
Գյումրիում ընկույզի կգ-ի գինը հասել է 15.000 դրամի
Գնաճի խուճապային տրամադրությունը Գյումրիում այսօր որոշակիորեն հանդարտվել էր: Եթե նախորդ երկու օրերին 50 կգ-անոց մեկ պարկ ալյուրի գինը 12-14 հազար դրամից բարձրացել էր մինչեւ 20 հազար դրամ, ապա այսօր արդեն 2000 դրամ էժանացում էր արձանագրվել՝ կազմելով 18 հազար դրամ, 25 կգ-անոց մեկ պարկ ալյուրը կարելի էր ձեռք բերել 9 հազար դրամով՝ նախկին 7000 դրամի փոխարեն:
Եթե մեկ ամիս առաջ ընկույզի միջուկի մեկ կգ-ը Գյումրիի խանութներում արժեր 10 հազար դրամ, ապա այսօր որոշ վաճառակետերում այն գնորդին առաջարկում էին նաեւ 12 հազար եւ 15 հազար դրամով: Հացի գինը նախորդ 3-4 օրերի ընթացքում 130 դրամից հասել էր 150 դրամի: Գյումրու սուպերմարկետներից մեկում վստահեցրին, որ պատրաստ են վերադառնալ նախկին գնային քաղաքականությանը եւ հացը վաճառել ավելի էժան, եթե իջնի ալյուրի գինը: Շաքարավազի վաճառքի գինն այսօր տատանվում էր 490-ից 550-ի սահմաններում:
Այս օրերին որեւէ գնային փոփոխության չի ենթարկվել տավարի միսը՝ պահպանելով մեկ կգ-ի դիմաց առաջարկվող 2200 դրամ արժեքը: Գյումրեցիների սիրած «չեչիլ» պանիրը եւս գնային փոփոխության չի ենթարկվել: Շուկայում այն շարունակում էին վաճառել 2500-ից 3500 դրամով: «Մեր պանիրը դոլարով չէ, դոլարի հետ էլ կապ չունի»,- վստահեցրեց պանիր վաճառողը:
«Հետքի» ունեցած տեղեկություններով՝ մարզում գործող «Իգիթ» եւ «Վան» կաթնամթերք արտադրող կազմակերպությունները եւս չեն թանկացրել իրենց ապրանքը ու շարունակում են խանութներին մատակարարումն իրականացնել նույն գնով, ինչ նախկինում:
Խուճապային տրամադրությունը չէր ազդել նաեւ հայրենական արտադրության կանաչեղենի վրա, որն, ինչպես նախորդ օրերին, այսօր էլ վաճառվում էր 100-150 դրամով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել