600-ից ավելի մշտադալարներ` Հայաստանի Եվրոպական և Շախմատի ակադեմիաների շրջակայքում
«Էյ Թի Փի» ԲՀ-ն (Հայաստան ծառատունկ ծրագիր) տեղեկացնում է, որ սկսել է իր աշնանային ծառատունկը` համագործակցելով «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության հետ, որը էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերության հայաստանյան ճյուղն է: «Էյ Թի Փի»-ի անձնակազմը, «Սինոփսիսի» մոտ 600 աշխատակիցներ` իրենց ընտանիքների և ուսանողության հետ, տնկեցին 600-ից ավելի տույա մշտադալարներ Հայաստանի Եվրոպական ակադեմիայի և Շախմատի ակադեմիայի շրջակայքում:
Մշտադալար ծառերը աճեցվել են «Էյ Թի Փի»-ի տնկարաններում, որոնք տեղակայված են փախստականներով բնակեցված Կարին և Խաչփառ գյուղերում: Նախքան ծառատունկը «Էյ Թի Փի»-ի մասնագետները արդեն իսկ պատրաստել էին տնկման փոսերը: Տնկված ծառերը մշտապես կհսկվեն «Էյ Թի Փի»-ի կողմից բարձր կպչողականություն ապահովելու նպատակով:
«Մեր շարունակական համագործակցության շրջանակներում ավելի քան 600 մասնակիցներ ծառեր տնկեցին Շախմատի ակադեմիայի շրջակայքում ի պատիվ 2011թ-ի Հայաստանի շախմատի չեմպիոնների,-նշում է «Էյ Թի Փի» ԲՀ-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը և ավելացնում,- մենք նաև միասնաբար ծառատունկ իրականացրեցինք Եվրոպական ակադեմիայի շրջակայքում` նշելով վերջինիս տասնամյա հոբելյանը: Կարծում եմ սա լավագույն միջոցն է այս երկու հաստատությունների նկատմամբ մեր խորին հարգանքը ցուցաբերելու համար»:
«Էյ Թի Փի»-ն և «Սինոփսիսը» միասին տնկել են հազարավոր ծառեր Երևանի տարբեր համայնքներում` Հաղթանակի այգում, Ծիծեռնակաբերդում, կանաչապատվել է Ցեղասպանության թանգարանի հիմնական արահետներից մեկը, Նոր Նորքը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի սբ. Երրորդություն եկեղեցին, «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնը և այլն:
Նոյեմբերին «Էյ Թի Փի»-ն կհամագործակցի KPMG միջազգային աուդիտորական, հարկային և խորհրդատվական կազմակերպության հետ և կտնկվի 300 ծառ և թուփ Մուսալեռում` Պտղունք գյուղում տեղակայված կանանց աջակցության «Փարոս» ԲՀ-ի շրջակայքում:
Ամբողջ աշխարհում KPMG անդամ ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կիրառում այն համայնքներում, որտեղ իրենք գործունեություն են ծավալում: «Փարոս» ԲՀ-ի հետ ծառատունկը լավագույնս արտացոլում է այս ընկերության արժեքները: Ավելի քան հիսուն ղեկավարներ ԱՊՀ երկրներից կմասնակցեն այս ծառատունկի միջոցառմանը KPMG Հայաստանի կողմից անցկացվող նոր ղեկավարների կոնֆերանսի շրջանակներում:
«Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի առաքելությունն է ծառատունկերի միջոցով հայաստանցիների կենսամակարդակի բարելավումը, բնապահպանությունը և բնական էկոհամարգի պահպանումը: «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի երեք հիմնական նախաձեռնություններն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել