
Վիզային ռեժիմի փոխհամաձայնություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև
2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: «Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել