HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարբարա Օերթել. «Հրապարակումը չպետք է վնասի մարդու արժանապատվությունը»

Մանե Գրիգորյան

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հ/կ-ի կազմակերպած «Հայ-գերմանական ժուռնալիստական դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանում էր գերմանական «Die Tageszeitung» թերթի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելը (Barbara Oertel)` մասնագիտական դասընթաց վարելու համար: Շատ հարցեր, որ պատրաստել էինք, Բարբարայի համար անհասկանալի էին, որովհետև այդպիսի դեպքերի համար Գերմանիայի հասարակությունում ապրող քաղաքացին և լրագրողը պատասխան չունի... : Օրինակ` ինչպես կարող է դեղին մամուլի բովանդակություն ունեցող, ժամանցային ինֆորմացիայի կողքին հայտնվել լուրջ, քաղաքական կամ մեկ այլ բովանդակություն ունեցող հոդված: Մինչդեռ Հայաստանում մենք նման տարանջատումներ մեծամասամբ չունենք:

«Դեղին մամուլին հատուկ ինֆորմացիան նույն հարթությունում այլ մակարդակի՝ լուրջ բովանդակությամբ նյութերի հետ չի կարող հայտնվել»,-ասում է Բարբարա Օերթելը:

Գերմանիայում լրագրողի առօրյան՝ ամբողջ առավոտը լցված չէ մամուլի ասուլիս լուսաբանելու սուրբ պարտականությամբ: Մինչդեռ մեզանում մեկ օր շուտ՝ երեկոյան, խմբագիրը լրագրողների միջև բաժանում է օրվա ընթացքում առկա ասուլիսները: Եվ ձայնագրիչ-լրագրողները բանախոսների խոսքը պետք է ճշգրտությամբ վերարտադրեն:

«Մամուլի ասուլիսներ հաճախ անցկացվում են, բայց ես անձամբ շատ հազվադեպ եմ օգտագործում, որովհետև եթե հարց ունեմ, անձամբ զանգում, ճշտում եմ: Չի կարելի ասել, որ Գերմանիայում մամուլը շատ կամ քիչ է լուսաբանում ասուլիսները, դա կախված է իրավիճակից»,-ասում է Բարբարան:

Բարբարա Օերթելի հետ զրուցել ենք «Die Tageszeitung »-ի լրագրողական հայացքի, գերմանական հասարակության մասին: 

«Մեզ համար կարևոր է, թե ինչ բնույթի սենսացիայի մասին է խոսքը»

Գերմանիայում տարբեր մակարդակի ԶԼՄ-ներ կան: Կա դեղին մամուլ, որի համար սենսացիան շատ կարևոր է, իսկ մենք մեզ համարում ենք որակյալ լրատվամիջոց, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է, թե ինչ բնույթի սենսացիայի մասին է խոսքը: Օրինակ` մեր նախագահի հրաժարականը նույնպես համարվում է սենսացիա. ինչ-որ սկանդալներ, քաղաքական գործիչների անձնական կյանքը որոշակի դեր խաղում է, բայց ոչ այնքան, որքան լուրջ և խորքային վերլուծությունները:
Երբեմն նյութերը պատրաստելու համար ժամանակը չի բավականացնում, և հետաքննությունները այնքան խորքային չեն, որքան ցանկություն կա, որ լինեն: Ինչ-որ չափով մակերեսի վրա են, բայց մենք փորձում ենք այդ ամենը փոխել. թերևս, ոչ միշտ է հաջողվում: Տարբեր բնույթի հոդվածներ կան. վերլուծությունները, հետազոտությունները, բնականաբար, մի քանի շաբաթվա աշխատանք են, բայց ամենօրյա նյութերն այնքան խորքային չեն, որքան կուզեինք: Մանավանդ օնլայն պարագայում դա ավելի բարդ է:

«ճշմարտություն» սատիրիկ բաժնի մասին

Tageszeitung-ի սատիրիկ «Ճշմարտություն» /wahrheit/ էջում իրականությունն ավելի սուր երանգով է ներկայացվում, և մի քանի անգամ «Die Tageszeitung»-ին դատի են տվել հենց այդ բաժնում զետեղված սատիրիկ հոդվածների համար: Բաժիններից յուրաքնչյուրն իր պատասխանատուն ունի:

«Եթե ինչ-որ մեկն ինձ լուսանկարի և առանց ինձ հարցնելու հրապարակի թերթում, ցանկության դեպքում կարող եմ դատի տալ»

Լուսանկարը չես կարող հրապարակել առանց լուսանկարի տիրոջ հետ համաձայնեցնելու: Դա չի վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաներին, ասենք` կանցլերին կամ պատգամավորներին:

Պաշտոնյաներին անդրադառնալու սահմանափակումներն, իհարկե, կախված են դեպքից, չի կարելի անդրադառնալ նրանց անձնական կյանքին, իսկ քաղաքականության մասին գրելու, այն քննադատելու սահմանափակումներ չկան: Ուղղակի հրապարակումը չպետք է վնասի անձին, նրա արժնապատվությանը:
Կուսակցություններն ունեն իրենց կայքերը, բայց դա օնլայն լրագրություն չէ, և մարդիկ գիտեն, թե դա ում է պատկանում, և նրանք չեն ներկայացնում իրենց գրածը որպես օբյեկտիվ իրականություն:

Ֆինանսավորման մասին

Օնլայն տարբերակից «Die Tageszeitung»-ը ֆինանսավորում չունի, գումարները գոյանում են թերթի վաճառքից, և այդ գումարն օգտագործվում է կայքը ֆինանսավորելու համար: Հնարավոր է, որ օնլյան հարապարակումը կարդալուց հետո ցանկացողները ինքնակամ ֆինանսավորեն, դրանից գոյանում է ամսական 6000-7000 եվրո, երբեմն` ավելի քիչ: Եթե դու չես վճարում կամ սեղմում ես «ես արդեն վճարել եմ» տողի վրա, որն, իհարկե, ոչ մեկ չի ստուգում, հոդվածը, միևնույն է, կարող ես կարդալ:

«Գերմանացիները ոչ թե իրենց ամենալավն են համարում, այլ պարզապես ինչ-որ ուսուցողական մոտեցում ունեն ուրիշների հանդեպ»

Ես չեմ կարծում, որ գերմանացիները շատ բաց են: Բացի այդ, չկա մի հասարակություն, Գերմանիան ֆեդերալ հանրապետություն է, և այնտեղ շատ տարբեր է մենթալիտետը. հյուսիսում և հարավում մտածելակերպը տարբերվում է: Եվ ինչու է ինձ անհանգստացնում ցեղասպանության հարցը, որովհետև դուք այդ հարցը դիտարկում եք զոհի տեսանկյունից, իսկ ես` հանցագործի տեսանկյունից: Հոլոքոստը ժողովդրի վրա շատ է ազդում, գուցե երիտասարդությունը չի ուզում լսել այդ մասին, և մեծերից շատերն էլ, դա շատ ցավոտ հարց է, մարդիկ ոչ թե իրենց մեղավոր են զգում, այդպես չէի ասի, այլ ունեն որոշակի պատասխանատվության զգացում, որպեսզի դա նորից չկրկնվի: Քաղաքական բանավաճերում դա մեծ դեր ունի և դարձել է գերմանացի ժողովրդի ինչ-որ առանձնահատկություն, քանի որ ցեղասպանությունը իսկապես ազդում է ժողովրդի վրա:

Գերմանացիները ոչ թե իրենց ամենալավն են համարում, այլ պարզապես ինչ-որ ուսուցողական մոտեցում ունեն ուրիշների հանդեպ, քանի որ ինչ-որ բաներ արդեն տեսել են, երևի թե գիտեն՝ ոնց կարող է լավ լինել ուրիշների համար: Երևի դա ուրիշ կենցաղավարության հանդեպ համբերության հարցն է: Ես կասեի, որ դա մի քիչ մանկավարժների ազգություն է, ոչ թե զուտ նացիոնալիզմի մասին է խոսքը, այլ ուղղակի թվում է`մենք ուրիշներից ավելի լավ ինչ-որ բաներ կարող ենք անել: Եվ դա ինձ դուր չի գալիս:

Խոսելով Հայաստանի հեռանկարի մասին` նա նշեց, որ Մաքսային միություն Հայաստանի մուտքը համարում է սխալ, և նրան թվում է՝ Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի կարող առաջարկել:

Հ.Գ.- Հայերի` նշված ժամանակին պայմանավորված տեղում չլինելը Բարբարա Օերթելի համար անսովոր է, թեպետ կարծում է` լուրջ բացթողում չէ... Իսկ այ որ հայերը ռեստորանում կարող են սեղանին թողնել ուտելիքի մեծ մասը, վճարել ու գնալ, դա իսկապես արտասովոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter