HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակսել Բակունց

Համազգայինի հրատարակչատունը, հայրենի գործընկերներու հետ վերջին տարիներս հաստատուած աշխուժ գործակցութեան մը ծիրէն ներս, գովելի նախաձեռնութիւնը ունեցած է հրատարակելու Ակսել Բակունցի գործերու մէկ հաւաքածոն, որ կ’ընդգրկէ հեղինակի լաւագոյն  պատմուածքներէն եօթն  և  վիպակ մը՝ Կէօրէս. այս վերջինը առաջին անգամն է, որ կը հրատարակուի արևմտահայ իրականութեան  մէջ և աւանդական ուղղագրութեամբ, ինչպէս անշուշտ միւս  բոլորը:

Բակունցը խորհրդահայ  գրականութեան ամենաարժանաւոր ներկայացուցիչներէն  է, որ ունեցաւ հազիւ  տասը-տաներկու տարուան ստեղծագործական կեանք մը ու այնուհետև դարձաւ ստալինեան 1937-ի մաքրագործումներու առաջին զոհերէն մէկը:

Այս յարաբերաբար կարճ միջոցին անոր  բեղուն գրիչը յաջողեցաւ արտադրել պատմուածքներու  չորս հատորներ ու քանի մը վիպակներ՝ վաղամեռիկ հեղինակին  ապահովելով  գեղարուեստական տոկուն վաստակ մը, որուն ամենաբնորոշ յատկանիշը  անոր իւրայատուկ  ոճն է, այն հիւթեղ  լեզուն, որ նոր որակ մը պարգևեց հայ արձակին և  այնուհետև  հանրածանօթ դարձաւ  «Բակունցեան արձակ»  անուանումով: 

Ահա այդ եզակի արձակէն նմուշներ են  ներկայ հատորի պատմուածքները՝ Մթնաձոր, Խոնարհ աղջիկը, Ալպիական մանուշակ, Ծիրանի փողը, Նամակ ռուսաց թագաւորին, Սպիտակ ձին, Միրհաւ, որոնք իրենց նուրբ հիւսուածքով ու երազային պատկերներով ընթերցողը կը փոխադրեն այն կախարդական աշխարհը, որ Բակունցի ծննդավայրն է՝ Սիւնեաց աշխարհի անթնդախոր ձորերն ու  վսեմ գագաթները և այն մթին ու «թաւուտ  անտառները, ուր ոչ ոք չի եղել, այլ միայն արջերը պար են խաղում, ոռնում են գայլերը,  և վարազները ժանիքով փորում են սև հողը»:   

Բակունցի  գրութեանց մէջ ընդհանրապէս  կարմիր թելի մը պէս կը հիւսուի անցեալի կարօտը, որու անդիմադրելի ձգողականութեան անձնատուր՝  ան  արուեստի ճամբով ծուէն առ ծուէն,  քար առ քար, խիճ առ խիճ կը վերականգնէ  հայրենի  աշխարհը իր վառ մանրանկարներով: Ճիշդ է, որ շատ հեռու չէր այդ անցեալը, սակայն խորհրդային կարգերը իրենց խորթութեամբ այնպիսի խոր բեկում մը յառաջացուցին հոգիներուն մէջ, որ  մեծաթիւ գրողներ բնական հակումով մը վերադարձան այդ անցեալին և գրականութեան ճամբով ապաստանեցան անոր ծոցին մէջ՝ երբեմն երգիծական թեթև շղարշով մը ծածկելով այդ անցեալը, ինչպէս Չարենցը՝ իր Երկիր Նայիրի-ով, Մահարին՝ իր Այրուող այգեստաններ-ով (որ չկրցաւ աւարտին հասցնել), Թոթովենց՝ իր Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ-ով, Զապել եսայեան՝ իր Սիլիհտարի պարտէզներ-ով և Բակունց...իր Կէօրէս-ով:  Յատկանշական է, որ յիշուած գրողներուն բոլո՛րն ալ իրենց կեանքի գնով, դաժան  աքսորով կամ  երկարամեայ տաժանակիր աշխատանքով վճարեցին այդ կարօտախտը:

*      *

*

Այս վիպակը, որ Բակունցի նուազ ծանօթ երկերէն է, պատմութիւնն է անոր ծմննդավայրի նախախորհրդային հատուածին. ան  ունեցած է  երկու անուն՝ Գորիս, որ բնիկներուն անուանումն էր, և Կէօրէս, որ «օտարականներ»-ունն էր. ասոնք՝ 19-րդ դարուն այնտեղ հաստատուած   արևմտահայերն էին:    Այլ խօսքով՝ Գորիսը խայտաբղէտ էր ոչ միայն իր բնակիչներով, այլև անունով, բայց մանաւանդ  նախախորհրդային ընկերութիւնները բնորոշող դասակար- գային  այլազան խաւերով, շերտերով ու անոնց իւրաքանչիւրը բնորոշող առօրեայ կենցաղային բարքերով:  Բակունց  տաղանդաւոր  բեմագիր ալ էր, և Կէօրէս-ը կարելի է նմանցնել կենդանի բեմագրութեան մը՝ իր վառ ու երփներանգ գոյներով, կերպարներով, անոնց նիստ ու կացով և  մանաւանդ   կէօրէսցիներու շէնշող ու կենսասէր ջերմութեամբ:  Ահա այս կորուսեալ դրախտին յիշատակը  գրական  կոթողով մը անմահացնելու  երազն է, որ իր հմուտ գրիչով կենսագործել փորձած է   Բակունց:  Եւ միայն Կէօրէս աշխարհինը չէ, այլ նաև կէօրէսերէնի,  այսինքն՝ Գորիսի քաղցրիկ  բարբառին. որ իր կարգին  վտանգուած էր խորհրդային կարգերու՝ բարբառներու հանդէպ ցուցաբերած անհաշտ պայքարի ծիրէն ներս. «Ի՜նչ չքնաղ լեզու էր կէօրէսերէնը...Չուտէիր և չխմէիր, այլ միայն  այդ լեզուով  խօսէիր կամ լսէիր, թէ ինչպէս քաղցր և նուրբ հնչիւններով  խօսում էր  լուացարարուհի Մինան... [ Այդ լեզուն] մի չքնաղ գորգ էր՝ նախշերով  և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպէս Մինայի աղջիկ եղած ժամանակ գործած գորգը...Ինչքան հնանում և մաշւում էր, այդքան շքեղանում էին գորգի գոյները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր  գետը և լուանում էր,  Մինան լաց էր լինում, և նրա հետ  լաց էր լինում Կէօրէսի լեզուն»: Ահա այս թովիչ բարբառն է, որ Բակունցի աչքերուն առջև   կը յօշոտուէր, և  Մինայի աղջկան հետ Բակունց ի՛նք ևս լուռ կ’արտասուէր ներքնապէս...մինչև որ իր կեանքով վճարեց իր կարօտներուն  գինը:

                                                                   *      *

                                                                       *

Կը մնայ, որ շնորհաւորենք Համազգայինի հրատարակչականը իր այս ճիշդ ու յանդուգն ընտրութեան համար. յանդուգն, որորվհետև,-- պէտք  է խոստովանիլ,--  որոշ կրթանք ու ընտելացում կը պահանջէ Բակունցի ընթերցումը,  այլ խօսք, թէ անգամ մը որ յանձն առինք զայն, ապա պիտի անդրադառնանք  այն լիարժէք վարձատրութեան, որ պիտի շնորհէ այդ ընթերցումը:  Ուրեմն ընենք մեր ամբողջ կարելին, որ այս արժանաւոր աշխատութիւնը պահեստանոցներու մէջ ցեցի, փոշիի  ու խոնաւութեան  բաժին չդառնայ, այլ անոր հատորները  զարդարեն մեր հանրային ու  անհատական գրադարաններն ու մանաւանդ... մեր  ու մեր հարազատներուն հոգիները:                                      

 Արմենակ  Եղիայեան    
[email protected] 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter