Այսօր գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է
1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելը, գիրքը` որպես գիտելիքի տարածման ու պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` Հայաստանում: Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքում ու հանրապետության մարզերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Այս տարի գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվելու են ապրիլի 21-26-ը:
Ապրիլի 21-ին` ժամը 14:00, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում մեկնարկեց Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Այն կգործի ապրիլի 21-23-ը` ժամը 10:00-17:00:
Ապրիլի 22-ին` ժամը 11:30, Հայաստանի պետական համալսարանում` Պալյանների սրահում, «Որտեղ են խախտվում հեղինակային իրավունքները» թեմայով բանավիճեցին երիտասարդ իրավաբանները, լրագրողները, բանասերները և գրողները:
Ապրիլի 23-ին` ժամը 12:00, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացվեն դասախոսություններ` «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները և հեղինակային իրավունքը», «Մուլտիմեդիա ծրագրերի խնդիրները Հայաստանում» թեմաներով (վարող` Գարեգին Չուքասզյան), կլոր սեղան-քննարկում «Հեղինակային իրավունքի խախտումները» խորագրով:
Ապրիլի 23-ին` ժամը 19:00, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացվի գրական երաժշտական երեկո «Մեկ հեղինակի երեկո. Համո Սահյան» խորագրով:
Ապրիլի 26-ին` ժամը 11:00, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կանցկացվի «Մտավոր սեփականության պաշտպանությունը Հայաստանում» կլոր սեղանը:
ՀՀ մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ` այս օրերին գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական, երաժշտագիտական գրադարաններում, ինչպես նաև բոլոր մարզերի գրադարաններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել