
Գնաճը փոխարժեքին համարժեք է. ՏՄՊՊ հանձնաժողովի նախնական դիտարկումը
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ իրենց ուսումնասիրության նախնական տվյալներով` Հայաստանում գնաճը փոխարժեքին համարժեք է:
Նիստի ժամանակ նա ներկայացրել է հանձնաժողովի դիտարկումների արդյունքները ապրանքների թանկացման հարցում և շուկայական դիրքի չարաշահումները:
Շաբոյանի խոսքով` նախ առանձնացվել են այն ապրանքային շուկաները, որոնք գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում: Դրանք, ըստ նրա, այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները, և հանձնաժողովը դիտանցումներ է իրականացնում այդ ապրանքային շուկաներում, հետևում է խոշոր ընկերությունների վարքագծին, որպեսզի թույլ չտան դրանց կողմից հակամրցակցային գործողություններ:
Այնուհետև այդ ապրանքային շուկաներից առանձնացվել են այն ապրանքները, որոնք սոցիալական նշանակություն ունեն: «Դրանք 16-17 անուն ապրանքներ են: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, հավի մսին, հավկիթին, սուրճին, ալյուրին և այլն»,- ասել է Շաբոյանը:
Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի:
«Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Այնուհետև գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը:
Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի դրանից, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա»,- նշել է Ա. Շաբոյանը:
Շաբոյանի խոսքով` ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել` նշելով, որ խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին: Ելույթն ամբողջությամբ` այստեղ:
Մեկնաբանել