HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը, իսկ գյուղացիները հայտնվում են դատարանում

Ընդհանուր իրավասության դատարաններում գումարի բռնագանձման պահանջով բանկերի և վարկային կազմակերպությունների հայցադիմումները գնալով ավելանում են: Դրանց մի մասը վերաբերում է գյուղատնտեսական վարկերին: Գյուղացիները չկարողանալով ժամանակին մարել իրենց վարկային պարտավորությունները հայտնվում են դատարաններում:

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2011թ. մարտի 31-ի N349-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգը», ըստ որի՝ սահմանվել է թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման գործընթացը:

Սուբսիդավորմամբ տրամադրվող վարկերի առավելագույն գումարը 3 մլն դրամ է, իսկ մարման ժամկետը՝ 2 տարի: Սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք գումարը, իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների դեպքում՝  6 տոկոսային կետին համարժեք գումարը:

Թվում էր, թե պետության աջակցությունը շոշափելի կլինի գյուղացու համար, սակայն ապարդյուն: Նույնիսկ համեմատաբար մատչելի վարկերը գյուղացիները չեն կարողանում մարել: Բացի այդ, ոչ բոլոր գյուղացիական տնտեսություններին են հասանելի մատչելի վարկերը: Օրինակ, Արմավիրի մարզի Այգեշատի համայնքապետ Արամայիս Մխիթարյանը դժգոհեց, որ սուբսիդավորվող վարկերը համայնքների տնտեսություններին տրամադրում են ըստ ժամանակացույցի: Այգեշատ համայնքի գյուղացիները չեն կարողացել արտոնյալ տոկոսադրույքով վարկ ստանալ, քանի որ երբ հերթը հասել է իրենց՝ վարկի գումարը վերջացել է:

01/04/2011-31/03/2014թթ. Ժամանակահատվածում սուբսիդավորմամբ տրամադրված վարկերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն 

N

Մարզ

Տրամադրված վարկերի ընդհանուր գումարը /ՀՀ դրամ/

Վարկերի ընդհանուր քանակ /հատ/

Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորված գումար /ՀՀ դրամ/

Միավոր վարկի միջինացված արժեք /ՀՀ դրամ/

Վարկառուների բաշխվածությունն ըստ մարզերի /%/

1

Արմավիր

14,833,587,000

16,259

353,988,751

912,331

25,81

2

Արարատ

 9,283,463,000

10,875

330,746,824

853,652

17,27

3

Արագածոտն

 5,506,155,000

 6,439

202,235,528

855,126

10,22

4

Շիրակ

6,694,320,000

6,781

221,191,193

987,217

10,77

5

Կոտայք

4,335,449,000

5,854

162,641,364

740,596

9,29

6

Լոռի

3.732.135.000

4.485

139.982.688

832.137

7.12

7

Տավուշ

2.555.130.000

3.768

85.412.063

678.113

5.98

8

Գեղարքունիք

3.071.240.000

3.555

88.839.413

863.921

5.64

9

Սյունիք

3.418.600.000

3.202

115.999.900

1.067.645

5.08

10

Վայոց ձոր

1.213.660.000

1.746

41.767.928

695.109

2.77

11

Երևան

49.900.000

20

1.268.738

2.495.000

0.03

 

 

Ընդամենը

54.693.639.000

62.984

1.744.074.390

 

 

Ինչպես գյուղատնտեսական ընդհանուր վարկերի, այնպես էլ սուբսիդավորմամբ տրամադրված վարկերի առյուծի բաժինը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ինն է: Նա է շուկայում թելադրողը:

 Տրամադրված վարկերն ըստ բանկերի 

Ֆինանսական կառույց

Ներգրավված մարզերի ընդհանուր քանակը

Տրամադրված վարկերի ընդհանուր գումարը /ՀՀ դրամ/

Վարկերի ընդհանուր քանակ /հատ/

Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորված գումար /ՀՀ դրամ/

Միավոր վարկի միջինացված արժեք /ՀՀ դրամ/

Վարկառուների բաշխվածությունն ըստ բանկերի /%/

1

«ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ

10

50.458.633.000

60.509

1.619.915.667

833.903

96.070

2

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ

7

3.253.161.000

1.847

97.964.576

1.761.322

2.93

3

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

9

783.015.000

503

17.611.899

1.556.690

0.80

4

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

10

194.170.000

121

8.582.249

1.604.711

0.19

5

«ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ

2

4.660.000

4

0

0

0.00

 

Ընդամենը

 

54.693.639.000

62.984

 

 

 


 

Մարզպետները խուսափում են վարկերի մասին տեղեկատվություն տրամադրելուց

«Հետքը» ՀՀ բոլոր մարզպետներին գրություն էր ուղարկել գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ: Նրանցից ստացված պատասխանները ևս փաստում են, որ գյուղացիները վարկեր վերցնում են հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, «Ֆինքա» և «Արեգակ» վարկային կազմակերպություններից:

Մի քանի տարի շարունակ ուսումնասիրել ենք գյուղատնտեսական վարկերի թեման: 2-3 տարի առաջ մարզպետներն ու բանկերն ավելի թափանցիկ էին աշխատում, տրամադրում էին տեղեկատվություն, իսկ այս անգամ դարձել են «տեղեկատվությանը չտիրապետողներ»:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Խլղաթյանը պատասխանել էր, որ բանկերը մասնավոր սեփականություն են և «բանկային գաղտնիության հիմքով մարզպետարաններին տվյալ բնույթի տեղեկատվություն չեն տրամադրում», իսկ Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը նշել էր, որ «բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղացիներին գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացում մարզպետարանները ներգրավված չեն, հետևաբար և հարցման մեջ նշված տեղեկատվությանը մարզպետարանը չի տիրապետում»: Գրեթե նույնաբովանդակ պատասխան էին տվել նաև Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, Սյունիքի և Տավուշի մարզպետները, Շիրակի մարզպետի տեղակալը:

Մյուս մարզպետարանները շատ, թե քիչ տիրապետում էին իրավիճակին: Օրինակ, Արմավիրի մարզում 2013թ. հիմնական վարկատուն եղել է «ԱԿԲԱ»-ն և մարզի 91 համայնքի 9701 վարկառուի տրամադրել է 10.236 մլրդ դրամի վարկ, որից 7.049 մլրդ դրամի վարկը՝ պետական սուբսիդավորմամբ:

Իսկ Արագածոտնի մարզում  «ԱԿԲԱ»-ից բացի գյուղացիական տնտեսություններն օգտնվում են նաև «Յունիբանկ»-ից, «Արդշինինվեստբանկ»-ից և «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից:

Այս անգամ խիստ զգուշավոր է դարձել նաեւ ԴԱՀԿ ծառայությունը: Եթե նախորդ տարիներին ծառայությունը տրամադրում էր բանկերի ցանկը, որոնց օգտին հարուցվել են կատարողական վարույթներ, ապա այս տարի նման տեղեկատվություն չի տրամադրել: ԴԱՀԿ-ի գրության մեջ չի նշվել նաև թե ընդհանուր վարույթներից քանիսն են վերաբերում գյուղատնտեսական վարկերին:

Ըստ ԴԱՀԿ ծառայության՝ 2013թ. ՀՀ առևտրային բանկերի օգտին հարուցվել է 13.270 կատարողական վարույթ, բռնագանձվել է 5.882.525.527 դրամ: Իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին՝ 4.548 կատարողական վարույթ, բռնագանձվել է 715.253.779 դրամ:

2014թ. հունվարից մինչև նոյեմբերի 26-ը բանկերի օգտին հարուցվել է 18.864 կատարողական վարույթ, բռնագանձվել է 4.847.196.249 դրամ, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին՝ 4.672 կատարողական վարույթ, բռնագանձվել է 596.093.446 դրամ:

Ի՞նչն է պատճառը, որ ներդրած խոշոր գումարները շոշափելի արդյունք չեն տալիս

Գյուղացիները գնալով խճճվում են վարկային պատմությունների մեջ: Այդ սարդոստայնում հայտնվում են նաև մարդիկ, ովքեր ըստ էության վարկեր չեն վերցրել: Մասնավորապես, չկատարած պարտավորությունների համար պատասխան են տալիս նաև քաղաքացիներ, որոնց մեծ մասը տեղյակ չլինելով, թե ինչի դիմաց են ստորագրում «լավության» կարգով երաշխավորում են իրենց հարևան, բարեկամներին, իսկ արդյունքում վերջիններս չկարողանալով մարել իրենց վարկային պարտավորությունները, նրանք նույնպես հայտնվում են դատարաններում: Երաշխավորները ստորագրում են երաշխավորության պայմանագիր, որով պարտավորվում են վարկառուի հիմնական պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարել այդ պարտավորությունն ամբողջ ծավալով` ներառյալ վարկի գումարը, տոկոսները, տուժանքը, ինչպես նաև փոխհատուցել պարտավորությունն անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած վնասները:

Նման դատական գործերը բազմաթիվ են: Օրինակ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի և Արագածոտնի մարզի բնակչուհի Զարինե Մինասյանի միջև 2012թ. կնքվել է պարզ գրավադրմամբ գյուղատնտեսական կարճաժամկետ վարկի պայմանագիր՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով` տարեկան 24 % տոկոսադրույքով: Նրա երեք համագյուղացիները երաշխավորության պայմանագիր են ստորագրել: Զարինեն չի կարողացել մարել վարկային պարտավորությունը, արդյունքում այս տարվա սեպտեմբերի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ բանկի կայացրել է վճիռ՝ Զարինեից և նրա երեք հարևաններից հավասարաչափ բռնագանձել 1.843.570 դրամ, որից 1.400.000 դրամը որպես վարկի գումար, 217.907 դրամը՝ կուտակված տոկոսագումար, 225.663 դրամը՝ վարկային պայմանագրով նախատեսված տուժանք: Նրանցից բռնագանձվել է նաև 36.418 դրամի չափով բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքը, բացի այդ հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է  տույժերի 2%-ի և վճռի կայացման և կատարման միջև ընկած ժամանակահատվածում տույժերին ավելացած գումարի 2 տոկոսի չափով գումար:

Այն, որ վարկառու գյուղացիներն ու երաշխավորները ծանոթ չեն իրենց ստորագրած վարկային պայմանագրերին, կարելի է համոզվել ցանկացած բանկում ու վարկային կազմակերպությունում: Բանկի աշխատակիցը տրցակով փաստաթղթերը դնում է քաղաքացու առջև, վերջինս էլ առանց ծանոթանալու բովանդակությանը, րոպե առաջ ստորագրում են, որ գումարը շուտ ստանան:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» դիմաց պատահական 5 քաղաքացուց հետաքրքրվեցի, թե քանի՞ տոկոսով են վարկ վերցրել, ի՞նչ ժամկետով: Նրանցից միայն մեկը ճշգրիտ պատասխանեց, մյուսները գիտեին միայն մարման ժամկետը՝ 2 տարի, սակայն տոկոսագումարի չափը հստակ ասելու համար թերթում էին պայմանագրի էջերը:

Պարզվեց, որ գյուղատնտեսության ոլորտում ամենաշատ վարկավորում տրամադրող բանկն ունի գյուղատնտեսական վարկեր, որոնց տարեկան տոկոսադրույքը 24% է: Դրան եթե գումարենք նաև սպասարկման և այլ վճարները, ապա, ստացվում է, որ արտոնյալ վարկ ստանալուց զրկված գյուղացին ստիպված պետք է իր գյուղատնտեսությունը զարգացնելու համար վարկ վերցնի ասենք՝ 27%-ով: Կան նաև գյուղատնտեսական վարկեր, որոնք տրամադրվում են արտարժույթով՝ 18-20%-ով:

Պարզ է, որ այս պայմաններում չի կարող գյուղատնտեսություն զարգանալ, մանավանդ, որ վարկառու գյուղացիների կարծիքով՝ նույնիսկ պետության կողմից սուբսիդավորվող 10%-անոց վարկերն են թանկ:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը ևս փաստում է, որ գյուղատնտեսական վարկերն այսօր թանկ են, սակայն հաշվի առնելով պետության հնարավորությունները, այլ արտոնյալ պայմաններ չեն կարող առաջարկել: Նա այս վիճակից դուրս գալու ելքը տեսնում է գյուղատնտեսության ապահովագրության մեջ, սակայն վերջինս լինելով ռիսկային ոլորտ, ապահովագրության գումարները ևս մեծ են լինելու, ինչին շատ գյուղացիներ այժմ պատրաստ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter