HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Աշոտ Առուշանյանի հայրը պահանջում է քրեական գործ հարուցել քննիչի եւ դատախազի նկատմամբ

Լավրենտի Առուշանյանը` Աշոտ Առուշանյանի հայրը, դիմում է գրել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` պահանջելով քրեական գործ հարուցել իր որդու գործով քննություն իրականացրած քննիչի եւ դատախազի նկատմամբ.

«Հարգելի պարոն Կոստանյան, արդեն  երկու տարի վեց ամիս է, ինչ որդիս Աշոտ Աոուշանյանը, անօրիկանական դատական ակտերի հիման վրա գտնվում է անազատության մեջ։ Նա մեղադրվում է 2011 թվականի նոյեմբերին,«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարի գողությանն օժանդակելու  մեջ։ Իբրև տեղեկատվություն է հայտնել գողություն կատարող անձանց: Գործից ակնհայտ է, որ որդուս վերաբերյալ քրեական գործով որոշ պաշտոնատար անձանց գործողություններում առերևույթ առկա են հանցաքի տարրեր: Հետևապես դիմելով Ձեզ՝ Խնդրում եմ հարուցել քրեական գործ և իրականացնել քրեական հետապնդում:

Սույն քրեական գործով օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերքննիչ քրեական դատարանի 23.07.2013թ-ի որոշման  համաձայն, մեջբերում եմ. «Դեռևս նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ա.Առուշանյանը հայտարարել է, որ ցուցմունք տալու և Ա.Գալուստյանի հետ առերես հարցաքննվելու ժամանակ իր նկատմամբ կիրառվել են քննությանը խորթ մեթոդներ: Նախաքննական մարմինը և Առաջին ատյանի դատարանը պատշաճ չեն ստուգել ամբաստանյալ Ա.Առուշանյանի վերոնշյալ պատճառաբանությունները: Մասնավորապես, ամբաստանյալ Ա.Առուշանյանը քրեական գործի ողջ քննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել` ժխտել է հանցագործությանն իր մասնակցությունը` Էդ.Կարաքեշիշյանին և Ա.Գալուստյանին` Ա.Մանուկյանի շարժի մասին տեղեկություններ հաղորդած, տրամադրած լինելու հանգամանքները»:  

Սույն, գործի փաստական տվյալներից ակնհայտ է, որ, 20.06.2012թ-ին ժամը 19-ից 19:30-ի սահմաններում  անհայտ պատճառներով Աշոտ Առուշանյանը բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից, փաստացի ձերբակալվում`(նրա ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելով) և  բերման է ենթարկվում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Սույն քրեական գործով երբևէ Աշոտ Առուշանյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հրավիրվել հարցաքննության կամ որևէ այլ քննչական գործողության մասնակցելու համար, հետևապես չէր կարող առանց հարգելի պատճառների քննությանը չներկայանար, որի պատճառով քննիչը ստիպված լիներ որոշում կայացնել նրան բերման ենթարկելու համար:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի` վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով:

Օրենսդիրը հարցաքննության կանչման համար, բացի ծանուցագրից, այլ կարգ չի սահմանել:

Ոստիկանության բաժին բերվելուց հետո Ա.Առուշանյանին տարել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա նկատմամբ կիրառվել են հոգեբանական ճնշումներ, որի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ է տվել նաև Ա.Առուշանյանը:  Տվյալ պայմաններում գտնում եմ, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից բերման ենթարկվելիս խախտվել է Աշոտ Առուշանյանի անմեղության կանխավարկածի իրավունքը, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, այն է` նա ենթարկվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:

Տվյալ դեպքում քննիչ Մ.Ալեքսանյանի կողմից խախտվել է`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153 և 205 հոդվածները, ինչպես նաև վերը վկայակոչված  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը իր մեջ առեևույթ պարունակում է հանցագոծության տարրեր:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (վատ վերաբերմունքի) արգելքի բացարձակ բնույթի և այդ կապակցությամբ պետության պոզիտիվ պարտականությունների հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Գզոյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ.«(…) խոշտանգումների, անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում:
Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը:

Պոզիտիվ գործողություններ կատարելու պահանջը բխում է §Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին¦ եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված   պահանջից    (…):
[Վերոնշյալ] հոդվածում կիրառվող «ապահովել»  բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք` օրենսդրական և գործնական պատշաճ պաշտպանություն: (…)»  

(տես` Արայիկ Գզոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ և 23-րդ կետերը):

Բացի վերը շարադրվածից ցանկանում եմ ներկայացնել նաև հետևյալ հանգամանքները որոնք խոսում են նախաքննական մարմնի ոչ օրինական գործողությունների մասին և հիմք են տալիս քրեական գործ հարուցելու համար: Այսպես. Դատաքննության ժամանակ հրապարակվեց և հետազոտվեց զննում կատարելու մասին արձանագրությունը, որին որպես մասնակից մասնակցել է Սամվել Խաչիկի Հակոբյանը: Նշված արձանագրության հրապարակումից ակնհայտ էր, որ մասնակցի կողմից որևէ հայտարարություն չի կատարվել: Սակայն, հ1, գ.թ. 139-141-ում առկա` քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին 18.05.2012թ-ի որոշման 2-րդ էջի 5-րդ պարբերությունում նշվել է հետևյալը. «Սամվել Խաչիկի Հակոբյանը հայտարարել է, որ ճանաչում է դրանցում պատկերված ճաղատ անձնավորության հետ քայլող երիտասարդին, որը Նոր Արեշ 28 փող. 4 տան բնակիչ Էդգար Ստանիսլավի Կարաքեշիշյանն է»:

Ակնհայտ է որ ըստ էության նախաքննական մարմնի կողմից, հանձինս քննիչ Մ.Ալեքսանյանի, ստեղծվել են արհեստական ապացույցներ, որոնց հիման վրա նախաքննության ժամկետ է երկարացվել, որոնք դրվել են անձանց մեղադրանքի հիմքում:

Բացի դրանից, հարկ եմ համարում մատնանշել նաև հետևյալ հանգամանքը,  մասնավորապես գործով պարզված չէ`

Թե ինչու է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ա.Մանուկյանը գողության մասին, ինչպես իր ցուցմունքում է նշել, ոստիկանությանը հայտնել ոչ անձամբ, այլ գործընկերոջ միջոցով և գողության փաստին տեղեկանալուց մոտ մեկ ժամ անց: Պարզված չէ նաև Ա.Մանուկյանի գործընկերոջ անձը:

Նախաքննական մարմնի կողմից չի պահանջվել Սարգիս Կարոլինա ՍՊԸ, Ժամացույցի գործարանի և Պարագոն իմպորտ ՍՊԸ պահպանության տեսանկարահանման սարքերի կողմից կատարված տեսաձայնագրությունները ժամը 15-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների համար, որից պարզ կդառնար, թե Ա.Մանուկյանը 15:30-ին վերադառնալով իր մեքենայի մոտ և հայտնաբերելով, որ ապակին կոտրված է կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, արդյոք մեքենայի միջից ինչ-որ իրեր, այդ թվում չի բացառվում նաև որոշակի գումար չի հանել ու թաքցրել, հայտարարելով, թե գողացվել է  56 միլիոն ՀՀ դրամ: Եվ նման պայմաններում պաշտպանական կողմի մոտ հարց է առաջանում, արդյոք Ա.Մանուկյանի կողմից գողության մասին ոստիկանությանը մոտ մեկ ժամ հետո հաղորդում տալը պայմանավորված չէ եղել այդ հանգամանքով:

Բացի դրանից, վերը նշված կազմակերպություններից թեև ստացվել է ժամը 14:00-ից մինչև 15:00 ընկած ժամանակահատվածի տեսագրությունները, /թեև տարբեր փաստաթղթերում նշվում է նաև 14:30-ից 15:30 ժամանակահատվածը/ սակայն ստացված սկավառակները փորձաքննության է ներկայացվել ոչ ամբողջությամբ, դրանք դատաքննությամբ վերատադրելիս պարզվեց, որ դրանք անբողջական չեն, սկսվում են ժամը 14:00-ից և ավարտվում ժամը 14:40-ին, ինչպես նաև ակնհայտ էր, որ կադրերը ամբողջական չէին և կտրատվում էին, որպիսի հանգամանքները վկայում է այդ տեսագրությունների մոնտաժման մասին (առկա է նաեւ փորձագետի համապատասխան եզրակացությունը):  Բացի այդ, նշված տեսագրությունները թեև 25.11.2011թ-ին ստացվել էին և գտնվում էին վարույթն իրականացնող մարմնի`  քննիչի իրավասության ներքո, սակայն դրանց հետ կապված` դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննությունը նշանակվել է դրանից չորս ամիս անց` 23.04.2012թ-ին:

Ավելին, քննիչի կողմից անտարբերության է մատնվել նաև հետևյալ փաստական հանգամանքը: Քրեական գործի հատոր 1 գ.թ. 73-ում առկա է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, որի բովանդակությունից հետևում է, որ «2011թ. նոյեմբեր ամսին ոստիկանության Էրեբունու բաժնում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արթուր Սատանիսլավի Ղարաքեշիշյանը իր եղբոր `Էդգար Ստանիսլավի Կարաքեշիշյանի անվամբ հաշվառված «Աուդի-Ա-4մ»ակնիշի 27ՕՕ 795 պ/հ-ի ավտոմեքենայով ակնհայտ հետևել է տուժող Ա.Մանուկյանին և հանցագործության կատարման ժամանակ նկատվել է դեպքի վայրին հարող տարածքում: Ըստ Տարածքում գործող տեսախցիկների տեսագրությունների վերլուծությունից հնարավոր է, որ նշված հանցագործությունը կատարած կամ կազմակերպած լինի Արթուր Ստանիսլավի Ղարաքեշիշյանը»:

Տվյալ դեպքում ակնհայտ է որ, 4 ամսվա ընթացքում այդ տեսաձայնագրությունները գտնվելով վարույթն իրականացնող մարմնի ` այդ թվում քննիչ Մ.Ալեքսանյանի մոտ, հետևապես վերջիններիս կողմից կարող էին անհրաժեշտ հատվածներ կտրատվել: Որպիսի հանգամանքի դրդապատճառների և իրական նպատակների գնահատականը կարող է տրվել քրեական գործ հարուցվելուց և նախաքննություն կատարվելուց հետո:

Քննիչի կողմից պատշաճ քննություն չի կատարվել Արմեն Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանումները ստալուց հետո, այն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ կդառնար, որ ենթադրյալ գողության պահին Արմեն Մանուկյանի հեռախոսը սպասարկվել է Տիգրան Մեծ պողոտայի 31 հասցեից, որը համընկնում է HSBC բանկ մասնաճյուղին և քննիչի կողմից պատշաճ քննություն կատարելու դեպքում չէր բացառվում, որ Ա.Մանուկյանի մոտ եղած գումարը մուտք եղած լիներ Բանկ:

Բացի դրանից, սույն քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 23.07.2013թ  որոշման 26-30 կետերում նշված պատճառաբանությունը հանգել է այն հետևության, որ նոր դատաքննությամբ անհրաժեշտ է  բազմակողմանի քննություն կատարել Ա.Գալուստյանի նկատմամբ տուժողների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, քննության խորթ մեթոդների կիրառմամբ ցուցմունքներ կորզելու մասին Ե.Եղյանի և Տ.Առաքելյանի փաստարկների  վերաբերյալ Ա.Առուշանյանի պաշտպանի վերաքննիչ  բողոքի և պաշտպանական ճառի պատճառաբանությունները ստուգելու ուղղությամբ:

Ինչպես երևում է գործի փաստական տվյալներից, ապա Ա.Գալուստյանի նկատմամբ քննությանը խորթ մեթոդների կիրառմամբ ցուցմունքներ կորզելու մասով օրենքով նախատեսված քննություն չի կատարվել, պետությունը այդ մասով չի իրականացրել իր պոզիտվ պարտականությունները: Մասնավորապես, ՀՔԾ կողմից որևէ քննություն չկատարելով գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ետ է վերադարձրել Երևան քաղաքի քննչական բաժին, այն դեպքում երբ ակնհայտ էր, որ Արտաշես Գալուստյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ:

Այսպես, վկա Տիգրան Առաքելյանը թե նախաքննության և թե սույն դատական քննության ժամանակ ցուցմունք է տվել այն  մասին որ 2012թ-ի հունիսին այլ խցից իրենց թիվ 012 խուց են բերել Արտաշեսին, ով իրենց խցում է մնացել մոտ մեկ շաբաթ: Աշտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, բազմիցս իր հետ կիսվել է և պատմել իր խնդիրներից: Արտաշը պատմել է, որ իր ձերբակալման ժամանկ դեռ ոստիկանությունում ենթարկվել է բազմատեսակ ճնշումների, նվաստացումների, մասնավորապես բաժնի աշխատակիցներից մեկը, §արհեստական առնանդամը¦ ձեռքին սպառնացել է, որ դրանով ծեծի կենթարկեն և հետևից բերդ կուղարկեն, բաժնում իրեն ծեծի են ենթարկել: Արտաշեսը պատմել է նաև, որ տուժողները մուտք են գործել ոստիկանության շենք և ոստիկանների ներկայությամբ նույնպես ծեծի ենթարկել իրեն: Ա.Գալուստյանը իրեն հայտնել է, որ §տուժող-քննիչ-դատախազ  մի ձեռ են§: Հայտնել է նաև, որ ինքը չի ուզում որ իր խափանման միջոցը փոխեն, իրեն ասել են, որ երրորդ անձի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տա իր խափանման միջոցը կփոխեն, սակայն ինքը վախենում է, որ եթե իրեն ազատեն, ապա տուժողները դրսում իրեն կնեղեն , ինչպես հիմա հորն են նեղում և ուզում են իսկի տեղը իրենց տունը ձեռքներից խլեն: Վկան հայտնել է նաև, որ խափանման միջոցը փոխելու նախորդ օրը Արտաշը իրեն պահում էր շատ կասկածելի, մտահոգված էր, շատ էր հոր հետ իր հեռախոսով խոսում, նույնիսկ ինքը Արտաշին առաջարկել է Գլխավոր դատախազին բողոք գրել իր հետ տեղի ունեցածի մասին: Հիշում է, որ մի ազատվելուց մի օր առաջ կանչեցին ադմինիստրացիա, թե քննիչի մոտ և երբ ետ վերադարձավ ասաց, որ շուտով գնալու է տուն, սակայն նրա ասածին ոչ ոք չհավատաց, նույնիսկ ասել են, թե այդ հոդվածով ում են ազատում, որ նրան էլ ազատեն: Հաջորդ օրը Արտաշին նորից խցից տարան և նա այլևս խուց չվերադարձավ: Հետագայում տեղեկացել է, որ Արտաշը ինքնասպանություն է գործել և կարծում է, որ ոստիկանության բաժնում ռետինե մահակի հետ կապվածը ոչ թե միայն սպառնալիքներ են եղել այլ գուցէ իրական է եղել:

Տիգրան Առաքելյանի ցուցմունքները հիմնավորվում են նաև նույն խցում գտնվող անձանց` Հայկ Թադևոսյանի և Անդրեյ Մազիևի ցուցմունքներով, ովքեր նշել են, որ Արտաշը, ինքնամփոփ էր, շատ նեղված և վատ վիճակում, նույնիսկ լաց էր լինում, հիմնականում կիսվում էր Տիգրան Առաքելյանի հետ:

Փաստորեն տվյալ գործի ելքով բացառապես չշահագրգռված մարդու՝ Տիգրան Առաքելյանի ցուցմունքին ոչ մի ուշադրություն չդարձվեց, մինչդեռ գործի ելքով շահագրգռված, հոգեպես անհավասարակշիռ մարդու ակնհայտ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքով դատապարտվել եւ շուրջ 2.5 տարի անազատության մեջ  է գտնվում հայ ազգին պիտանի, անբիծ կենսագրության տեր մի երիտասարդ:

Արտաշես Գալուստյանի նկատմամբ ոստիկանության Էրեբունու բաժնում բռնություն կիրառելու մասին ուղղակիորեն վկայեց նաև Էդգար Կարաքեշիշյանը, նշելով, որ այն բռնությունների ու խոշանգումների միջոց որով անցել է Արտաշես Գալուստյանի, ինքը նույնպես անցել է, այսինքն իր նկատմամբ նույնպես բռնություններ են կիրառվել: Այսինքն, Էդգար Կարաքեշիշյանի նշված հայտարարությունը նույնպես հիմք է քրեական գործ հարուցելու և պետության կողմից պատշաճ քննություն իրականացնելու համար:

Բացի վերը շարադրվածից ակնհայտ էր, որ Ա.Գալուստյանի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգման դեպքը , որը հաստավում է նաև հետևյալ հիմնավորումներով:

Սույն գործով հետազոտված նյութերից, հետևում է, որ Արտաշես Գալուստյանը 22.05.2012թ-ին բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին, նույն օրը ձերբակալվել է իսկ ժամը 23:10-ից մինչև 01:30 հարցաքննվել է, որպես կասկածյալ, որից հետո ամբողջ գիշեր պահվել է ոստիկանության բաժնում և միայն առավոտյան ժամը 09:45-ին է տեղափոխվել ՁՊՎ / թիվ 12118512 գործ, հ.1, գ.թ. 128/: Արտաշես Գալուստյանը տալով խոստովանական ցուցմունք նշել է, որ գողությունը կատարել է Էդգարի հետ, ով իր ամենամոտ ընկերն է հանդիսացել: Հարգելի դատարան, ակնհայտ է, որ առանց որևէ պատճառի ամբողջ գիշեր ոստիկանության բաժնում չէր պահվի ձերբակալված անձը և արդյոք ոստիկանության բաժին բերվելուց հետո մինչև առավոտյան ժամը 09:45-ի մասին տեղի ունեցածի չէ Արտաշես Գալուստյանը պատմել Տիգրան Առաքելյանին: Նույնիսկ որպես կասկածյալի տված առաջին ցուցմունքում նշված է, որ «ներկայումս մի քիչ վատ եմ զգում, չեմ կարող շարունակել», արտահայտությունը:

Ավելին, Արտաշես Գալուստյանի նկատմամբ դատարանի կողմից կալանքվորումը որպես խափանման միջոց է ընտրվել 25.05.2012թ-ին, սակայն նա դրանից հետո ևս երեք օր, առանց որևէ օրինական հիմքերի, մինչև` 28.05.2012թ պահվել է ՁՊՎ-ում:

Արտաշես Գալուստյանի անձնական գործի ուսումնասիրությունից ակնհայտ էդառնում, որ 23.05.2012թ-ին ՁՊՎ ընդունվելուց / թիվ 12118512 գործ, հ.1, գ.թ. 126/ նրա անձնական քարտում լրացված է, որ «մեջքին կա կարմրավուն հետք» և եթե քրեական գործ հարուցվի  և իրականացվի  համապատասխան քննություն, ապա Էրեբունու ոստիկանության աշխատակիցների գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:

Թիվ 12118512 նյութերի հետազոտությունից հետևում է, որ Արտաշես Գալուստյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել` թիվ 9 կարանտինային խցում, կալանավայր տեղափոխվելու օրը, զուգարանի լամպը կոտրելով կտրել է պարանոցի աջ և ձախ հատվածները, որից հետո թիվ 51 խցում` սավանով կախվելու միջոցով և իրեն դանակի վրա գցելու միջոցով է կրկին փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ամեն անգամ, որևէ հանգամանք խանգարել է: Թիվ 012 խցում խցակիցներից հարցրել է, թե զուգարանում արդյոք հնարավոր է կախվել, թե ոչ: Վերջին հաշվով, նրա խափանման միջոցը փոխելուց հետո ընկերների և հոր ներկայությամբ մի քանի անգամ նշել է. «կախվեմ պրծնեմ» արտահայտությունը, իսկ 2012թ-ի հունիսի 26-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել:  Բացի այդ, նրա խցակիցները ցուցմունքներ են տվել, որ նա միզել է տակը:

Դա է հուշում նաև նրա հոգեկան վիճակի վերաբերյալ ցուցմունքները:

Այսպես՝ սույն գործով դատարան հրավիրված վկա Երվանդ Եղյանը իր ցուցմունքում հայտնում է. «Հաջորդ օրը Պետրոսը զանգեց և եկավ մեր տուն ու ասաց, որ Արտաշը ինքնասպանության փորձ է արել կարանտինում, խցում կոտրելով լամպուշկեն կտրել է իր վիզը, ուզեցել է զարկերակը կտրի, ինքնասպան լինի, ինչը կանխվել է խցակիցների կողմից»: Նույն ցուցմունքում վկան նշել է, որ երբ Արտաշի խափանման միջոցը փոխել են, նրա հետ խոսելուց զգացել է, որ Արտաշը գտնվում է ահավոր ահաբեկված վիճակում. Վկան նաև հայտնել է.«Դրանից հետո արտաշին մի քանի անգամ տեսել եմ, բայց կարճ ժամանակով, առանձնապես չենք խոսել: Արտաշը ահավոր ընկճված ու վախեցած էր, ահավոր հոգեվիճակում էր, մի քանի անգամ իմ ներկայությամբ կրկնել է, որ կախվի պրծնի այդ ամենից: ... Արտաշը այնքան վատ վիճակում էր, որ մենք նույնիսկ մտածում էինք նրան հոգեբանի մոտ տանել»:

Վկա Կարեն Մկրտչյանը թիվ 12118512 քրեական գործով հարցաքննվելիս հայտնել է. «...Արտաշը մի անգամ ասում էր կախվեմ պրծնեմ, Պետրոսն ասում էր հանգստացի այ տղա»: /հ.1, գ.թ.24-25/

Հաջորդ ցուցմունքում /հ.2, գ.թ. 153-155/ վկան հայտնել է.«Արտաշեսին ազատվելուց հետո տեսել եմ 3 անգամ: Նրա ազատվելու երևի հաջորդ օրը` ցերեկային ժամերին, Արտաշեսի հայրը Պետրոսը ինձ զանգահարեց, ասաց, որ Արտաշեսին բաց են թողել, նա տանն է: Ես անմիջապես գնացի նրանց տուն, տեսա Արտաշեսին և Պետրոսին: Թեև երկար չեմ մնացել նրանց տանը, սակայն կարող եմ ասել, որ Արտաշը անճանաչելիորեն փոխվել էր, ահավոր լարված և սառած էր, հայացքը սառած, վախեցած և շփոթված էր, հետը խոսում էիր, չէր լսվում: Ես նախկինում երբեք Արտաշին նման վիճակում չէի տեսել, թեև Արտաշին ճանաչել եմ 2000թ-ից», ի դեպ Արտաշես Գալուստյանին նույն կերպ էր բնորոշում նաև Թադևոս Ալեքսանյանը Լավրենտի Առուշանյանի հետ զրուցելիս, երբ Արտաշեսին տեսել է առերեսման ժամանակ:

Մասնավորապես Թադևոս Ալեքսանյանը այդ զրույցում նշել է, որ Արտաշես Գալուստյանը բազմիցս նշել է, որ «Աշոտ , կներես, բայց», «ստիպված եմ»,  «էլ վարիանտ չունեմ», բազմիցս Աշոտից ներողություն է խնդրել, նշել է, որ նա ոնց որ նակոման լիներ, գլուխը ուռած լիներ, ` հայացք ուներ, որը որ ոչ մի բան չի ասում:   Կամ ոնց որ յանը տարած կամ լավ տփել են: Էտ մառթը ոնց որ զզված մառթու տպավորություն էր թողնում: Այսինքն մարթուն դրանով խոստացել են` Աշոտին մի հատ գռուզիտ արա, գնա տուն:

Շարունակելով ցուցմունքը վկան հայտնել է. §..1-2 օր անց ցերեկը կամ երեկոյան կրկին նրանց տուն եմ գնացել: Կես ժամ, մի ժամ նստել եմ Արտաշի և Պետրոսի հետ, զրուցել ենք: Արտաշը նույն ճնշված, ընկճված վիճակում էր, էլի համարյա չէր խոսում, միայն խոսքի մեջ ասաց. «էս ինչի մեջ եմ, կախվեմ պրծնեմ ամեն ինչից»: Ես և Պետրոսը նրա վրա խոսեցինք, ասեցինք, որ նման բան չանի, մտքից հանի դա: Առանձնահատուկ այլ բան չենք խոսել¦, «...Բացի այդ, Արտաշը այնպիսի ահավոր վիճակում էր, որ չէի ուզում նրա հետ գործից ր բերդից խոսել:  Նա հին Արտաշը չէր, ով ասող-խոսող էր, կատակասեր, հումորով տղա էր ընկերության մեջ, մշտապես գտնվել է նույն ահավոր վիճակում»:

Նման պայմաններում,  քրեական գործ հարուցվելու և քննություն կատարվելու ընթացքում հնարավոր է, որ պարզվի, որ Արտաշես Գալուստյանը ինքնասպանություն է կատարել , քանի որ ոստիկանության Էրեբունու բաժնում իր նկատմամբ կիրառել էին այնպիսի խոշտանգումներ ու նվաստացումներ, որով խաթարվել էր նրա տղամարդկային ինքնասիրությունը: Համենայն դեպս գործի փաստական տվյալները դա են հուշում: Գուցէև պատշաճ քննության արդյունքում պարզվի նաև, թե ինչ պայմաններում է, որ նա համաձայնվել է իրականույթունը չհամապատասխանող ցուցմունքներ տակ Աշոտ Առուշանյանի դեմ և դրա փոխարեն ստանալ ազատություն:

Ակնհատ է, վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների, այդ թվում գործը քննող քննիչի գործողություններում առկա են իրավախախտում կատարած լինելու փաստը:

Բացի դրանից, սույն գործն քննուղ քննիչի կողմից թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք ըստ ինձ պարունակում են հանցագործության տարրեր:

Այսպես.

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2012թ-ի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի17.08.2012թ որոշումների հիման վրա ¦Ղ-Տելեկոմ§  ՓԲԸ-ից ստացված Պետրոս Գալուստովի կողմից օգտագործվող 093-57-00-97 հեռախոսահամարից կատարված մուտքային և ելքային  զանգերի վերծանումներով, ինչպես նաև դրանցում նշված բաժանորդների տվյալների և դրանցից կատարված զանգերի  սպասարկման կայանների տեղակայման վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Պետրոս Գալուստովի և քննիչ Մուշեղ Ալեքսանյանը ունեցել են բազմաթիվ հեռախոսազանգեր: Մասնավորապես`

ա/ Պետրոս Գալուստովը 08.06.2012թ-ին ժամը 13:48-ին ելքային զանգ  է գրանցվել քննիչ Մ.Ալեքսանյանի 094-88-99-96 հեռախոսահամարին, զանգի տևողությունը կազմել է 57 վարկյան: Հատկանշական է, որ այդ օրն է Արտաշես Գալուստյանը հրաժարվել պաշտպան Լևոն Ներսիսյանի ծառայություններից, այդ օրը այլ գործողություն չի իրականացվել նրա մասնակցությամբ, սակայն ըստ քննիչի պահանջագրում նշված տվյալների /հ.1, գ.թ. 150/ այն տևել է մեկ ժամ` 16:50-ից մինչև 17:50, այն դեպքում, երբ պաշտպանից հրաժարվելու մասին արձանագրություն կազմելը կտևեր ընդամենը 5-10 րոպե:  Նույն օրը ժամը 12:55 րոպեին 29 վարկյան տևողությամբ և 19:02 րոպեին 0:59 տևողությամբ մուտքային զանգ է գրանցվել քննիչի հեռախոսահամարից Պետրոս Գալուստովի հեռախոսահամարին:

բ/ 13.06.2012թ-ին ժամը 19:37-ի 39 վարկյան տևողությանմբ և ժամը 20:16-ին 44 վարկյան տևողությամբ ելքային զանգեր են գրանցվել: Նույն օրը մուտքային զանգ է գրանցվել ժամը 19:33-ին 14 վարկյան տևողությամբ:

գ/ 16.06.2012թ-ին ժամը 20:50-ին 2 րոպե 9 վարկյան տևողությամբ ելքային զանգ է գրանցվել, իսկ արդեն գիշերը ժամը 22:41 րոպեին 59 վարկյան տևողությամբ գրանվել է մուտքային զանգ:

Հատկանշական է հաջորդ հեռախոսազանգերը, 20.06.2012թ-ին Պետրոս Գալուստովի հեռախոսահամարին մուտքային զանգ է եղել քննիչի Մուշեղ Ալեքսանյանի հեռախոսահամարից ժամը 12:04-ին , հարգելի դատարան հատկանշական է, որ այդ ժամին (ժամը 11:00-ից մինչև 13:00) քննիչ Մուշեղ Ալեքսանյանը առանց պաշտպանի հարցաքննում էր Արտաշես Գալուստյանին և արդյոք քննիչի կողմից այդ հեռախոսազանգը  հարցաքննության ժամանակ չէր արվել այն բանի համար, որպեսզի Արտաշես Գալուսյանը հոր հետ զրույցի արդյունքում  համոզվի, որ երրորդ` անմեղ անձի դեմ  ցուցմունք տալուց հետո, ինքը ազատ կարձակվի կալանքից:

Դրանից հետո, 21.06.2012թ-ին Պետրոս Գալուստովի հեռախոսահամարին առկա է ևս 2 հեռախոսազանգ քննիչ հեռախոսահամարից` ժամը 14:03-ին մինչև Աշոտ Առուշանյանի հետ առերեսվելը և ժամը 19:46-ին:

Տվյալ դեպքում, արդյոք հարց չի  առաջանում, թե քննիչի ու մեղադրյալի հոր միջև այսքան փոխադարձ, այդ թվում գիշերային ժամի,  հեռախոսազանգերը ինչի համար էին, արդյոք դա չի խոսում առնվազն ոչ պաշտոնական հարաբերությունների մասին, եթե չասենք հենց այն գործարքի, որի արդյունքում Արտաշես Գալուստյանը ստացավ ազատություն, իսկ Աշոտ Առուշանյան անհիմն մեղադրանք ու կալանավայր:

Քննիչի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինչու ոչ կեղծ ապացույցների ստեղծման մասին է խոսում նաև հետևյալ փաստը.

Քննիչը  22.08.2012թ-ին որոշում է կայացրել  ¦այլ փաստաթուղթն ապացույց ճանաչելու մասին  «... որի 4-րդ կետում նշված է այն միտքը, թե Աշոտ Առուշանյանը 2011թ-ի հունիս ամսին իր 055-565-575  և 055-00-11-52 հեռախոսահամարներից հաճախակի զանգել է Էդ.Կարաքեշիշյանի 077—02-22-23 հեռախոսահամարին, որը սպասարկվել է Երևանի «Օպերայի» տարածքից: Ուսումնասիրելով ինչպես քննիչի կողմից ` հեռախոսների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների զննության մասին արձանագրությունը /հ.2, գ.թ.299-300/, այնպես էլ  20.08.2012թ-ին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից ստացված Աշոտ Առուշանյանի կողմից օգտագործվող 055-565-575 և 055-00-11-52 հեռախոսահամարներով կատարված զանգերի և սպասարկող կայանների վերծանումները պարունակող սկավառակը, ապա ակնհայտ է դառնում, որ Ա.Առուշանյանը Էդ.Կարաքեշիշյանին 2011թ-ի հունիս ամսին կատարել է ընդամենը 2 զանգ` 5.06.2011թ-ին ժամը` 14:38-ին և 22:47-ին: Բացի այդ` նշված հեռախոսազանգերը սպասարկվել են ոչ թե, ինչպես քննիչն է նշում «Օպերայի»  տարածքից, այլ «Նորք 2» սպասարկող կայանի տարածքից, որը համընկնում է Աշոտ Առուշանյանի բնակության վայրի տարածքի` Նորք 6-րդ փողոցի, հետ:

Նման պայմաններում ակնհայտ է, որ քննիչ Մ.Ալեքսանյանը փորձել է արհեստական և կեղծ  ապացույցներ ստեղծել Աշոտ Առուշանյանի դեմ:

Սույն քրեական գործով նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացրած դատախազ Տ.Ուզոյանի կողմից ցուցում է տրվել քննիչ Մ.Ալեքսանյանին, Կարեն Մկրտչյանի հեռախոսային զանգերի վերծանումները ստանալու և այդ ուղղությամբ քննություն կատարելու մասին` չբացառելով այն հանգամանքը, որ տուժողի շարժի վերաբերյալ տեղեկություններ տվող անձը կարող է այն կատարել նաև Կարեն Մկրտչյանի միջոցով: Սակայն, քննիչ Մ.Ալեքսանյանը խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները, չի կատարել այն:

Մասնավորապես, դատախազի ցուցումը կատարելու դեպքում ակնհայտ կլիներ, որ հեռախոսային զանգերի վերծանումների համաձայն դեպքի օրը 21.11.2011թ-ին Արտաշես Գալուստյանի և նրա սանիկ Կարեն Մկրտչյանի միջև եղել են բազմաթիվ հեռախոսազանգեր, մասնավորապես մինչև ժամը 14:30-ից -15:30-ի սահմանները , երբ ըստ մեղադրական եզրակացության կատարվել է գողությունը, ժամը 12:05-ին, 12:07-ին Կարեն Մկրտչյանի հեռախոսից զանգեր են եղել Արտաշես Գալուստյանի հեռախոսահամարին: Այս կոնտեքստում հատկանշական է, որ մինչ այդ Կարեն Մկրտչյանի 098017722 հեռախոսահամարին ժամը 11:32-ին հեռախոսազանգ է եղել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արփինե Մաթևոսյանի անվամբ գրանցված 094522686 հեռախոսահամարից: Այս պայմաններում, եթե նախաքննական մարմինը իրականացներ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապա կարծում եմ, որպես տեղեկատվություն տվող անձի փնտրելու համար հարկ չէր լինեի իրականությունը չհամապատասխանող ցուցմունքներ կորզել ընդդեմ Աշոտ Առուշանյանի, այլ կստուգեր վերը նշված տվյալները: Ի դեպ, նշեմ, որ նշված օրը Կ.Մկրտչյանի և Արտաշես Գալուստյանի միջև հեռախոսակապը եղել է պարբերական , իրար զանգել են 14 անգամ, երբ դեպքի օրը ժամը 14:59-ին Կարեն Մկրտչյանը և Արտաշես Գալուստյանը գտնվել են Արգիշտի 4/1 հասցեի կայանից սպասարկվող տարածքում, 15:23-ին` Խորենացի 24-ը հասցեի կայանից սպասարկվող տարածքում, 15:28-ին Արամի 1 հասցեի կայանը սպասարկող տարածքում, ըստ որում Կարեն Մկրտչյանը 15:18-ից մինչև 15:21 գտնվել է դեպքի վայր հանդիսացող Արշակունյանց 2 հասցեի կայանից սպասարկվող տարածքում: Տվյալ դեպքում պետք էր հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ դեպքից հետո 6 միլիոն դրամ ի պահ է տրվել Կարեն Մկրտչյանին:

Բացի դրանից, սույն գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Տ.Ուզոյանի կողմից հաստատվել է մի մեղադրական եզրակացություն, որում նշված հանգամանքների մասին որևէ խոսք չկա քրեական գործի նյութերում, այսինքն ակնհայտ հորինված են և կեղծ:

Այսպես, մեղադրական եզրակացության առաջին էջում նշված է.1) «Գործով մեղադրյալ, Երևան քաղաքի Նոր Արեշ 28 փողոցի 4 տան բնակիչ Էդգար Ստանիսլավի Կարաքեշիշյանը վաղուց ճանաչել և ընկերություն է արել գործով մյուս մեղադրյալ, Երևան քաղաքի  Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 13 տան բնակիչ Աշոտ Լավրենտի Առուշանյանի հետ: Վերջիններս միասին զբաղվել են բռնցքամարտով և այդ  ժամանակվանից իրար հետ կապը պահպանել են: Ա.Առուշանյանը 2008թ. փետրվարի 01-ից աշխատել է HSBC բանկում, այդ թվում` 2010թ. հունիս ամսից նույն բանկի գլխամասում` որպես Ռիսկային կառավարման գլխավոր մասնագետ: Էդ Կարաքեշիշյանը հաճախակի է այցելել Ա.Առուշանյանի աշխատավայր` վերջինիս տեսնելու և նրա հետ զրուցելու համար»:

Նշված հանգամանքը ակնհայտ սուտ է, հորինված, քրեական գործում առկա չէ, որևէ ցուցմունք կամ փաստական տվյալ որը կվկայեր, քննիչի վերը նշված ստեղծագործության մասին: Նման ցուցմունք չի տվել ոչ Աշոտ Առուշանյանը , ոչ Էդգար Կարաքեշիշյանը կամ որևէ այլ անձ: Ավելին, Էդգար Կարաքեշիշյանը նույնիսկ դատարանում հարցերին պատասխանելիս նշեց, որ տեղյակ չէ, թե որ բանկում է աշխատել Աշոտ Առուշանյանը:

2.)Մեղադրական եզրակացության մեջ նշված է. «Նշված բանկ այցելությունների ընթացքում Էդ.Կարաքեշիշյանի մոտ առաջացել է առանձնապես խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորություն, որի մասին տեղեկացրել է Ա.Առուշանյանին»: Կրկին պնդում եմ, որ նման փաստական տվյալ քրեական գործի նյութերում առկա չէ, որևէ մեկը Էդ.Կարաքեշիշյանի նման մտադրությունների մասին և Ա.Առուշանյանին տեղեկացնելու մասին ցուցմունք չի տվել: Նույնիսկ Ա.Գալուստյանի անթույլատրելի ճանաչված ցուցմունքներում նման փաստական տվյալի մասին խոսք չի գնում: Ակնհայտ է, որ Դատախազ Տ.Ուզոյանը հաստատելով մեղադրական եզրակացությունը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ միտումնովոր հաստատել է մի մեղադրական եզրակացություն, որում գործի փաստական տվյալների մասին հետևությունները հիմնված են իրականությանը չհամապատասխանող հանգամանքների վրա:

3.)Նույնը վերաբերվում է նաև հետևյալին. §Ընկերոջ հանցավոր մտադրության իրականացմանը օժանդակելու նպատակով Ա.Առուշանյանը 2011թ հունիս ամսի սկզբներին` քննությամբ չպարզված օրը, զանգել է Էդ.Կարաքեշիշյանին և պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Կարապի լճի տարածքում գտնվող սրճարաններից մեկում¦: Նշված փաստական տվյալի մասին նույնպես քրեական գործում առկա չեն ապացույցներ, թե վարույթն իրականացնող մարմինն ինչից է ենթադրել, որ Ա.Առուշանյանը հեռախոսով զրուցելիս ինչի մասին են պայմանավորվել, մնում է անհասկանալի: Քրեական գործում առկա չէ նրանց հեռախոսզարուցները լսելու մասին որևէ տվյալ, առկա չէ նման ցուցմունք, հետևապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից նման հանգամանք նշելը խոսում է միայն Ա.Առուշանյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանք ստեղծելուն:

4.)Մեղադրական եզրակացության մեջ նշվել, թե Աշոտ Առուշանյանը և Էդգար Կարաքեշիշյանը հաճախակի հեռախոսային կապի մեջ են գտնվել:  Գործի փաստական տվյալների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Աշոտ Առուշանյանը և Էդգար Կարաքեշիշյանը 2011թ-ի հունիսի 1-ից մինչև   մինչև   2012թ-ի մայիս ամիսը իրար հետ ընդհամենը ունեցել են 5-6 հեռախոսազանգ: Իսկ 2011թ-ի հունիս ամսվա ընթացքում, ընդամենը 2 հեռախոսազանգ, հետևապես մեղադրական եզրակացության մեջ նշված հաճախակի «հեռախոսզանգ ունենալ» արտահայտությունը արհեստական և նպատակ է  հետապնդել արհեստական ապացույցներ ստեղծելու ընդդեմ Աշոտ Առուշանյանի:

Մեղադրական եզրակացության մեջ նշված այս իրականությանը չհամապատասխանող հանգամանքներից դատախազ Տ.Ուզոյանը չէր կարող տեղյակ չլիներ, հետևապես հաստատելով սույն գործով կազմված մեղադրական եզրակացությունը նա դուրս է եկել լիազորությունների շրջանակից:

Վերոշարադրյալ հիմնավորումներով գտնում եմ, որ առկա է սույն գործով նախաքննությանունը իրականացրած քննիչ Մ.Ալեքսանյանի, նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացրած դատախազի և հետաքննություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա են հանցագործության տարրեր և  Խնդրում եմ նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ և դրա իրականացումը հանձնարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀԳ. Կից ներկայացնում եմ փորձագետի եզրակացությունը՝ գողության կատարման պահին տեսանկարահանման սարքերի կողմից կատարված տեսաձայնագրությունների մոնտաժված լինելու վերաբերյալ: Կից ներկայացնում եմ նաեւ իմ եւ Թադեւոս Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած զրույցի ձայնասկավառակը՝ փորձագետի համապատասխան եզրակացությամբ եւ վերծանումով:

Կից ներկայացնում եմ նաեւ գողության պահին Արտաշես Գալուստյանի եւ էդգար Կարաքեշիշյանի հեռախոսազանգերի վերծանումները:

Հավատացած եմ, որ այս գործին համապատասխան ընթացք կտրվի, արդարությունը կվերականգնվի, եւ Ձեր իսկ օգնությամբ կփրկվի մեր ազգին պիտանի, անմեղ երիտասարդի ճակատագիրը:

Դիմող`                                     Լավրենտի Առուշանյան (հեռ. 091 46 57 59, 010 65 49 07)»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter