HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ են ավարտվելու Ծառուկյանի զրույցները

ԲՀԿ-ն հայտարարել է, որ հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրում է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Ըստ այդ մասին հաղորդագրության, դա ոչ թե կուսակցության, այլ անձամբ Ծառուկյանի նախաձեռնությունն է:

Պետք է սպասել, որ հունվարի 21-ին Հայաստանում տնտեսական, գուցե նաև քաղաքական հրաշք է տեղի ունենալու: Օրիանակ, Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ նման նախաձեռնությունները Ծառուկյանը հենց այնպես, ինքնանպատակ չի հրավիրում. դրանց միշտ հաջորդում են արմագեդոնի նշանակության ինչ-որ տարօրինակ երևույթներ: Օրինակ դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովը ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրեց՝ քննարկելու արձանագրվող դոլարի փոխարժեքի և գների կտրուկ տատանումների հարցը, որից անմիջապես հետո, դոլարն արժեզրկվեց միանգամից 150 դրամով, իսկ հաջորդ օրվանից խանութներում արձանագրվեց սննդամթերքի գների աստիճանական անկում:

Դրանից հետո միայն պարզվեց, որ Աժ արտահերթ նիստը հրավիրելու գաղափարը եղել է Գագիկ Ծառուկյանինը, ով, ինչպես ինքը խոստովանեց սեփական հյուրանոցի բացման ժամանակ, այդ որոշումը կայացրել է իր հրավիրած կուսակցական խորհրդակցության ժամանակ, և միայն այդ նախաձեռնության արդյունքում էր, որ ֆինանսական հրաշքը տեղի ունեցավ: Այսինքն եթե ԱԺ այդ նիստը չլիներ, հիմա Հայաստանը դեֆոլտի ենթարկված կլիներ, իսկ մեկ դոլարի փոխարժեքը հավանաբար մի քանի հազար դրամ կարժենար: Սա ոչ անհամեստություն է, ոչ էլ պարծենկոտություն, այլ միանգամայն կշռադատված քաղաքական ռեալիզմի և հեռատեսության՝ միայն իսկական լիդերին բնորոշ փայլուն որակների դրսևորման արդյունք:

Չե՞ք  հավատում, լսեք ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին. «Երբ մեզ հասնող մեսիջներից հասկացանք, որ խուճապային տրամադրություններ են սկսվում, մեր կուսակցության ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցավ փակ խորհրդակցություն, որտեղ լուրջ մասնագիտական քննարկում տեղի ուենցավ: Ու քանի որ զգացինք, որ գործընթացները կարող են դուրս գալ վերահսկողությունից, որոշվեց որ պետք է մշակել կոնկրետ հայտարարության տեքստ, որտեղ լուծումներ էինք առաջարկում, և հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: ....Եվ տեսեք, երեկոյան այդ նիստը մենք արեցինք, գիշերը որոշումը կայացված էր, որ պետք է գնանք իրավիճակը փրկելու ճանապարհով, եւ այսօր (դեկտեմբերի 18-ին-հեղ.) տեսանք, որ իրավիճակը կայունացավ: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ կուսակցության ղեկավարին, որ նախաձեռնեց այդ խորհրդակցությունը, արտահերթ նիստը կայացավ...»:

Բայց այսքանով ԲՀԿ ղեկավարն, իհարկե, բավարարվել չէր կարող: Լիդերի նույն այդ որակները նրան հասկանալի էին դարձրել, որ եթե իր 5 աստղանի հյուրանոցի բացման օրը հունվարից չտեղափոխի դեկտեմբերի 18-ը, ապա Հայաստանում ոչ մի գործարար այլև չի մնալու ու բոլորը խուճապի մեջ հայտնված փախչելու էին անդունդը գլորվող այս երկրից: Հետևաբար նրա համար, որ Հհայաստանում դեռ գործարարներ ունենք և դեռ աշխատող խանութներ ու ձեռնարկություններ կան, պարտական ենք Ծառուկյանի այդ հանճարեղ, կրեատիվ մտահղացմանը, որը հատուկ է միայն իր ժողովրդի մասին մտածող, ձեռքը տնտեսության պուլսի վրա պահող իսկական լիդերին:

Եվ եթե ընդամենը կուսակցական փոքրիկ փակ խորհրդակցությունն այսպիսի երկրաշարժեր է առաջացրել երկրում, պատկերացնել միայն կարելի է, թե ինչի է հանգեցնելու հունվարի 20-ին նրա նախաձեռնած հանրապետական մասշտաբներ ընդգրկող խորհրդաժողովը:

Հետաքրքրականն այն է, որ այդ խորհրդաժողովը Ծառուկյանը հրավիրում է անձամբ: Համենայնդեպս ԲՀԿ-ն հատուկ է ընդգծել, որ դա ոչ թե կուսակցության, այլ հենց կոնկրետ Ծառուկյանի նախաձեռնությունն է: Կարծես թե որևէ տարբերություն չպետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն էլ Ծառուկյանի նույնպիսի սեփականությունն է, ինչպես նրա նորաբաց հյուրանոցը, (թեև արժեքի և ներդրումների իմաստով, իհարկե, դրանք անհամեմատելի են): Պարզվում է՝ տարբերակում դնելն այնքան էլ ինքնանպատակ չէ:

Բանն այն է, որ խորհրդաժողովը հրավիրում է ոչ թե պարզապես ԲՀԿ կուսակցության, այլ համաժողովրդական լիդերի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանը: Հեմենայնդեպս նպատակն այն է, որ մյուս քաղաքական ու հասարակական շրջանակները նախաձեռնությունը հենց այդպես էլ ընկալեն: Եվ որպես այդպիսին՝ սա կարելի է համարել իրեն նախագահի միասնական թեկնածուի թեկնածու ինքնառաջադրելու յուրօրինակ փորձ:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այն մարտավարության համատեքստում, որն ընտրել է Ծառուկյանը նախագահի միասնական թեկնածու դառնալու և իշխանափոխության մոտիվներով քաղաքական գործընթացներ հունավորելու համար, ԲՀԿ-ն դատապարտված է նման անմեղ նախաձեռնությունների: Դրանց առաջին ծիծեռնակը մարզերում համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու գաղափարն էր կամ ավելի ճիշտ դրա շուրջ ակտիվության իմիտացիա ստեղծելը: Թե գրանսենյակների ստեղծումը և թե խորհրդաժողովի հրավիրումը նպատակ ունեն պարզապես լցնելու այն վակումը, որն առաջացրել է Ծառուկյանը այսպես կոչված համաժողովրդական շարժումն իրականում սառեցնելու որոշումը կայացնելու արդյունքում: Իսկ այդ որոշումը կայացվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նկատմամբ իր դիրքորոշման հրապարակումը մինչև 2015թ. մարտ ամիս հետաձգելու հիմքի վրա: ԲՀԿ-ն համարեց, որ այդ փոփոխությունները տապալելու առումով մինիմալ խնդիրը լուծել է և իշխանության հետ առճակատման գնալու հեռանկարից խուսափելու համար պարզապես որդեգրել է իր գործողությունները Սերժ Սարգսյանի հետագա քայլերին զուգորդելու մարտավարությունը: Բայց քանի որ նա չէր կարող հայտարարել, թե մինչև մարտ ամիսը (իսկ իրականում մինչև 2015թ. աշուն) նստում է թախտին ու սպասում բախտին, նման գրասենյակներ ստեղծելով ու խորհրդաժողովներ հրավիրելով փորձում է ծածկել անգործությունը և Ազատության հրապարակ բերած բազմահազարանոց քաղաքացիներին փաստացի մոլորեցրած լինելու իրողությունը: Այդ խորհրդաժողովի օրակարգով նա դեռ մի ամիս «կկերակրի» իր շարքերին ու համախոհներին, մի ամիս էլ մարդիկ կքննարկեն դրա արդյունքները և ժամանակն անկատ կհոսի:

Պարապությունը թաքցնելու համար, սակայն, ԲՀԿ-ն չափազանց վատ միջոց է ընտրել. տպավորություն թողնել, թե զրուցում է հանրության հետ, նրանից կարծիք ճշտում երկրում ստեղծված իրավիճակի, հետագա անելիքների վերաբերյալ, իբր ցույց տալու համար, թե որքան արդարացված են իշխանափոխության իր պահանջները: Որովհետև պարզվում է՝ սեպտեմբեր ամսից ԲՀԿ-ն այդ հարցով զրուցում-զրուցում է հանրության հետ, ու դեռ դրա կարիքն ունի: Հիշեցնենք, որ սեպտեմբերին մարզային հանրահավաքների շարք սկսելը ԲՀԿ-ն հենց այդ նպատակով էր բացատրում: Դա նաև  համաժողովրդական շարժման շտաբներ ստեղծելու հիմնական նպատակներից մեկն էր: Եվ հերթականը՝ խորհրդաժողով հրավիրելը, ևս բացատրվում է  հանրությանը լսելու նպատակով: «Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում»,-ասվում է խորհրդաժողովի հրավիրման մասին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Այսինքն ԲՀԿ-ն որդեգրել է մի գործելաոճ, որը շատ շուտ կարող է ձանձրացնել մարդկանց և որը, ըստ այդմ, այնքան էլ ճկուն մտքի արգասիք չէ: Ու կարծես թե դրա հետևանքներն արդեն նշմարելի են: ԲՀԿ-ի ամենահավատարիմ դաշնակիցը՝ ՀԱԿ-ը, այնքան էլ չի շտապում միանշանակ պաշտպանելու Ծառուկյանի այս նոր մտահղացումը, ինչպես անում էր նախկինում: Ով ով, Լևոն-Տեր Պետրոսյանի թիմը ոչ վաղ անցյալի սեփական օրինակից գիտի, թե ինչի է հանգեցնում նմանատիպ տրյուկներով մարդկանց սեփական դուդոկի տակ պարեցնելը: 

Մեկնաբանություններ (1)

Կարապետ Միրզոյան
Իրականում, հունվարի 20-ին կայանալիք խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եռյակի գործունեությունը, ճշտել տարբեր գործիչների կարծքիները և օրակարգ քննարկել: Այս առումեվ ես համաձայն չեմ նյութում հնչեցված այն կարծիքի հետ, թե սա ժամանակ ձգելուն միտված քայլ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter