Նախագահն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ մեր երկրում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Օլեքսանդր Պավլյուկին՝ Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար և ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գրասենյակի հաջորդ ղեկավարը նույն նվիրումով և եռանդով կշարունակի իր նախորդի գործը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Նախագահի խոսքով` ինչպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց տարիներ առաջ, այնպես էլ այսօր, որպես ԵԽ անդամ, Հայաստանն օգտվել և օգտվում է կազմակերպության փորձագիտական ներուժից, ինչն էական նշանակություն ունի մեր երկրի օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, Հայաստանի հատուկ և կանոնադրային պարտավորությունները կատարելու առումով:
Օլեքսանդր Պավլյուկը ևս արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը և անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու և ամրապնդելու նպատակով, ՀՀ արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը: Մանրամասն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել