HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էլեկտրոնային գնումներ. առևտուր՝ առանց իրավական կարգավորումների

2014 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում անկանխիկ գործառնությունների հաշվարկով ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը 6 մլրդ դրամ է, որից  էլեկտրոնային առևտրին բաժին է հասել 1.2 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է կենտրոնական բանկը:

Աշխարհում որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ֆինանսական գործիքները, այնքան լայն թափ է ստանում  էլեկտրոնային և բջջային եղանակով ծառայությունների մատուցման և էլեկտրոնային առևտրի տարբեր դրսևորումները: Այս առումով Հայաստանը բացառություն չէ:

Մեր երկրում միայն այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով քարտերով անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 19%-ով և կազմել ընդհանուր քարտային գործառնությունների 10%-ը: Իսկ բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների միջին օրական ծավալը կազմել է 95.6 մլրդ դրամ:

Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված միջին օրական փոխանցումները 2013 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 41%-ով` կազմելով 46.7 մլրդ դրամ, իսկ քանակը նվազել է 34%-ով՝ կազմելով 13 հազար:

Օրինակ, վերջին 5 տարում Մեծ Բրիտանիայում կանխիկ գործարքների թիվը կրճատվել է շուրջ 14%-ով, ինչը պայմանավորված է երկրում ինտերնետային առևտրի ծավալների ավելացմամբ, ինչպես նաև բանկային վճարային քարտերի կիրառության ընդլայնմամբ:

Ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում ամբողջ աշխարհում զարգանում է էլեկտրոնային առևտուրը: Հայ հանրությանը ավելի հայտնի են արտասահմանյան amazon.com, ebay.com և այլ ինտերնետային խանութները: Հայաստանում էլ կան ինտերնետային խանութներ, անկանխիկ գործարքներով ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլն, սակայն ազգային օրենսդրության թերի ու ոչ պատշաճ կարգավորումների կամ առանձին դեպքերում կարգավորման բացակայությունը անկանխիկ գործարքների, այդ թվում՝ ինտերնետային առևտրի նկատմամբ վստահությունը նվազեցնում է: Հայաստանում գործում են ինտերնետային և հեռուստատեսային խանութներ, որտեղ բացակայում է ապրանքի կամ վաճառողի մասին անհրաժեշտ տեղեկություններ, ինչը կարող է մոլորեցնել գնորդին:

Ի՞նչ է ինտերնետային առևտուրը, և արդյոք պաշտպանված են սպառողների իրավունքները

Ավանդական առևտրի համար էլեկտրոնային ցանցը տվյալների փոխանակման միջոց է, մինչդեռ  «մաքուր» էլեկտրոնային առևտրի դեպքում այն միջավայր է, որտեղ կնքվում կամ կատարվում են ինտերնետային գործարքներ: Օրինակ, ԱՄՆ-ում ցանկացած գործարք, որն իրականացվում է ինտերնետի միջոցով, համարվում է ինտերնետային առևտուր, իսկ Հայաստանում այս սահմանումը ևս հստակեցված չէ:

Ի տարբերություն առևտուր կատարելու ավանդական եղանակի, որտեղ գնորդը կամ սպառողը հնարավորություն ունեն մոտիկից «շփվել» ապրանքի հետ՝ շոշափել, ուսումնասիրել, որակական համեմատություններ կատարել, էլեկտրոնային առևտրի դեպքում սպառողը զրկված է այդ հնարավորությունից այդ իսկ պատճառով մեծ է հավանականությունը, որ անձը կարող է սխալվել իր իսկ ընտրության մեջ: Սակայն, ռիսկերից բացի, էլեկտրոնային առևտուրն ընձեռում է մի շարք հնարավորություններ:

Ինտերնետային առևտրի դեպքում անձը կարող է առանց տնից դուրս գալու դիտարկել ու համեմատել բազմաթիվ ապրանքներ՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, առևտուր կատարել ցանկացած օր և ցանկացած ժամի, չմտածել ապրանքի տեղափոխման և այլ անհարմարությունների մասին, ինչը «սպառնում» է ավանդական առևտրի դեպքում:

Երևանի փողոցներում 30 պատահական անցորդի շրջանում կատարել ենք հարցում՝ պարզելու համար արդյոք վստահում են անկանխիկ և ինտերնետային գործարքներին: Հարցվածներից 22 մարդ պատասխանել է, որ չի վստահում, 3-ը՝ վերապահումներով է վստահում, իսկ հարցվածներից 5-ը՝ լիարժեք վստահում է: Նշենք, որ հարցվածներից 19 հոգի առնվազն մեկ անգամ կատարել էր անկանխիկ գործարքներ, այդ թվում՝ ինտերնետային խանութներից առևտուր:

Հարցվածների գերակշիռ մասը չվստահելու հիմնական պատճառ նշում էին ինտերնետ տիրույթում ծառայություններ մատուցող, ապրանքներ վաճառող ընկերության կամ անհատի մասին տեղեկատվության ոչ ամբողջական լինելը, ապրանքների ու ծառայությունների մասին ոչ լիարժեք տեղեկատվությունը, գնված ապրանքի որակի և հետ վերադարձնելու երաշխիքի բացակայությունը:

Հարցվածներից Ալինան, ով ուսանող էր, նշեց, որ հայաստանյան ինտերնետ խանութներից մեկից խոհանոցային ապրանք է գնել, մտածելով, որ գնում է հենց այն ապրանքը, որի նկարը տեղադրված է եղել կայքէջում: Ըստ նրա՝ նախ պատվիրված ապրանքն իրեն փոխանցվել է 2-3 օր ուշացումով, իսկ երբ ստացել է այն, պարզել է, որ թե արտաքին տեսքով, թե գույնով ու որակով այն ոչ մի աղերս չունի ինտերնետային կայքէջում տեղադրվածի հետ: Ալինան չի ընդունել ապրանքը, իսկ անկանխիկ եղանակով նախապես վճարած գումարը հետ ստանալու համար պահանջվել են շաբաթներ:

«Վաճառողի հետ կապ հաստատելու համար ինձ տվել էին ընդամենը բջջային հեռախոսահամար: Երբ զանգահարում էի այդ համարով կամ զբաղված էր ցույց տալիս, կամ անհասանելի էր: Վճարված գումարը քիչ չէր՝ 30.000 դրամ, ուստի չէի կարող հենց այնպես նվիրել իրենց: Միայն երկու շաբաթ անց եմ կարողացել գումարը հետ նստացնել իմ քարտային հաշվի վրա»,- պատմում էր Ալինան:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում է ապրանքների գնման, հետ վերադարձի և փոխանակման գործընթացը, էլեկտրոնային առևտրի գործընթացը չի կարգավորում և օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Ըստ նրա՝ այժմ օրենսդրական նախաձեռնության գործընթացը «սահմանափակման» փուլում է՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ինտեգրման կուրսը, պետությանը ստիպված է արդեն առաջնորդվել ԵՏՄ օրենսդրությամբ և 1-3 ամսվա կտրվածքով օրենքում փոփոխություներ չկատարել և սպասել  ընդհանուր փոփոխության:

Բաբկեն Պիպոյանը ևս նշեց, որ էլեկտրոնային առևտուրը ռիսկային է և սպառողը ավելի քան ուշադիր պետք է լինի: Նրա խոսքերով՝ էլեկտրոնային խանութների կայքէջերում նույնիսկ մեկնաբանությունների դաշտում են տնտեսվարողները դիմում խորամանկ քայլերի: Օրինակ, երբ մեկ գնորդ մեկնաբանությունների դաշտում իր դժգոհությունն է արտահայտում ապրանքի որակի վերաբերյալ, տնտեսվարողը կեղծ օգտատերերի կամ իր աշխատակիցների միջոցով 30-40 դրական մեկնաբանություններ է գրառում նույն դաշտում, որպեսզի ընդհանուր ֆոնը փոխվի և գայթակղի մարդկանց: Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել ոչ թե վերջին մի քանի մեկնաբանությունները, այլ ընդհանուր ձևավորված կարծիքը:

Նրա խոսքերով՝ գնորդը մինչ առևտուրը պետք է պարզի, թե ապրանքի վերադարձման դեպքում տեղափոխման ծախսերը ո՞ր կողմն է հոգալու: «Լինում են դեպքեր, երբ վաճառողն ասում է, որ մենք պատասխանատու ենք որակի համար, պատրաստ ենք հետ ընդունել ապրանքը, այնուամենայնիվ, պարզվում է, որ հետ վերադարձի գործընթացը շատ ավելի թանկ է, քան ապրանքի ինքնարժեքը: Հատկապես դրսից առևտուր անելու դեպքում պետք է դրան ուշադրություն դարձնել»,- ասում է Բ. Պիպոյանը:

ՀԿ-ի նախագահը նշում է, որ կան էլեկտրոնային շուկայում գործունեություն իրականացնող կայքէջեր, որոնք պատշաճ գրանցում չունեն և հակերական գործողությունների շնորհիվ ապօրինաբան գանձումներ են կատարում, իսկ վերջում պարզվում է, որ նման ինտերնետային խանութ գոյություն չունի: «Այս երեք դրույթներին հետևելու պարագայում բարձր պաշտպանվածություն կարելի է ունենալ, եթե նույնիսկ երկրի օրենսդրությամբ ամբողջապես ոլորտը կարգավորված չէ: Պետք է գիտակցենք, որ էլեկտրոնային առևտրի պարագայում սպառողը հենց ինքն է իր պաշտպանը»,- հավելում է Բաբկեն Պիպոյանը:

Էլեկտրոնային առևտուրն ինչպե՞ս է կարգավորվում գործող օրենսդրությամբ, և ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում

Հայաստանում գործարքների, այդ թվում պայմանագրերի կնքման կարգը, ինչպես նաև դրանց ձևի նկատմամբ ներկայացվող պահանջները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր՝ հասարակ կամ նոտարական ձևով: Ընդ որում՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների վկայակոչել վկաների ցուցմունքները: Որոշ դեպքերում նույնիսկ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Գործարքների կնքման կամ ծառայությունների մատուցման դեպքում, եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում: Իսկ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:

Կառավարության նախաձեռնությամբ փորձագետները մշակել են «Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթ, ըստ որի՝ Քաղաքացիական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործարքների կնքմանը, պայմանագրի ձևին վերաբերող դրույթները նկատի չեն առնում էլեկտրոնային եղանակով գործարքների և պայմանագրերի կնքման առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով առկա է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածներում: 

Հայեցակարգի փորձագետներից Վարդուհի Դանիելյանը նշում է, որ օրենքով պետք է սահմանել առնվազն նվազագույն պահանջներ այն էլեկտրոնային կայքերի ու խանութների, ինչպես նաև հեռուստատեսային խանութների նկատմամբ, որոնք հրապարակային հայտարարություններ են տեղադրում համացանցում կամ հեռուստատեսությամբ ապրանքների վաճառքի  կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Ըստ փորձագետի՝ այդ տեղեկատվությունը պետք է հնարավորություն տա պարզելու, թե ով է կանգնած տվյալ կայքի կամ էլեկտրոնային, հեռուստատեսային խանութի հետևում:

Առաջարկում են օրենսդրությամբ ամրագրել նաև առնվազն այն պահանջների և տեղեկատվության ցանկը, որոնք հնարավորություն կտան նույնականացնել էլեկտրոնային  հեռահաղորդակցության կամ հեռուստաեթերի միջոցով ապրանք կամ ծառայություն առաջարկողին, ում հետ գնորդը մտնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ: Ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է առկա լինի որևէ տեղեկատվական կայքում  այն ժամանակահատվածում, որի ընթացքում նրանք իրականացնում են իրենց գործունեությունը:

Չի բացառվում, որ օրենսդրական փոփոխությունները բերեն նրան, որ սպառողն ի հավաստում կնքված գործարքի կարողանա պահպանել  գործարքը կնքված լինելու մասին էլեկտրոնային տեքստը և այն ներբեռնել համակարգչում կամ որևէ էլեկտրոնային կրիչում:

Վարդուհի Դանիելյանն ասում է, որ օրենսդրական մակարդակով պետք է նախատեսել ապրանքը վերադարձնելու գնորդի իրավունքը՝ սահմանելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում վաճառողը պարտավոր է  վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը: Ինչպես նաև նկարագրել բոլոր այն քայլերն ու դրանց հաջորդականությունը, որոնք պետք է կատարի գնորդը վաճառքի կամ ծառայությունների մատուցելու մասին հրապարակային առաջարկն ընդունելու համար՝ հստակեցնելով այն պահը, երբ առաջարկը գնորդի կամ սպառողի կողմից  կհամարվի ընդունված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter