեխաներին, որ չաղմկեն, իր հանգիստը չխանգարեն: Երբեմն էլ հակադարձ քայլերի է դիմում. դեռ լույսը չբացված բարձր ձայնով միացնում է ռադիոընդունիչն ու լսում թուրքական երաժշտություն: Իսկ հիմա նա դեմ է, որ հարևանային հարաբերությունները օրենքով կարգավորվեն, պատճառաբանելով, որ՝ «լավ ու վատ օրերը հարևանները միասին են կիսում, դարերով այդ ավանդույթը շարունակվում է և հիմա միջամտելու կարիք ամենևին չկա»:

Իսկ ի՞նչ են անում հատկապես բազմահարկ շենքերի բնակիչները. թույլ են տալիս երեխաներին բղավել, ոտքերով, կոշտ առարկաներով հարվածել հատակին, բավարար պայմաններ չեն ստեղծում, որպեսզի բնակարանում ապրող շունն իրենց բացակայության ժամանակ չոռնա, ձայներ չհանի ողջ օրվա ընթացքում, մոռանում են ցածրացնել ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ձայնը, ընկեր-ընկերուհիների հավաքույթի ժամանակ ուշ ժամի անզուսպ պարում են, ծիծաղում, թռչկոտում հատակին, պատշգամբում փայտ են կոտրում, խորոված պատրաստում՝ ծխով լցնելով հարևանի տունը, մրոտում պատերը, պատուհանները, ուշ ժամերին զբաղվում բնակարանի շինարարությամբ և այդպես շարունակ:  Այս ամբողջ աղմուկն ու անհարմարությունը լսելի է դառնում հարևաններին, և խախտվում է նրանց ոչ միայն հանգստի իրավունքը, այլև երբեմն վնաս է հասցվում նրանց գույքին:

Նույն անհարմարություններն առկա են նաև գյուղական բնակավայրերում: Մեկը ոռոգում է իր հողատարածքը և ջրով ողողում նաև հարևանի տարածքը, խոնավացնում տան պատերը, պարբերաբար աղբ է լցնում հարևանի տարածքում կամ բակում այրում է աղբը և ծխահարելով փչացնում հարևանի դիզած ձմռան անասնակերը, ծառ է տնկում հարևանի տան պատի տակ, ոռոգում է այն ու մեծացնում, իսկ տարիներ անց այդ ծառի ճյուղերը վնասում են հարևանի տան տանիքը, իսկ արմատներն, անցնելով պատի միջով, ճյուղի տեսքով հայտնվում են վերջինիս տան մեջ և այլն:

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղն ունի 2600 բնակիչ: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում գյուղացիների հիմնական վեճերը վերաբերում են հողային սահմաններին ու դաշտամիջյան ճանապարհներին: Նման վեճերը շատ չեն՝ տարվա կտրվածքով մի քանի դեպք: Գյուղացիներից ոմանք «գրավում» են համայնքային ճանապարհները՝ մյուսներին չթողնելով անցնել այդ տարածքով, իսկ մի մասն էլ հարևանի հողատարածք է ներխուժում: «Փառք Աստծո, նման վեճերը շատ արագ լուծում ենք, կոնֆլիկտ չի հասնունանում, բայց եթե կառավարությունը ցանկանում է օրենքի մակարդակով լուծել այդ հարցը, դեմ չենք: Մեծ հաշվով դա վնաս չի տալիս գյուղացիներին»,-ասում է համայնքապետ Մկրտչյանը:

Ի՞նչ է հարևանային իրավունքը

Դեռևս Հին հռոմեական իրավունքում եղել են հարևանային հարաբերությունները կարգավորող նորմեր: Հայ միջնադարյան իրավունքից հայտնի Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ևս անուղղակի կարգավորել է հարևանային իրավունքին վերաբերող հարաբերությունները: Օրինակ՝ «եթե պատահի, որ մեկը առվով ջուր բերի որևէ գործի կամ այգին ոռոգելու համար, իսկ այդ պատճառով ջուրը վնասի ընկերոջ այգին կամ անդաստանը, կամ նրա բնակության մեջ որևէ այլ բան, ապա, եթե նախապես զգուշացրեց, որ ընկերն ուշադիր լինի և ինքն էլ իր հերթին ուշադիր եղավ և ակամա ինչ վնաս որ գործեց, այդժամ վնասի կեսը հատուցի: Իսկ եթե ծուլացավ, անփույթ եղավ և չզգուշացրեց, ողջ վնասը վճարի, մանավանդ, եթե թշնամությամբ է արել: Սակայն քննվի՝ ի՞ր պատճառով էր, թե վարձկանների, մասնակի՞ էր, թե ամբողջությամբ, գիշերո՞վ էր, թե՞ ցերեկով եւ այլն. այդպես դատեն»:

Ինչպես ընդունված է իրավական պրակտիկայում, հարևանային իրավունքի կարգավորման առարկա են հանդիսանում կից գտնվող հողատարածքների (բազմաբնակարան շենքերի բնակարանների կամ այլ կառույցների) սեփականատերերի կամ օրինական օգտագործողների միջև ծագած հարաբերությունները: Իհարկե, դժվար է ճշգրիտ տալ այն սահմանումը, որն ամբողջությամբ և համապարփակ սահմանում է հարևանային իրավունքին վերաբերող բոլոր նորմերը, թե ովքեր, որ տարածքն ու գույքն են համարվում հարևան, որտեղից և ինչ պայմաններում կարող են ծագել երկկողմ ազդեցություն ունեցող հարաբերություններ և այլն: Բացի այդ, վտանգավոր է ամեն ինչ օրենքով սահմանելն ու կարգավորելը: Տարբեր դաստիարակությունները, սովորությունները, ամուսնական և սոցիալական կարգավիճակը միշտ էլ կարող են էական ազդեցություն ունենալ այդ հարաբերությունների վրա, ուստի հարևանային հարաբերություններին «շնչելու տարածք» թողնելը բխում է հենց այդ իրավունքի շահերից:

Օրինակ՝ ռոմանո-գերմանական իրավական համակարգը հարևանային հարաբերություններին տալիս է  լայն կարգավորում, իսկ անգլո-սաքսոնական իրավական համակարգն ավելի պասիվ է այս հարցում և հարևանային իրավունքի ինստիտուտը կարգավորում է ավելի շատ սովորույթներով ու նախադեպերով: Հույս դնել միայն դատական պրակտիկայով ձեւավորվող նախադեպերի վրա այնքան էլ «անվտանգ» չէ, հաշվի առնելով, որ դատարանների կողմից կայացված բազմաթիվ որոշումներ հաճախ հակասում են միմյանց: Այս հարցում հստակ օրենսդրական կարգավորում է պետք:

Գերմանիայի օրենսդրությամբ՝ բնակելի տարածությունների սեփականատերերը պետք է դրանք այնպես օգտագործեն, որպեսզի իրենց գործողություններով կարգավորված համակեցության սահմաններից դուրս եկող անհարմարություններ չառաջացնեն մնացած սեփականատերերի համար: Իսկ մուսուլմանական իրավունքում հարևանային իրավունքին վերաբերող կարգավորումները բոլորովին այլ են: Այնտեղ անձն իր հարևանի նկատմամբ ունի երեք պարտականություն՝ պաշտպանել նրա շահերը, երբ նա բացակայում է, հարգել նրան, երբ նա ներկա է և օգնել նրան, երբ նա բախվում է անարդարության հետ: Նրանց օրենքներով չի կարող ուղղահավատ մահմեդական համարվել այն անձը, ով կուշտ է և հանգիստ քնում է, երբ գիտի, որ իր հարևանը սոված է քնում:

Հարևանային իրավունքի ինստիտուտի հայեցակարգի մշակման հեղինակ, փաստաբան Կարեն Սարդարյանը նշում է, որ հարևանների շահերի պաշտպանությանն ուղղված որոշ նորմեր, որոնք վերաբերում են բազմաբնակարան շենքի բնակիչ-սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարմանը, տեղ են գտել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում, սակայն այդ օրենքում նույնիսկ չի հիշատակվում «հարևան» տերմինը, հետևաբար չի կարող բացահայտվել այդ տերմինի բովանդակությունը։ Ավելին, տվյալ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են միայն անշարժ գույքերի սեփականատերերի վրա և  կարգավորումից դուրս են մնում բազմաբնակարան շենքի բնակարանների օրինական կամ այլ տիրապետողները:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նույնպես չի բացահայտում և կարգավորում «հարևան» և «հարևանային հարաբերություններ» հասկացությունները: Այստեղ միակ դրույթները, որոնք որոշակի չափով ուղղված են հարևանների շահերի պաշտպանությանը, հարևան հողատարածքով անցնելու համար սերվիտուտի սահմանման, ինչպես նաև վարձակալի կողմից հարևանների իրավունքների և օրինական շահերի պարբերաբար խախտման դեպքում դատական կարգով բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման վերաբերյալ դրույթներն են:

Ըստ փաստաբան Կ. Սարդարյանի՝ հարևանների իրավահավասարության սկզբունքի ներդնումն անհրաժեշտ է այն առումով, որ այս իրավահավարաբերությունների կարգավորումն ուղղված է անձանց` միմյանց հարևանությամբ բնակվելու կամ գործունեություն ծավալելու առավելագույն արդյունավետ պայմաններ ստեղծելու համար, ուստի նրանց իրավունքի տեսակը չի կարող կանխորոշիչ նշանականություն ունենալ հարևանային հարաբերություններում: Ըստ նրա՝ հարևանային վեճերի լուծման համար կարևորագույն նշանակություն ունեն բարեխղճության և ողջամտության սկզբունքները, որոնց տեսակետից պետք է գնահատել հարևանի իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտման ամեն մի դեպք:

Մի շարք երկրների օրենսդրությամբ նախատեսված է դրույթ այն մասին, որ «հարևանները պետք է հանդուրժեն մյուս հարևանների կողմից պատճառվող սովորական անհանգստությունները, որոնք չեն գերազանցում հանդուրժողականության պատշաճ սահմանները՝ կախված նրանց կողմից տիրապետվող անշարժ գույքերի բնույթից, տեղակայումից կամ տեղական սովորույթներից»։ 

Միջազգային իրավակարգավորող պրակտիկայում կան բազմաթիվ սահմանումներ, որոնք վերաբերում են իրավունքի բարեխիղճ իրացմանը: Երբեմն մտածում են, որ իրենց սեփականության իրավունքը բացարձակ իրավունք է և իրենց սեփականությունը կարող են տնօրինել այնպես, ինչպես ցանկանան՝ մոռանալով բարեխղճության մասին: Երբեմն էլ իրավունքն իրացնում են այլ անձանց բացառապես վնաս պատճառելու նպատակով, ինչն անթույլատրելի է:

Կա նաև հակառակ իրավիճակներ, երբ գործող օրենսդրության թերի կարգավորումների կամ առհասարակ նման կարգավորման բացակայության պարագայում չեն կարողանում պաշտպանել խախտված իրենց իրավունքները, օրինակ՝ օրենքի շրջանակում պարտադրել հարևանին վերանորոգել իր բնակարանի, գույքի վնասված մասերը, որպեսզի դրանով իսկ իրենց վնաս չպատճառվի:  

Կանխարգելիչ հայց, կամ՝ ինչպե՞ս կանխել հարևանից եկող հնարավոր վնասը

Հայեցակարգով առաջարկվում է ներդնել նոր հայցատեսակ՝ կանխարգելիչ հայց: Այս հայցի իմաստը կայանում է նրանում, որ այն ուղղված է լինելու պաշտպանելու անձի իրավունքները ապագայում հնարավոր խախտումներից, ինչն այսօրվա դրությամբ գրեթե անհնար է:  Որպես օրինակ կարող ենք նշել քաղաքացի Հովսեփ Սարգսյանն ընդդեմ իր հարևան Հայկազ Քյոսաբաբյանի քաղաքացիական գործը՝ պատճառված վնասի հատուցման և ապագայում վնաս պատճառելու վտանգը կանխելու համար պատասխանողին նկուղը ազատելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ բնակվում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում, իսկ հարևանը՝ 2-րդ հարկում: Վերջինս զբաղեցնում է նաև իր (հայցվորի) բնակարանի տակ գտնվող նկուղի մի մասը: Հարևանի անուշադրության հետեւանքով տեղի է ունեցել ջրի ներհոսք դեպի իր բնակարան: Իր նախազգուշացումներին հարևանը պատասխանել է, որ կհատուցի պատճառված վնասը, սակայն խուսափել է հատուցելուց: Բացի այդ, իր բնակարանի այն հատվածը, որի տակ ընկած է հարևանի կողմից զբաղեցրած նկուղը, խոհանոց է, իր բնակարանից խոնավության հոտ է փչում: Խոնավության պատճառով հնարավոր է ձեռք բերել մի շարք հիվանդություններ:

Խոնավության պատճառը պարզելու նպատակով հրավիրված սեյսմիկ պաշտպանության մասնագետների եզրակացության համաձայն՝ խոնավությունը կվերանա միայն այն դեպքում, երբ ապահովվի նկուղի ջեռուցումը: Վերը նշված պատճառով Հովսեփ Սարգսյանը բազմից խնդրել է պատասխանողին՝ ազատել նկուղի այդ մասը և վերցնել օգտագործման համար շենքի նկուղային ցանկացած այլ ազատ տարածք, սակայն պատասխանողը հրաժարվել է:

Դատարանը բավարարել է միայն քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը, իսկ ապագայում վնաս պատճառելու վտանգը կանխելու համար հարևանին իր բնակարանի տակ ընկած նկուղը ազատելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճել՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Թե ինչ կտան այս կարգավորումները և ինչպես կզարգանա հարևանային իրավունքի ինստիտուտը Հայաստանում՝ ցույց կտա ժամանակը: 

Մեկնաբանություններ (1)

ԴԱՐԴ-Անելի
Հայաստանում ամուր էր բարի դրացիական հարևանային հարաբերությունները։ Դրանք խարխլել և փչացրել են չտես պաշտոնյաները, որոնք իրենց ձեռքի տակ աճեցնում են իրենց նման կեղծարարների մի նոր սերունդ։ Հայաստանը կոռուպցիայի նոր փուլ է թևակոխել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter