Փաստաբանը դիմել է ոստիկանություն
Առավոտյան` ժամը 08:45 սահմաններում, գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի բնակված տան ուղղությամբ կրակոցներ են հնչել: Թամարա Յայլոյանը մոր հետ բնակվում է քաղաքապետարանի հետնաբակում գտնվող մասնավոր սեկտորի տներից մեկում: Նրա փոխանցմամբ` կրակոցից տուժել են միայն տան պատուհանները:
Թամարա Յայլոյանը կատարվածում դիտավորություն չի տեսնում: Այս պահին ինքը որևէ աղմկահարույց քրեական գործով չի զբաղվում: Անցած տարի իր հասցեին սպառնալիքներ հնչել են, երբ նախնական կալանքի ժամանակ ներկայացրել է Վարդան Ղուկասյանի եղբոր որդու շահերը: Փաստաբանին վիրավորել ու սպառնացել էին ոստիկանության ներկայացուցիչները: Սակայն այսօրվա հնչած կրակոցները մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ փաստաբանը չի կապում:
Նա կարծիք է հայտնել, որ հավանաբար թափառող շներին վերացնելուն ուղղված միջոցառումների արդյունքում է հրազենից արձակված գնդակը կպել տանը: Սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ նման գործողություններ իրականացնում են կամ գիշերը կամ լույսը դեռ լիարժեք չբացված:
Դեպքի հետ կապված փաստաբանը դիմել է ոստիկանության Կումայրիի բաժին: Գործը հանձնարարվել է քննելու քննիչ Սահակ Մկրտչյանին:
Մեկնաբանել