
Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞
Կենտրոնի դատարանը մոտ 1,5 տարի է` քննում է 29-ամյա Ստեփան Հովակիմյանի եւ նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ եւ 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ:
Գողությունը կատարվել է անցյալ տարվա հունվարի 10-ին, մինչդեռ քրեական գործ հարուցվել է մոտ մեկ ամիս անց` փետրվարի 6-ին, երբ կինոթատրոնի տնօրինությունը պաշտոնապես ոստիկանությանը հայտնել է կատարվածի մասին: Հենց նույն օրը` փետրվարի 6-ին, Ստեփանին ձերբակալել են, իսկ որոշ ժամանակ անց ազատությունից զրկել նաեւ նրա ընկերոջը` Վահրամին:
«Հետքն» այս թեմային մանրամասն անդրադարձել է դեռ անցյալ տարի: Կինոմոսկվայի տնօրեն Մարտին Ադոյանը գողության մասին ոստիկանությանը մեկ ամիս ուշացումով հայտնելը պայմանավորում է նրանով, որ «սեյֆը բանալիով էր բացվել», եւ իրենք հասկանում էին` գողություն կատարողը «ներսի մարդ է»: Ուստի, մեկ ամիս «շանս տվեցինք, ասացինք` բերեք գումարը վերականգնեք, չեթաք նստեք»: Հետո, որ տեսել են չեն բերում, ստիպված դիմել են ոստիկանություն:
Իրականում, սակայն, ոստիկանությունը գողության մասին իմացել է ի սկզբանե: Հենց հաջորդ օրը` հունվարի 11-ին, Ստեփանին, նրա ընկերներին ու «Մոսկվա» կինոթատրոնի տոմսավաճառներից մեկին` Գոհարին (Ստեփանի ընկերուհին է), տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: «Չհարուցված» քրեական գործը քննել է քննիչ Տիգրան Կիրակոսյանը:
Շուրջ 20 օր անց Ստեփանն արդեն «հայտնվել» է Երեւանի քաղաքային վարչությունում, ինքնախոստովանական ցուցմունք տվել, իսկ որոշ ժամանակ անց ինքնախոստովանությունը նույնությամբ կրկնել նաեւ Կենտրոնի բաժնում` քննիչ Տիգրան Կիրակոսյանի մոտ: Ստեփանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, նշում է, որ այն բանից հետո, երբ որդուց ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել, ոստիկանությունից զանգել են «Մոսկվա» կինոթատրոն եւ ասել` հանցագործությունը բացահայտել ենք, արդեն կարող եք գողության մասին հաղորդում բերել: Հենց սրանով է նա պայմանավորում հաղորդում ներկայացնելու մեկամսյա ուշացումը:
«Տեսնելով, որ ես իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Եգոր Անտոնյանի մոտ (Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ): Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին` ասելով. «Նա էլ հո էսքան չի՞ դիմանա»: Միաժամանակ Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու ինձ անարգեն,- արդեն դատարանում պատմել է Ստեփան Հովակիմյանը:- Ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն: Միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետեւից:
Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման, ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես խնդրեցի չստորացնել ինձ, ինչին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ»:
Թե նախաքննության ընթացքում, թե նույնիսկ կալանքի սանկցիայի կիրառման ժամանակ Ստեփանը հայտարարում է, որ ինքն իրականում որեւէ կապ չունի գողության հետ, եւ ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների կիրառմամբ: Սակայն նրա ասածները ստուգելու ուղղությամբ որեւէ գործնական միջոց այդպես էլ չի ձեռնարկվում:
Շատ ավելի ուշ, երբ գործը ստանում է հասարակական հնչեղություն, ի վերջո, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվում է ծառայողական քննություն, իսկ Հատուկ քննչական ծառայությունը սկսում է «զբաղվել» Ստեփանի ներկայացրած հաղորդումով, որում վերջինս մանրամասն նկարագրում է իր նկատմամբ տեղի ունեցածը եւ բռնություններ գործադրած ոստիկաններին: Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն որոշում է քրեական գործ չհարուցել:
«Այդ որոշումը կայացվել է` հիմնվելով բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկաններից վերցված բացատրությունների վրա, որոնք չեն համապատասխանում իրականությանը,- ասում է Ստեփանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը եւ մանրամասնում,- ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներ Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Սենիկ Երանոսյանը հայտնել են, թե իբր «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մասին իմացել են միայն 2010 թ. փետրվարի 6-ին, երբ այդ կապակցությամբ հաղորդում է տրվել, եւ հնարավոր չէ, որ մինչ այդ Ստեփան Հովակիմյանը նշված գողության փաստի առթիվ բերման ենթարկվեր կամ նրա նկատմամբ բռնություն գործադրվեր»:
Այնինչ, ոչ միայն Ստեփանի հարազատները (որոնք Ստեփանին բերման ենթարկելուց հետո գնացել են ոստիկանություն, որպեսզի իմանան, թե ինչ է կատարվում), այլեւ նույնիսկ «Մոսկվա» կինոթատրոնի մի շարք աշխատակիցներ դատարանին հայտնել են, որ գողության հաջորդ օրն իսկ Ստեփանին տարել են ոստիկանություն: Ավելին, դատավորին ներկայացվել է նաեւ Ստեփանի խցակիցների հայտարարությունները, որոնցում վերջիններս նշել են, որ բանտախուց բերվելուց հետո Ստեփանը պատմել է, թե ինչպես են իրեն Երեւանի ոստիկանության քաղաքային վարչությունում ծեծել եւ ստիպել ընդունել գողության կատարումը: Սակայն, միեւնույն է, որեւէ բան չի փոխվել:
«Ըստ էության, ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով «զբաղվելու» իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը «ֆուտբոլ են խաղում» Ստեփանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները»,- ասում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
«Հետքի» խնդրանքով անդրադառնալով ստեղծված իրավիճակին` փաստաբան Վահե Գրիգորյանը նկատում է, որ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնումից հետո ոչ թե պետք է ծառայողական քննություն նշանակվեր, այլ անմիջապես քրեական գործ հարուցվեր: «Այսինքն, եթե դու հայտարարություն ես տալիս ոստիկանի կողմից քո նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մասին, սկսվում է ծառայողական քննություն, բայց եթե խոշտանգողը սովորական քաղաքացի է, անմիջապես հարուցվում է քրեական գործ:
Մի կողմ թողնենք, որ տրամաբանություն չկա: Բայց այդ անտրամաբանական վիճակը նաեւ ապացույցն է այն բանի, որ, այնուամենայնիվ, պետության համար իր գործակալին, իր ոստիկանին պաշտպանելը գերակա է հիմնարար իրավունքի պաշտպանությունից»,- ասում է Վ. Գրիգորյանը: Նա մանրամասնում է, որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքն իր բնույթով բացարձակ է եւ այդ իմաստով տարբերվում է նույնիսկ կյանքի իրավունքից: Իսկ մեր երկրում կոնկրետ Ստեփանի գործով «Մոսկվա» կինոթատրոնի սեփականության պաշտպանության իրավունքը վեր է դասվում մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունից:
«Ստացվում է, որ փողը գերադասվում է: Փողը հետ բերելու համար ամբողջ համակարգը կարող է աչքերը փակել մարդու ֆիզիկական, հոգեբանական լիարժեքության, արժանապատվության ու իր ինքնագնահատականի վրա»,- ասում է Վահե Գրիգորյանը: Ըստ նրա` խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի դաշտը կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ, հրաժարվել ոլորտային օրենսդրությունից, եւ առաջին հերթին հենց օմբուդսմենի գրասենյակն է, որ պետք է մոնիտորի դեր տանի եւ խնդրի մասին բարձրաձայնի:
Վերադառնալով Ստեփան Հովակիմյանի գործին` նշենք, որ փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վերադասության կարգով ներկայացված բազմաթիվ բողոքներից զատ, դիմել է նաեւ Կենտրոնի դատարան` Ստեփանի` իրեն խոշտանգելու հաղորդման կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջով: Որեւէ բան կրկին չի փոխվել: Փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք` մանրամասն ներկայացնելով նաեւ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Եվրադատարանի ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պահանջները, որոնցով չեն առաջնորդվել ոչ իրավապահները, ոչ էլ առաջին ատյանի դատարանը (փաստաբանի վերաքննիչ բողոքին ծանոթացեք http://stepanhovakimyan.wordpress.com/ կայքէջում):
Հիմա շատ բան կախված է վերաքննիչ դատարանից: Եթե, ի վերջո, հաստատվի, որ Ստեփանից ինքնախոստավանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում, «Մոսկվա» կինոթատրոնի գողության ոստիկանական սցենարն ամբողջությամբ կփլվի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել