
«Վանաձորի-Քիմպրոմի» աշխատողների շուրջ 450 մլն դրամ աշխատավարձի պարտքը մարված է
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախորդ` 2013թ. դեկտեմբեր 21-ի մամուլի իր տարեվերջյան ասուլիսում 2014թ.-ը իր համար հայտարարել էր արտագաղթի դեմ պայքարի տարի: Խոստման կատարման և մարզի տնտեսության զարգացմանը այլ խոչընդոտների մասին «Հետքը» հարցեր է ուղղել Լոռու մարզպետին:
-Ի՞նչ հաջողություններ եք արձանագրել մարզում արտագաղթը կանխելու գործում :
-Մենք իրականացրել ենք այնպիսի ներդրումային ծրագրեր, որոնք հնարավորություն են ընձեռնել մարզում ստեղծել նոր աշխատատեղեր: Շուտով կբացվի Թեղուտի հանքավայրը: Այս պահին Թեղուտում աշխատում է շուրջ 1250 մարդ: Շահագործումից հետո այնտեղ զուտ նեղ մասնագիտական աշխատանքներ են պահանջվելու, բայց կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր:
Հանքավայրի շահագործումից հետո Ալավերդու պղնձաձուլական գործարանում նոր արտադրամաս է բացվելու, որի արդյունքում ևս մի քանի հարյուր աշխատատեղ կավելանա: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վ. Մեջլումյանի հետ մեր վերջին զրույցից հասկացա, որ Թեղուտն ավարտելուց հետո պղնձաձուլական գործարանում լուրջ ներդրումներ են իրականացվելու` պղնձի արտադրության ծավալների ընդլայնման համար:
Վիճակը փոխվել է նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում, որի նոր սեփականատերը լուրջ է վերաբերվում կոմբինատի առջև ծառացած խնդիրներին: Ախթալայում այս տարի 200 նոր աշխատատեղ է բացվել: Ինչ-որ չափով բարելավվել են ԼՀԿ-ի աշխատանքային պայմանները, աշխատողներին տրվում է նաև որոշակի սնունդ: Ստեփանավանի Արմանիսի հանքավայրի նոր տնօրինությունը բարձրացրել է աշխատողների միջին աշխատավարձը: ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի 10մլն. դոլար ներդրումով շուրջ 220 աշխատատեղեր է բացվել Սպիտակի նոր թռչնաբուծարանում:
Առաջիկայում թռչնաբուծարանին կից Սպիտակում կբացվի նաև կերի նոր արտադրամաս: Սպիտակում շատ կարևոր մի ծրագիր էլ կա` կապված տեքստիլ արդյունաբերության հետ: Այստեղ շուրջ 2 միլիոն դոլարի սարքավորումներ են տեղադրված: Այս պահին 40 մարդ է աշխատում, 2015թ.-ին կբացվի կանանց աշխատուժի տեղավորման ևս 80-100 աշխատատեղ: Մեզ համար խոցելի է մնում մարզկենտրոնը: Վանաձորում աշխատատեղերի ստեղծման ներդրումային ծրագրեր 2014թ.-ին չկարողացանք իրականացնել, փոքր ու միջին բիզնեսն է մի փոքր ավելացել: Կասեի, որ այս պահին Վանաձորում սոցիալական լարվածությունը 2013թ. հետ համեմատած գրեթե չի փոխվել: Ուրախությամբ հայտնում եմ, որ «Քիմպրոմի» աշխատողների շուրջ 450 մլն. դրամ աշխատավարձի պարտքը, ինչպես խոստացել էր նախագահ Ս. Սարգսյանը, ամբողջությամբ այս պահի դրությամբ մարված է:
-Հեռանկարում ինչ է սպասվում «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ին :
-Այս պահին այնտեղ ուսումնասիրություններ են կատարում վրացի գործարարները և չի բացառվում, որ հենց նրանք էլ կդառնան ընկերության նոր սեփականատերերը:
-Արտագաղթողները հույսեր չեն կապում իրենց համայնքների ապագայի հետ: Ինչպե՞ս եք Դուք տեսնում Լոռու մարզի ապագան:
- Ես մարզի ապագան տեսնում եմ տնտեսության զարգացման երեք ուղղություններով: Առաջին տեղում տեսնում եմ արդյունաբերության զարգացումը: Մեր 113 համայնքներից 105 գյուղական համայնքներ են: Տնտեսության զարգացման ամենակարևոր ճյուղը մեզ համար գյուղատնտեսությունն է: Եթե 3 տարի առաջ մեր գյուղնշանակության հողերի 45-50 տոկոսն էր մշակվում, այս պահին մարզի վարելահողերի 68 տոկոսը մշակվում է: Տնտեսության զարգացման 3-րդ կարևոր ճյուղը ես համարում եմ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը և մասնավորապես կարևորում եմ մարզում տուրիզմի զարգացումը:
Վերջինիս հետ կապված մենք մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնում նաև միջազգային կառույցների հետ: Ագրոտուրիզմի զարգացման նպատակով համագործակցում են Ֆրանսիայի Պակա մարզի հետ: Ակնկալում ենք, որ տուրիզմի զարգացումը մարզում կապահովի գործարար ոլորտի նոր ներդրումներ, ենթակառուցվաքների բարելավում և նոր աշխտատեղեր:
- Ի՞նչ ազդեցություն կունենա արտարժույթի դրամի արժեզրկումը մարզի համայնքների արդենգրեթե ձևավորված և հաստատված բյուջեների վրա:
-Դրամի արժեզրկումը բնականաբար իրենց բացասական ազդեցությունը կթողնեն համայնքային բյուջեների ծախսային մասում` հատկապես գնումների մասով:
-Որքա՞ն է մարզում այս պահին կազմում գնաճը:
- Առայժմ 5-7 տոկոս է :
-Արտերկրից տարեկան որքա՞ն դրամական փոխանցումներ են բանկային ճանապարհով մտնում Լոռու մարզ:
-Գումարային չեմ կարող ասել, բայց Տաշիրում և Սպիտակում հատկապես արտագնա աշխատանքն ու արտագաղթը մեծ չափերի է հասնում, ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներից այստեղ բնակչության կենսամակարդակի անկումը էլ ավելի կմեծանա: Մենք չենք թաքցնում, որ Լոռու մարզում սոցիալական լուրջ լարվածությունը կա` ընդհանրապես: Աղքատությունը 2014թ.-ին մարզում հասնում է 38 տոկոսի:
- Ի՞նչ կասեք Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդեգրած կադրային նշանակումների մասին:
-Ես կարծում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիներին Սամվել Դարբինյանը կադրային բարեկամական նշանակումներ չի կատարել:
- Նոյեմբերի 18-ի ավագանու նիստում նա իր քենու աղջկան նշանակեց Վանաձորի թիվ 24 մանկապարտեզի վարիչ:
-Եթե ավագանին միաձայն կամ ձայների մեծամասնությամբ ընտրում է քաղաքապետի բարեկամին, քաղաքապետը չպետք է ընդունի՞ իր բարեկամին աշխատանքի:
-Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր քանի՞ բարեկամների եք նշանակել պաշտոնների:
- Ուզում եմ հիշել, բայց երևի ոչ մեկին:
Մեկնաբանել