Չինաստանը Հայաստանին անհատույց կտրամադրի մոտ 9.6 մլն դոլար
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը ստորագրեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի չափով (մոտ 9.6 մլն ԱՄՆ դոլար) անհատույց տեխնիկական օգնություն:
Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: 2012-2014թթ. Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը ընդհանուր առմաբ հատկացվել է 230 միլիոն յուանի (մոտ 40 մլն ԱՄՆ դոլար) օգնություն:
Նշված գումարի շրջանակներում ձեռք է բերվել մաքսային զննման շարժական սարք ՀՀ մաքսային ծառայության համար, սկզբնավորվել են Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և զարգացման ծրագրերը: Կողմերի միջև բանակցություններ են ընթանում մի շարք այլ ծրագրերի համաձայնեցման ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել