
«Դոմիկավոր» եւս մեկ ընտանիք դարձավ քարաշեն բնակարանի տեր
Գյումրիում եւս մեկ ընտանիք լքեց ժամանակավոր կացարանն ու ամանորի նախաշեմին տեղափոխվեց քարաշեն բնակարան: Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու «Բարեգործական ջոկատի» «Մեկ բացիկ= մեկ բնակարան» 2-րդ ակցիայի շրջանակներում հանգանակած գումարով հնարավոր եղավ բնակարան գնել Արտյոմ Պողոսյանի 4 անձից բաղկացած ընտանիքի համար: Ջոկատի անդամների հեղինակած 400 դրամ արժեքով 13 հազար բացիկի իրացումից ստացվել էր 5մլն 200 հազար: Երկար փնտրտուքներից հետո հնարավոր էր եղել առկա գումարին համարժեք բնակարան գտնել Մուշ 2/2 նորակառույց թաղամասում:
Թիվ 71 շենքի 4-րդ հարկում գտնվող երկու սենյականոց բնակարանը տանտերը համաձայնվել էր վաճառել միայն արտարժույթով: 11,5 հազար դոլար գնահատված բնակարանի առք ու վաճառքի ընթացքում արտարժույթի շուկայում գրանցված դոլար-դրամ փոխհարաբերության կտրուկ տատանումնեերն այստեղ եւս իրենց <սեւ> գործն արել էին ու ջոկատի անդամները ստիպված էին եղել պակասող 1,5հազար ամն դոլարը հայթայթել 10-15 օրվա ընթացքում: Այդ պատճառով էլ բնակարանը Պողոսյաններին հանձնվեց ոչ թե դեկտեմբերի 7-ին, ինչպես նախատեսվել էր, այլ՝ 20-ին:
Մանուշյան թաղամասի 228/260 տնակում բնակվող Պողոսյանները անօթեւան չէին համարվում եւ հաշվառված չէին բնակարանի սպասող անօթեւանների հերթացուցակում: Նրանց նկատմամբ պետությունը բնակարանի տրամադրման որեւէ պարտավորություն չուներ: Ակցիայի շրջանակներում գնված բնակարանը Գյումրիում լուծեց նման կարգավիճակում գտնվող եւս մեկ անօթեւանի խնդիր:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը մեկնարկել էր նաեւ անցած տարի եւ հագանակած գումարով հնարավոր էր եղել բնակարան գնել անօթեւանի կարգավիճակ ունեցող Ալեքսանյանների ընտանիքի համար:
Մեկնաբանել