
ՏԻՄ ընտրություններ` 35 համայնքներում
Դեկտեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 59 թեկնածուներից 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
2014թ. դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ:
Մեկնաբանել