HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյանը բացահայտում է, թե ինչով է զբաղված ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը

Նաիրա Զոհրաբյանն ակնկալում էր, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկա կլիներ նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատգամավորի հարցն ուղղված էր հենց նախարարին, սակայն Նաիրա Զոհրաբյանը, այնուամենայնիվ, հնչեցրեց հարցը` հուսալով, որ ԱԳՆ հետագայում հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ:

Ադրբեջանը 2 օր առաջ 2 տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ այդ 2 տարիներն օգտագործելու է Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհդում արծարծելու համար: Իսկ պաշտոնական Թուրքիան խոստացել է, որ օգնելու է եղբայրական Ադրբեջանին այդ խնդիրն առաջ մղելու համար:

Նաիրա Զոհրաբյանը մտահոգված էր, որ  ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն շնորհավորել է Ադրբեջանին ընտրվելու կապակցությամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ Ադրբեջանին ողջունել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը:

«Այսօր լրատվամիջոցներում կարդացի հոդվածներ՝ «Փթած ՄԱԿ» ձեւակերպումներով եւ այլն: Իհարկե՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը գնել է 155 քվե` չհասկանալով, որ դրանով բարձրացնում ենք Ադրբեջանի դերն ու նշանակությունը, որ կարողանում է 155 երկրի նախագահ ու վարչապետ գնել: Իհարկե, կարող ենք ասել, որ Անվտանգության խորհրդում մշտական կարգավիճակ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հստակ մոտեցում ունեն նշված խնդրի վերաբերյալ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` դժգոհելով ԱԳՆ-ի լռությունից:

Պատգամավորը ցանկանում էր, որ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ասեր, թե ինչ կարող էր անել, որը չի արել Ադրբեջանի անդամակցությունը կանխելու համար, կամ ինչ կարող էր անել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, բացի շաբաթը մեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակ գրելուց` «Թե ինչքան վատն է Ադրբեջանը» թեմայով:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ զարմացած էր, թե ինչու Հայաստանը չի առաջադրել իր թեկնածությունը: Թե պատգամավորի հարցերին ԱԳՆ-ն երբ կպատասխանի՝ անհայտ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter