HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն

Արարատյան դաշտավայրի գյուղերը ջրազրկվում են

Արարատի մարզի Հայանիստ գյուղի կեսն արդեն խմելու ջուր չունի, իսկ գյուղնշանակության 528 հա հողից ընդամենը 8 հա-ն է ոռոգվում: Գյուղամիջում հավաքված տարեցները զրույցի հենց սկզբում նշում են կենսական անհրաժեշտություն դարձած իրենց խնդրի մասին' խմելու եւ ոռոգման ջուրը:

«Առաջ արտեզյան ջրերից էինք օգտվում, հիմա որ արտեզյանները նստել են, ջրերի մակարդակն իջել է, խնդիր է առաջացել»,- ասում է Հայանիստի համայնքապետի տեղակալ Արթուր Բաբաջանյանը: Պատճառը նոր հորատած արտեզյանների խորությունն է. նախկինում արտեզյան հորերը եղել են 60-70 մ խորության, իսկ այժմ հորատում են գրեթե կրկնակի խորությամբ: «Արտեզյան հորերը գյուղացիները չեն խփում, այդքան հնարավորություն չունեն, համ էլ թույլտվությունն է դժվար ստանալ»,- խոստովանում է Արթուր Բաբաջանյանը: Հայանիստում մոտ 20 արտեզյան հոր կա, հորեր կան նաեւ ձկնաբուծարաններում: Գյուղի տարածքում 4 ձկնաբուծարան է գործում:

Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք անվանում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Դրանց միջոցով լուծում են խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների սպառման վտանգն իրեն արդեն զգալ է տվել: Ձկնաբուծարանների գիշեր-ցերեկ շզտրվանվող հորերը անապատացման վտանգի առաջ են կանգնեցրել Արարատյան դաշտավայրը. հորատանցքերը շատ խորն են բացվում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել ջրի պաշարները:

Հայանիստի հարեւան Հովտաշատ գյուղի 1040 ընտանիքից 200-ը արդեն 2 տարի է' խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի: Այստեղ ևս ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջուրը ստանում են ինքնաշատրվանող արտեզյան հորերից: Հովտաշատն ունի 960 հա գյուղնշանակության հողեր, որոնցից 400 հեկտարը չի ոռոգվում: Վերջին տարիներին արտեզյան հորերի ջրի ճնշումը նվազել է, աղբյուրները' ցամաքել:

Հովտաշատի համայնքապետ Սիմոն Անդրեասյանն ասում է, որ հորերի ցամաքումը պայմանավորված է նաեւ ձկնաբուծարաններով: Միայն Հովտաշատում կա 32 ձկնաբուծարան: «Ոչ միայն մեր գյուղի ձկնաբուծարաններն են նպաստել հորերի ցամաքելուն: Մեր գյուղը աշխարհագրական դիրքով բարձր է. եթե 5-10 կմ հեռու էլ հոր փորեն, ջուրը կցամաքի»,- ասում է համայնքապետը: Ջրի բացակայության պատճառով գյուղացիներն արդեն հրաժարվում են իրենց վարձակալած հողերից: Մոտ 100 հա վարձակալած հող այս պահին անմշակ է:

«Կառավարությանը փաստաթղթերով ներկայացրել ենք իրավիճակը: Խոստացել են աշխատանքներն իրականացնել 2011 թ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում»,- հույս ունի Ս. Անդրեասյանը:

Համայնքապետն ասում է' եթե պետությունը գործնական քայլեր չձեռնարկի առաջիկա 1-2 տարվա ընթացքում, գյուղացիներն իրենց 400 հա հողերից էլ կհրաժարվեն:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Նա հանդիպել է թե ջրօգտագործողների, թե ձկնաբույծների, թե համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել խորքային հորերի ապօրինի հորատման, հորերի' սահմանված նորմերի խախտումներով շահագործման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Ավելին, Արմեն Գեւորգյանը տեղյակ է, որ ձկնաբուծական տնտեսությունները խախտում են ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նորմերը, որի հետեւանքով շատ համայնքներում դժվարացել է խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը:

Ձկնաբույծներին առաջարկվել է պահպանել ջրօգտագործման եւ ջրահեռացման կանոնները: Դեռեւս ապրիլին ջրօգտագործողներին, հատկապես ձկնաբուծական ընկերությունների սեփականատերերին տրվել էր անհրաժեշտ ժամանակ եւ ներկայացվել տեխնիկական առաջադրանք' առկա խորքային հորերի շահագործումն օրինական դաշտ բերելու, սակայն մինչ օրս որեւէ դրական արդյունք չի գրանցվել:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շուրջ 2000 ապօրինի հոր կա' տիրազուրկ, համայնքային նշանակության եւ այլն:

«Սա մեկ օրում ստեղծված բան չէ, 50 կամ 20 տարվա խնդիր է, որովհետեւ ուսումնասիրություններ շուրջ 25 տարի է' չեն իրականացվել: Դրա համար ասում եմ, որ պետք է գույքագրում անել, որ կարողանանք կանգնեցնել դա, որ անօրինական չավելանան»,- ասաց նախարարը: Թե ինչքա՞ն կտեւեն աշխատանքային խմբի մասնագետների ուսումնասիրությունները եւ ե՞րբ կավարտվեն, բնապահպանության նախարարը չկարողացավ հստակ ասել. «Երբ որ վերջացնենք»:

Այս տարվա գարնանից դադարեցված է նաեւ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը, հորերի թույլտվության տրամադրման հարցը քննարկվում է հենց աշխատանքային խմբում:

Մինչդեռ ջրօգտագործման թույլտվությունները դժվարացել են մանր ձկնաբույծների համար, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական տարածքների հասնող ձկնաբուծարաններ են հիմնել հենց ԱԺ պատգամավորները եւ պաշտոնյաները:

Սամվել Ալեքսանյանի «փոքր տնտեսության» մեծ ավազանները

Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում` Սիս գյուղից ոչ հեռու, մոտ 11-12 հա հողատարածքում է գտնվում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանը: Հարցին, թե ձկնաբուծական տնտեսությունը մե՞ծ է, տեխնոլոգ Մովսես Առաքելյանը պատասխանեց. «Ոչ մեծ է, ոչ փոքր է, միջին տնտեսություն է: Մեր բասեինները շատ են, որովհետեւ մենք ռացիոնալ ենք օգտագործում ջուրը»:

Ս. Ալեքսանյանի հորերը, ինչպես Մ. Առաքելյանն ասաց, «էդքան էլ նոր չեն, էդքան էլ հին չեն», տնտեսությունն աշխատում է մեկ տարի, բայց հողերը գնել են մոտ 7 տարի առաջ, եւ հորերն էլ այդքան տարվա պատմություն ունեն: Քիչ վերեւում եղել են խորհրդային տարիների ձկնաբուծարանները, որտեղից հոսող հետադարձ ջրերը թափվել են ներկայումս Ս. Ալեքսանյանին պատկանող տարածք եւ տեղում ճահիճ առաջացրել:

 Մովսես Առաքելյանն ասում է, որ իրենք հսկայական աշխատանք են կատարել. մաքրել են տարածքը եւ ձկնաբուծարանի վերածել: Նրա տվյալներով, Արարատի մարզում արտեզյան ջրերի մոտ 10 տոկոսն է օգտագործվում ձկնաբուծության համար, մնացածը կորչում է:

Ս. Ալեքսանյանը ժամանակ առ ժամանակ այցելում է իր ձկնաբուծարան: «Պրն Ալեքսանյանին չեք ճանաչում երեւի, ինքը սկզբից, որ իկրան էինք դրել, նայել է` ոնց է ձուկը ծնվում, ոնց է մշակվում, մինչեւ վերջին տեխնոլոգիան ինքը ուսումնասիրել է, որ պատկերացում ունենա, թե ոնց է աշխատելու: Երբ որ ամեն ինչ հարթվեց, արդեն սկսեց ուշ-ուշ գալ»,- պատմում է տեխնոլոգը:

Տնտեսությունում բուծված ձկները չեն արտահանվում, ծրագիր էլ չունեն, աշխատում են միայն Ս. Ալեքսանյանի «Yerevan City» խանութների ցանցի համար: Դեռ չեն հասցնում մատակարարել բոլոր խանութները, քանի որ նորաստեղծ տնտեսություն է:

Բուծում են հիմնականում իշխան տեսակի ձուկ: Եթե խանութների ցանցը ընդլայնվի, տնտեսությունը եւս կընդլայնեն:

Ջրաչափ դնելուն պատրաստ են, բայց, Մ. Առաքելյանի խոսքով, «դա աբսուրդ է», քանի որ չկա այնպիսի ջրաչափ, որը նորմալ աշխատի արտեզյան ջրերի համար. «Մեր ջուրը բերում է ավազ, շատ շուտ կփչանա: Հետո, ձկնաբուծարանները չունեն այդ հնարավորությունը, որ առնեն. ձկնաբուծարանների 99 տոկոսը վարկեր ունի, մենք էլ ունենք, հիմա աշխատում ենք փակել այդ վարկերը»:

Վերջինս հավաստում է, որ իրենց տնտեսությունը բարեխղճորեն կատարում է բոլոր անհրաժեշտ վճարումները` ջրի եւ ջրահեռացման համակարգի համար նախատեսված գումարները, չնայած Մ. Առաքելյանը չգիտեր վճարվող գումարների հստակ չափը:

«Եթե ստուգումներ են անում, ամենաառաջինը մեզ մոտ են գալիս, որովհետեւ ամենահզոր կառույցներից մեկն է»,- ասում է նա:

Պատգամավորի ձկնաբուծարանում մոտ 70 ավազան կա, 7-8 հատ էլ հորատանցք` ըստ տեխնոլոգի: «Հոր կա` տալիս է վայրկյանում 300-400 լ ջուր, հոր կա` 70-80 լ: Այդ թիվը, թե քանի հատ է, կապ չունի, կախված է հորի հզորությունից: Կարող է 10 հատ լինի, բայց մի հորի չափ ջուր չտա»,- ասում է տեխնոլոգը:

Իսկ թե ընդհանուր առմամբ որքան ջուր է օգտագործվում ձկնաբուծարանում, Մ. Առաքելյանը խուսափեց ասել. «Չեմ ասի: Ոչ թե շատ է, դրա համար, այլ դեռ…ձեզ նենց բաներ եմ ասում, որ ավելի կարեւոր է, քան դա»:

Ձկնաբուծարաններ մեր այցելությունների ընթացքում պարզվում էր, թե ովքեր են օրինական դաշտում աշխատում եւ ովքեր` ինչ-որ բան թաքցնում:

Այն ձկնաբույծները, որոնք թույլտվություն ունեին, չէին խուսափում հորերի կամ ձկների քանակն ասելուց, իսկ մեծ ձկնաբուծարանների տերերը կամ կառավարիչները խուսափում էին այդ տեղեկությունները տրամադրել:

Ակնհայտ էր, որ գործող հորերի մի մասի համար նրանք թույլտվություն չունեին: «Խորքային ջրեր օգտագործողները պետք է մեկին մատնացույց անեն, չէ՞, դա էլ ձկնաբույծներն են»,- արդարացնում է Մ. Առաքելյանը:

Ծառուկյան-Աբրահամյան խնամիների անհաշվելի ջրերը, իսկ ո՞վ է Հովիկը

Սայաթ-Նովա գյուղի տարածքում, բայց համայնքի բնակելի հատվածից եւ համայնքային գլխավոր ճանապարհից հեռու, ցանկապատված հսկայական տարածք է զբաղեցնում խնամիներ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համատեղ ձկնաբուծարանը:

Տարածքում բոլորը գիտեին, թե որտեղ է գտնվում Մասիսի տարածաշրջանի ամենամեծ ձկնաբուծարանը:

Երբ աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե որ մասում որ պատգամավորի տնտեսությունն է, ասացին, որ նրանց տնտեսությունները համատեղ են: Տարածքը հսկում են հսկայական գամփռներ, տնտեսության պատասխանատուն տեղում չէր, իսկ աշխատողները տեղեկություններ չտրամադրեցին:

«Քանի՞ հոր կա» հարցին աշխատակիցներից մեկի պատասխանն անորոշ էր. «Շատ կա, կամ չկա, էական չէ»:

«Ձեզ հետաքրքրու՞մ է` քանի ձուկ ունենք, քանի հոր ունենք: Ուրեմն նախօրոք ասեմ, որ դա ֆիրմայի գաղտնիքն է, քանի հատ ունենք` մերն է,- ասաց ձկնաբույծ Տիգրանը,- քանի ձուկ ունենք` մենք գիտենք, ու մեկ էլ ես գիտեմ»:

Տարածքի չափի մասին հարցը եւս անպատասխան մնաց. «Որ առավոտը գալիս ես գործի, գնում ես մի հատ այն ծերը, գալիս ես ստե` արդեն մթնում է»,- կատակեց աշխատակիցներից մեկը:

«Կոնկրետ թվերի մի սպասեք, մեծ է,- ասաց Տիգրանը:- Ձեզ հորը ինչի՞ է հետաքրքրում: Հայաստանում կառուցում են ձկնաբուծական ֆերմա, հոյակապ է, ձուկն աճեցնում ենք, որ ժողովուրդը էժան գնով ուտի»:

«Ինչքա՞ն էժան»,- հարցրինք: «Գյուղացիների համար` 2000 դրամ, դրանից առաջ 3000 դրամ էր: Մենք աճեցնում ենք ներքին շուկայի համար»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ժխտեց այն փաստը, որ խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ձկնաբուծարան ունի: «Ես չունեմ, Ծառուկյանն էլ չգիտեմ, կարող է ունի»:

Մեր դիտարկմանը, թե տեղացիներն ու ձկնաբուծարանի աշխատակիցներն ասել են, որ այն իր եւ Ծառուկյանի համատեղ տնտեսությունն է, պատասխանեց. «Հա, այդտեղ Հովիկ կար, բայց այդ Հովիկը ես չեմ, գնացեք նորից պարզեք: Ես ինչ ունեմ` ասում եմ, չեմ թաքցնում»:

«Ի դեպ, ձկնաբուծությունը լավ էլ բիզնես է»,- հաստատեց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում ձկնաբուծությունը 33% շահութաբերություն է ապահովում:

Մեր հաշվարկներով` մոտ 20 մեծ ավազան կար տարածքում, երեք հսկայական հորատանցքեր, իսկ հորից դուրս եկող եւ դեպի ավազաններ ջրափոխանցում իրականացնող խողովակները մեծ տրամաչափ ունեին, ինչը ենթադրում է, որ ստորերկրյա ավազաններից մեծ քանակությամբ ջուր է դուրս գալիս:

Ձկնաբուծությամբ հետաքրքրվել է նաեւ 6-րդ վարչության աշխատակիցը

Հայանիստում համեմատաբար մեծ ձկնաբուծական տնտեսություններից մեկը պատկանում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի (մեքենաների առեւանգման հարցերով զբաղվող) պետ Գագիկ Բադալյանին:

Նա քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Հայանիստի նախկին համայնքապետ Գեւորգ Մարտիրոսյանի հետ: Բացի նրանից, որ նախկին գյուղապետը Հայանիստում իր ձկնաբուծարանն է ստեղծել (դրան կանդրադառնանք «Հետքի» հաջորդ համարում), նա կարողացել է հոգալ նաեւ իր մտերիմի մասին:

Գագիկ Բադալյանի ձկնաբուծարանը գործում է շուրջ 4 տարի, այստեղ երկու հոր կա, վայրկյանում 120-130 լիտր ջուր է հոսում:

Նրա ջրամբարում մոտ 30 հազար ձուկ կա: Արմեն Գեւորգյանը, ով վարում է Գագիկ Բադալյանի ձկնաբուծական տնտեսությունը, մեր հարցին` շահութաբե՞ր է ձուկ պահելը, անկեղծ պատասխանեց. «Հա, բա ի՞նչ է»:

Նրա մոտավոր հաշվարկներով` 1 կգ կերը, որն արժե մոտ 800 դրամ, ձուկը մեկ տարվա ընթացքում է ուտում եւ դառնում մոտ 1 կգ: Իսկ 1 կգ ձուկը 1800 դրամով են վաճառում, այսինքն` մեկ ձուկը մոտ 1000 դրամ շահույթ է բերում տիրոջը:

Սակայն Արմեն Գեւորգյանը եւս նկատել է` որքան շատ են Հովտաշատից այն կողմ հորատանցքեր բացել, այնքան ջուրը նվազ հոսքով է գալիս:

Ժողովրդի ու լրագրողների բարեկեցությամբ մտահոգված ՕԵԿ-ի ներկայացուցիչը

Երկու անգամ պատգամավորության թեկնածու առաջադրված դաշտավանցի Մհեր Համբարձումյանի ձկնաբուծարանի գոյության մեկ տարին դեռ չի լրացել: Մհեր Համբարձումյանը Մասիսի շրջանում, ինչպես նաեւ Արտաշատի որոշ գյուղերում «Օրինաց երկիր» կուսակցության պատասխանատուն է:

2007 թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է համամասնական ընտրացուցակով, դրանից առաջ` 2003-ին, որպես անկուսակցական թեկնածու, իր խոսքով` «կռիվ է տվել» Հրանտ Վարդանյանի հետ:

Ինչպես ինքն է պատմում` մի օր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ զրույցից հետո որոշել է անդամագրվել ՕԵԿ-ին. «Լավ ախպեր է ընձի, նեղի հասնող ընկեր է»:

Հարցրինք` գուցե ձկնաբուծարանն է՞լ է պատկանում «լավ ախպորը», պատասխանեց. «Չէ, չէ, Արթուր Բաղդասարյանը սենց բաների հետ ի՞նչ գործ ունի»:

Այս տնտեսությունում 2 հորատանցք կա, բայց քանի որ ջուրը քիչ է, օգտվում է նաեւ հարեւանի հորից: Իր երկու հորերի թույլտվությունը երեք տարի առաջ է ստացել, հունվարին կլրանա օգտագործման թույլտվության ժամկետը: Արտեզյան հորերի եւ ջրերի նվազման խնդրին Մհեր Համբարձումյանը տեղյակ էր:

«Ժողովրդի վիճակը ահավոր է, արտեզյան ջրերը լրիվ ցամաքել են, ջուր չկա,- ասում է նա:- Մենք որոշել ենք, որ դրսից` Լենինգրադից սարքավորումներ բերենք, 35-40 հազար դոլարի հետ է կապված. եթե վայրկյանում 200 լ ջուր է գալիս, այդ սարքավորումը 3 անգամ ավելացնում է թթվածինը: Դրա համար մտածել ենք այս ճիշտ ձեւը: Ժողովրդին վնաս չտանք, որովհետեւ հարգանք ունենք»: Մ. Համբարձումյանն իր տնտեսությունը փոքր է համարում:

«Էս տնտեսությունը չե՞ք զգում, որ փոքր տնտեսություն է, բա մեծերը չե՞ք տեսել»,- նկատի ունենալով հարեւանությամբ գործող Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանները` ասաց նա:

Մ. Համբարձումյանին զրույցի վերջում ուզում էինք լուսանկարել.
- Կանգնեք Ձեզ նկարենք ձկնաբուծարանի ֆոնին:
- Էս իմ ձկնաբուծարանը չի, նկարում ես ի՞նչ անես:
- Ինչպե՞ս թե Ձերը չէ, սկզբում ասացիք, թե Դուք եք տերը: Ուրեմն չգրե՞նք, որ սեփականատերը Դուք եք:
- Գրեք Համբարկչյան Վարդգես: Սեփականությունն իմն է, վարձակալությամբ տվել եմ Համբարկչյան Վարդգեսին:

Երբ արդեն ուզում էինք դուրս գալ ձկնաբուծարանի տարածքից, Մ. Համբարձումյանը խնդրեց մեկ րոպե սպասել եւ վերադառնալով` փորձեց մեզնից մեկի (Գրիշա Բալասանյանի) գրպանը թղթադրամ դնել: Մեր զարմանքին եւ հարցին ի պատասխան, թե ինչու է լրագրողներին գումար տալիս, ասաց. «Դե, առաջին անգամ եք եկել… համարեք բենզինի փողն է»: Երբ ասացինք, որ մեր ծախսերը խմբագրությունն է հոգում, ձուկ առաջարկեց: Երբ դրանից էլ հրաժարվեցինք եւ շարժվեցինք դեպի մեր մեքենան, ճանապարհելիս առաջարկեց օգնության կարիքի դեպքում չմոռանալ իրեն եւ անպայման դիմել:

ՕԵԿ-ական պատգամավորի եղբոր անձեռնմխելի ձկնաբուծարանը

Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում է գտնվում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի եղբոր` Արտյոմ Բաղդասարյանի պարսպապատ ձկնաբուծարանը:

Մուտք գործելն անհնար էր, պահակը մեզ թույլ տվեց միայն մեկ հայացք գցել պարսպից ներս, որտեղից երեւում էին ավազանները, այգին եւ նրանց բնակելի շքեղ առանձնատունը, իսկ պարիսպների բարձրությունը թույլ չէր տալիս տեսնել, թե որ մասն են զբաղեցնում ավազանները: Մեր տեղեկություններով` այն մոտ 2 հա տարածք է զբաղեցնում: Արտյոմ Բաղդասարյանը օգտագործում է 3-4 արտեզյան հոր:

Ձկնաբույծների միության նախագահը` խոշոր ջրօգտագործող


Սամվել Ալեքսանյանի տնտեսության կողքին է գտնվում Ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանիձկնաբուծարանը: Ա. Գեւորգյանի «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունը Արարատյան դաշտավայրի 7-8 գյուղում տարբեր ձկնաբուծարաններ ունի, մեծ ծավալներով ջրօգտագործման թույլտվություն եւ 7-8 հորատանցք:

Նշենք նաեւ, որ Կառավարությունն այս ընկերությանը 200 մլն դրամ աջակցություն է ցուցաբերել հակաճգնաժամային միջոցառումների` ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի շրջանակներում: Ընկերությունն իր արտադրանքն այժմ արտահանում է:

Մեր այցելած տարածքում մոտ 18 ավազան եւ արտեզյան 3 հոր կար: Տնտեսության պատասխանատու Արթուր Չոբանյանն ասում է, որ իշխան տեսակի 80 հազար հատ ձուկ է բուծվում այդտեղ:

«Մի ժամանակ ավելի շատ էր ջուրը, հիմա պակասել է: Ջուրը պակասեց, բնականաբար, ձուկն էլ պակասացրինք, որ հերիքի: Շատ ծակեցին ստեղ: Սամվելենք եւ կողքերից, էլի»,- ասում է Արթուրը:

Կադաստրի նախկին պետը նույնպես

Սայաթ-Նովա գյուղի ճանապարհին` Ծառուկյան-Աբրահամյան զույգի տնտեսություն չհասած, մեծ տարածք են զբաղեցնում նաեւ Կադաստրի Մասիսի ստորաբաժանման նախկին պետ Սամվել Հարությունյանի ձկնաբուծական ավազանները:

Ջրօգտագործումն ավելի էժան է, քան ջրահեռացումը

Արետզյան ջրերից սպասարկվող ձկնաբուծական տնտեսությունների 99 տոկոսը Արարատյան դաշտավայրում է` Արմավիրի եւ Արարատի մարզերում: Ջրօգտագործման թույլտվությունը տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը` ստեղծված  համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, հաստատում է բնապահպանության նախարարը:

Ջրօգտագործման թույլտվության ձեւակերպման համար պետական տուրք է վճարվում. ֆիզիկական անձի համար` 1000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար` 10 հազար դրամ: Ձկնաբուծական տնտեսությունների որոշ սեփականատերեր նշում էին, որ արտեզյան հորերի թույլտվությունը թանկ հաճույք է եւ պայմանավորված է նաեւ վերեւներում ծանոթ-բարեկամ ունենալու հանգամանքով: Իսկ թույլտվության համար միջին գինը 15 հազար դոլար է, գումարած հորատանցք բացելու արժեքը` եւս 15 հազար դոլար:

Թե ինչու են հորերի թույլտվություններն այդքան թանկ արժենում հորատերերի համար, նախարար Ա. Հարությունյանը չգիտեր. «Եթե նման ինֆորմացիա ունեք, դիմեք համապատասխան մարմիններին. եթե ես էլ ունենամ, ես էլ կդիմեմ: Դա անհեթեթություն է, նման բան չի կարող լինել»:

2005-2010 թթ. ընթացքում ԲՆ-ն տրամադրել է ջրօգտագործման  494 թույլտվություն (այդ թվում` երկարացվածները, քանի որ ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է երեք տարի ժամկետով), որից 234-ը` ձկնաբուծարաններին:

2009-2010 թթ. ԲՆ-ն տրամադրել է ջրօգտագործման 25 նոր խորքային հորի թույլտվություն, որից 5-ը` այս տարի: Ըստ թույլտվություններով սահմանված առավելագույն հաշվարկների (ոչ փաստացի)` այս ձկնաբուծարանները 5 տարվա ընթացքում օգտագործել են 672 մլն 400 հազար խմ ջուր:

Նշենք նաեւ, որ ըստ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պլանավորման եւ կառավարման բաժնի պետի տեղակալ Հարություն Հարությունյանի` Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսությունները մեկ տարվա ընթացքում մոտ 800 մլն խմ ջուր են օգտագործում, իսկ նախկինում այդ թիվը կազմել է 500-600 մլն խմ:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանն ասում է, որ ջրի օգտագործումը կանոնակարգված է օրենքով. ոռոգումն ազատված է վճարներից, իսկ ձկնաբուծարանների համար 1 խմ-ի համար սահմանված է 0.05 դրամ վճար:

Ջրահեռացումն այլ կերպ է կարգավորվում, ավելի թանկ արժե` կախված այն հանգամանքից, թե ինչ նյութեր է պարունակում ջուրը եւ ինչ քանակությամբ: «Սովորաբար ձուկը աղտոտող գործունեություն չի համարվում, որովհետեւ դրանից հետո կարող ես այդ ջուրն օգտագործել ոռոգման համար»,- ասում է Գ. Մուրադյանը:

Արմավիրի եւ Արարատի մարզ մեր այցելությունների ժամանակ ձկնաբուծական տնտեսություն ունեցող գյուղերի տարածքներում բազմաթիվ ջրափոսեր կային, որոնց մեջ հավաքվել էին ձկնաբուծարաններից դուրս եկող ջրերը: Ավելի ցածր գոտիներում գտնվող հողամասերում գյուղացիները կարողանում են ոռոգման համար օգտագործել այդ ջուրը, բայց այն արդեն պակաս օգտակար է ու ավելի քիչ թթվածին է պարունակում:

Ջրերի մի մասն էլ կորչում է, որովհետեւ ոռոգման տարածքից ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան ոռոգելի արտերն են: Ձկնաբուծարաններից հեռացվում է 15%-ով պակաս ջուր, քան դուրս է գալիս հորից: Հեռացված ջրերը թափվում են հիմնականում Սեւ ջուր եւ Հրազդան գետեր:

Հարցին, թե արդյոք ձկնաբուծարանները չե՞ն վտանգում եւ ջրազրկում Արարատյան դաշտավայրը, Գրիշա Մուրադյանը պատասխանեց. «Տեղեր կան, որ դիտարկվում են նվազման միտումներ, բայց կարծում եմ, որ եթե ռեժիմային դիտարկումներ կատարվեն, եւ օգտագործումն ու պաշարը հաստատվեն, նոր կարելի է նման կարծիք հայտնել»:

«Ինչո՞ւ մինչ օրս ԲՆ-ն նման դիտարկումներ չի կատարել» հարցին Գ. Մուրադյանը պատասխանում է, որ դա ծախսատար եւ ժամանակատար աշխատանք է, դրա համար էլ հարցը բարձրացվել է Կառավարությունում: Հովտաշատում ջրի խնդիրը, ըստ Գ. Մուրադյանի, ավելի շատ կապված է հորերի վաղեմության հետ:

Վկայակոչելով ընդերքի մասնագետներին` նա ասում է, որ հորատանցքերը լցվել են, մաքրելու կարիք կա: Այդ դեպքում դրանք նորից օգտագործման համար պիտանի կլինեն:

Մարտ-ապրիլ ամիսներին ստեղծված հանձնախմբի ուսումնասիրության տվյալներով` 234 ձկնաբուծարան կա Արարատյան դաշտավայրում, որից 87-ը` Արարատի մարզում, 147-ը` Արմավիրի մարզում:

Համեմատաբար ավելի մեծ ջրաելքերով հորերը Արարատի մարզում են, Գայ-Հայքաշեն հանքավայրի տարածքում, քանի որ խորքային ջրերի հանքավայրն այս տարածքում է:

Թե ինչքան ջուր է կորչում, ՋՌԿԳ պլանավորման եւ կառավարման բաժնի պետի տեղակալ Հ. Հարությունյանի հավաստմամբ, հստակ հաշվարկված չէ. «Հիմա մենք Արարատյան դաշտավայրում ունենք համեմատած ջրաելքերի նվազում, այնպես որ կես լիտր վայրկյանն էլ մեզ պետք է»:

Նա տեղեկացնում է, որ այժմ փոխվաչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկում է ձկնաբուծարաններում ջրաչափի տեղադրման կարգը, իսկ ձկնաբույծների դժգոհությունը Հ. Հարությունյանը կապում է ջրաչափի թանկ լինելու հետ. «Եթե պետությունը դնի, լավ կանի, եթե չէ…: Կամ էլ դրվի, կամաց-կամաց մարվի: Դա պետական միջոցառում է»:

Մեր դիտարկմանը, թե ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարները ջրաչափ դնելը լուծում չեն համարում, քանի որ այն կարող է շատ արագ փչանալ, պատասխանեց. «Եկեք Աստծուց առաջ չընկնենք, եկեք դնենք, տեսնենք»:

Բայց խնդիր կարող է առաջանալ ջրաչափը տեղադրելու գործընթացի ժամանակ, քանզի ձկներն այդ ընթացքում կարող են սատկել, եթե ջրաչափ տեղադրելու ընթացքում ջրերը փակեն, ուստի, Հ. Հարությունյանի կարծիքով, յուրաքանչյուրին անհատական մոտեցում պետք է ցուցաբերել եւ ջրաչափը տեղադրել այն ժամանակ, երբ ավազանը դատարկ է:

Ջրաչափեր տեղադրելու կարգն արդեն մշակված է, դրանից զատ դեռ առաջարկ կարող է լինել ջրաչափական կառույց տեղադրելու վերաբերյալ, որն ավելի էժան է, քան ջրաչափը, եւ օգտագործված ջուրը հաշվարկվում է ջրի մակերեսով եւ հոսքի արագությամբ:

Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանն ասում է, որ վերջին անգամ ստուգումներ իրականացվել են 2008-ին: Նա վստահեցնում է, որ վերջին 5 տարվա ընթացքում ապօրինի հորերի թիվը չի ավելացել, քանի որ հսկողությունը եւ վերահսկողությունը շատ խիստ են եղել:

«Ապօրինի հորերը եղել են 90-ական թվականներից: Մեծ թվով հորեր կան համայնքներում, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր, իսկ վերջին տարվա ընթացքում ապօրինի հոր գրեթե չունենք»,- հավելում է նա:

Այդուհանդերձ, 2010 թ. հայտնաբերվել եւ վարչական տույժի է ենթարկվել 64 ապօրինի ջրօգտագործող, որից 18-ը ձկնաբուծարաններ են: Արթուր Գեւորգյանը նշում է, որ ձկնաբուծարաններին տրված է վայրկյանում 100-120 լիտրի չափ ջուր: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանում վայրկյանում 300 լիտրից ավելի ջուր թողարկող հորատանցք կար:

Ավելին, Գրիշա Մուրադյանը տեղեկացրեց, որ մեծ տնտեսություններ ունեցող ձկնաբուծարաններ կան, որտեղ 8-10 հոր կա, ինչպիսին է, օրինակ, Ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գեւորգյանին պատկանող «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերության հորերը:

Արարատյան դաշտավայրում կա 525 լուծարման ենթակա հոր, 480-ն էլ` կոնսերվացման: ՋՌԿԳ Պլանավորման եւ կառավարման բաժնի պետի տեղակալ Հ. Հարությունյանն ասում է, որ պետք է գումար հայթայթել այդ նպատակով, ինչը մեծ նշանակություն ունի ջրային ռեսուրսների պահպանության համար:

Ըստ նրա` լուծարման ենթակա հորերի թիվը պայմանավորված է վաղուց փորված ու մաշված, արտախողովակային բացթողումներ ունենալու եւ վերանորոգելու անհնարինությամբ: Նրա հավաստմամբ` դրանց փակմամբ կամ լուծարմամբ կկրճատվի նաեւ ջրի կորուստը: Իսկ կոնսերվացումը կարող է ժամանակավոր լինել, այսինքն` անհրաժեշտության դեպքում հորատանքցը կարող է վերաբացվել եւ կրկին օգտագործվել:

2009թ-ին կատարած գույքագրման արդյունքներով` հանրապետությունում 5424 խորքային հոր կա, Արարատյան դաշտավայրում` 3165 (Արմավիրում` 1900 հոր, իսկ Արարատի մարզում` 1200):

Փոխվարչապետի հիասթափությունը եւ վարչապետի ոգեւորությունը

 2010 թ. սեպտեմբերի 10-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում որոշել են Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի համար ներկայացված հայտերը ընդհանրապես չընդունել մինչեւ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների ավարտը, այսինքն` մինչեւ կոնկրետ պարզեն եւ գնահատեն ստորերկրյա ջրաքանակը:

«Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Ղարաբաղցյանն ասում է, որ ստորերկրյա ջրերի վերաբերյալ վերջին տվյալները 25 տարվա վաղեմություն ունեն, այս տարի Կառավարությունը որոշում է կայացրել եւ 250 մլն դրամ տրամադրել 3 տարվա ընթացքում ջրային պաշարները վերագնահատելու համար:

Իսկ մինչ այդ` այս տարվա հոկտեմբերի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ Հայաստանից արդեն 80 տոննա ձուկ է արտահանվել, ինչը ձկնաբուծության ոլորտում համալիր միջոցառումների իրականացման արդյունք է:

Վարչապետը նշեց, որ 2011 թ. արտահանման ծավալները կկրկնապատկվեն կամ նույնիսկ կեռապատկվեն 2010 թ. համեմատ:

Համաձայն հրապարակված տվյալների` վերջին երկու տարում ձկան արտադրության ծավալներն ավելացել են մոտ 40 տոկոսով. եթե 2007-ին 3800 տոննա ձուկ էր արտադրվել, ապա 2009-ին` 5200 տոննա:

Փաստորեն, միաժամանակ իրար հակասող երկու գործողություն է ձեռնարկվում` զարկ է տրվում ձկնաբուծությանը, եւ սահմանափակվում ու խստացվում է այդ նպատակով խորքային հորերի թույլտվության տրամադրման կարգը: Իսկ գուցե վարչապետը տեղյակ չէ՞, թե ինչի հաշվին է ավելանում ձկնարտադրությունը, եւ թե Արարատյան դաշտավայրում ինչ բնապահպանական աղետի կարող է հանգեցնել ոլորտի զարգացումը:

Մեկնաբանություններ (2)

Gohar
Mi qani 10-amyakic Araratyan Dasht@ anapati e veracvelu,yev ayd anapatum tagavorelu e Gagik Matevos hayoc Tagavor@:((((((((((
GAGO
Հալալա որ կարողանում են կարքին գործ անեն ...Գագիկ Ծառուկյանին էլ Հովիկ Աբրամեանին էլ մնացածին էլ որ գործունեա տղերք են իսկ ինչ վերաբերվում է էկալոգյաին ապա պարարտանյութ է պարունակում ձկան ատխոդները որը ավելի թանկ արժի քան ձուկը ----լավին լավ էն ասում վատին վատ -----շնորքներտ Աստված կրկնապատկի Ձեր եվ Հետք ..ին ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԱԳԻԿ ՄԱՏԵՎՈՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter