Համաշխարհային բանկը 2015թ. կավելացնի օժանդակությունը Հայաստանին
Համաշխարհային բանկն (ՀԲ) այսօր ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը եւ վերահաստատել 2015թ. ընթացքում պետական քաղաքականության բարեփոխումների եւ ճյուղային ծրագրերի ուղղությամբ ներդրումները: ՀԲ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հաջորդ շաբաթ ՀԲ զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է 75 մլն ԱՄՆ դոլարի հատկացում Հայաստանի կառավարությանը:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին հայտնել է, որ 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը եւս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար:
Այս պահին իրականացման փուլում են գտնվում Համաշխարհային բանկի 13 ճյուղային ծրագրեր, որոնց համար 2014թ. ընթացքում հատկացվել է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: Օրերս Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2014թ. ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը եւ Կրթական բարելավումների ծրագիրը: Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը, լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը եւ Առեւտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն 2015թ. սկզբներին: Այս ծրագրերը շուրջ 170 մլն ԱՄՆ դոլար կապահովեն Հայաստանի համայնքներում դրական տեղաշարժեր կատարելու համար:
ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ՀԲ-ի փորձագիտական խմբերի եւ ՀՀ կառավարության միջեւ շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին, համայնքային զարգացմանը եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015թ. ընթացքում:
2015թ. ՀԲ-ն նաեւ կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ ծրագրերը եւ կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել