HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ Հովիկ Աբրահամյանին՝ Ջավախքից

Ջավախքի մի խումբ մտավորականներ բաց նամակ են հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Մեծարգո պարոն վարչապետ

Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսվում է Ձեր գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, կարևոր համարեցինք Ձեզ ուղղել սույն բաց նամակը:

Մեծարգո պարոն վարչապետ

Ջավախքի հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են (ջավախքահայություն - ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներ, ՀՀ-ից Ջավախք գիրք-գրականության, անգամ եթե այդպիսիք գեղարվեստական բնույթի մի քանի գրքեր են, անցկացման խստիվ արգելք, Վրաստանի համապատասխան օղակների կողմից հայոց մշակութային կյանքին անհարկի և բացասական միջամտություններ, թուրք-ադրբեջանական բազմաոլորտ ներկայությամբ պայմանավորված հայատյաց միջավայրի առկայություն և այլն): Այդուհանդերձ, կա մի լրջագույն հիմնահարց, որի չկարգավորումը նշանակում է ջավախքահայության մի ստվար հատվածի զանգվածային տեղահանություն իր հարազատ բնօրրանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է ս/թ սեպտեմբերի մեկից կիրառվող Վրաստանի միգրացիոն նոր օրենսդրությամը և «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքին, ըստ որի՝ օտարերկրացիները, այդ թվում նաև հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող ջավախահայերի մի մեծ հատված (անուղղակի հաշվումներով վերջիններիս թիվը հասնում է տասնյակ հազարների) վեցամսյա ժամկետում 90 օրից ավելի իրավունք չունի գտնվելու Վրաստանի տարածքում:

Մեծարգո պարոն վարչապետ

Ցավալին այն է, որ Վրաստանի իշխանությունները Ձեր կառավարությանը և միջազգային հանրությանը հավատացնում են, թե այդ ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, և այդ կարգավիճակով բազմահազար մարդիկ կարող են հեշտությամբ ստանալ կացության իրավունքի վկայական և մնալ իրենց ընտանիքների մոտ: Իրականությունը բոլորովին այլ է. բազմահազար ջավախահայեր ամեն օր ստանում են կացության իրավունքի թույլտվության  մասին դիմումների մերժումներ, որոնք, նորից կրկնելով այդ քայլը, արդեն ծախսել են միլիոնավոր լարիներ: Ավելին, Վրաստանի արդարադատության մինիստրությունը մերժել է անգամ Երևան – Ջավախքի մի շարք շրջաններ ուղևորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, և օրեր առաջ վերջիններս ստիպված էին հետ վերադառնալ Երևան, շատերն էլ օրենքը խախտելու և մի քանի ժամ Վրաստանի տարածքում ավել մնալու համար տուգանվել են 180 լարի չափով:

Մեծարգո պարոն վարչապետ

ՀՀ պառլամենտի նախագահ Գ. Սահակյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացվեցին այս և մի շարք այլ հարցեր։ Ցավոք, այցի ընթացքում խորհրդավոր և գաղտնի պայմաններում միայն վերացվեցին որոշ պատգամավորների՝ Վրաստան  մուտքի արգելքները.  ոչ մի այլ շոշափելի դրական շարժ տեղի չունեցավ: Հատկապես այն հույժ կարևոր հարցը, որը վերաբերում է ջավախքահայության մի ստվար հատվածի՝ հայրենիքում մնալ-չմնալուն, այդպես էլ մնաց օդում կախված: Մեզ համար, իհարկե, ուրախալի է, որ մեր հայրենակից-պատգամավորներն այժմ կարող են մտնել իրենց պապենական շեներ, ցավալի է, սակայն, այն, որ երկուստեք առաջնահերթ համարվեց և նեղ անձնական (ոչ համակարգային) կերպով կարգավորվեց հենց այդ հարցը, իսկ իրական հիմնահարցը մնաց իր նույն տեսքով:

Մեծարգո պարոն վարչապետ

Օրեցօր աճում է այն ջավախքահայերի թվաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսյա ժամկետն արդեն լրացել է և իրենք Ջավախք մուտքի իրավունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցության վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտավոր են առնվազն երեք ամիս մնալ ՀՀ-ում: ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ-որ կայքի հասցե, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ և մտնել Վրաստան: Սա ևս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջվող դրույթները անհաղթահարելի են (5.000 լարի հաշվեհամարային տեղեկանք, Ջավախքում հաշվառման վայրի սեփականության վկայական, որը Ջավախքի գյուղական վայրերում պարզապես գոյություն չունի, և մեծ բարդություններ են ստեղծված այն ձեռք բերելու համար, տան անդամների համաձայնագրեր, որոնք լինում են արտերկրում և այլն): Միաժամանակ՝ վիզան պարզապես ապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առավելագույնը երեք ամսով, սակայն դրան պետք է հետևի կրկին կացության վկայականի ստացումը, որտեղ էլ կրկին երևում են Վրաստանի անվտանգության մարմինների գայլի ականջները, և քաղաքացիները կրկին բախվում են մերժման պատին: Լայն իմաստով այդ վիզան ավելորդ գլխացավանք է, եթե քաղաքացին չի ստանալու կացության իրավունք: Ավելին, եթե Վրաստանը վիզայի միջոցով թույլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր և դրա հենքի վրա տալու է կացության իրավունք, ապա ինչու՞ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ Վրաստանում գտնվելու իրավունք ունեին, մերժել այդ մարդկանց տալու կացության իրավունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանությունը:

Մեծարգո պարոն վարչապետ

Գ. Սահակյանի այցի ընթացքում Վրաստանի քաղաքացիություն չունեցող ջավախահայերին կացության իրավունքի տրամադրման չկարգավորված հարցը գնալով խորացավ, հասավ այնտեղ, որ արդեն մարդիկ զանգվածորեն լքելու են իրենց հարազատ ընտանիքները: Եթե Ձեր առաջիկա այցի ընթացքում ևս չկարգավորվի այն և այդ մարդիկ չստանան կացության իրավունքի վկայականներ, ապա հետագան անկանխատեսելի կդառնա բոլորիս, այդ թվում՝ ՀՀ պետության համար: Այս վիճակը ուղղակիորեն հարվածում է բոլորի ընտանիքներին, և արդեն մարդիկ գյուղերով մեկնում են Ջավախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի:

Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքի հայության առաջացրած վակուումը արագորեն լցվելու է թուրք-ադրբեջանցիներով, որի հետևանքները բոլորիս համար պարզ են:  

Ջավախքի մի խումբ մտավորականներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter