
850 կգ թմրանյութի տեղափոխման գործով ամբաստանյալների պաշտպանները արդարացման դատավճիռ են ակնկալում
Անահիտ Բաղդասարյան
Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները:
Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն եւ դատարանին չէր տեղեկացրել իր բացակայելու մասին: Ամբաստանյալի մյուս պաշտպան Հրաչ Հակոբյանը տեղեկացրեց, որ նա զանգահարել է իրեն եւ հայտնել, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ: Դատավոր Դ. Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց՝ պաշտպանի բացակայության պատճառը պարզելու համար: Դատարանը կարողացավ կապ հաստատել միայն Թ. Մայսուրաձեի կնոջ հետ, ով հաստատեց ամուսնու հիվանդ լինելը:
Ամբաստանյալը Ա. Մարտիաշվիլին դեմ էր առանց պաշտպանի մասնակցության դատական նիստը շարունակելուն, սակայն դատավորը պաշտպանի բացակայությունն անհարգելի համարեց եւ հայտնեց, որ նրա բացակայությունը դատական նիստը շարունակելու խոչընդոտ չէ:
Ամբաստանյալ Ա. Մարտիաշվիլին իր թարգմանիչ Հերմինե Սարգսյանի եւ դատախազի դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց, միաժամանակ դատարանին խնդրեց դատական նիստը տեղափոխել մինչեւ հունվար ամսվա վերջ: Դատավորը հայտնեց, որ արդեն դատական վիճաբանությունների փուլն է, իսկ միջնորդությունները պետք է դատաքննության ընթացքում ներկայացվեին: Ապա հարցրեց, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չէր հայտնել, որ թարգմանությունն իրեն անհասկանալի է:
Ամբաստանյալը նշեց, որ իր թարգմանիչը հայերենից-վրացերեն եւ հակառակը թարգմանությունը ճիշտ չի կատարել, եւ ինքը ոչինչ չի հասկացել դատախազ Ա. Փանոսյանի խոսքերից, իսկ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի այս գործի նկատմամբ:
Դատախազ Ա. Փանոսյանը հայտնեց, որ թարգմանչի բավարար չափով իմացությունը ներկայացված է դատարանին փաստաթղթերով, իսկ եթե իր հնչեցրած հարցերն անհասկանալի լինեին՝ ամբաստանյալը չէր կարողանա դրանց պատասխանել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատախազ Ա. Փանոսյանը դատարանին միջնորդել էր Օ. Ուղուրլուին ազատազրկել 20 տարով, իսկ Ա. Մակիաշվիլուն՝ 18 տարով:
Դատավորն ընդմիջում հայտարարեց՝ խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելու համար: Այդ ընթացքում Ավթանդիլ Մարտիաշվիլու ինքնազգացողությունը վատացել էր եւ նրա համար շտապ օգնություն էին կանչել: Կարճ ժամանակ անց Մարտիաշվիլու վիճակը կայունացավ եւ դատական նիստը շարունակվեց:
Դատավորը մերժեց ամբաստանյալի ներկայացրած միջնորդությունը, իսկ դատական նիստը մինչեւ հունվարի 30-ը հետաձգելու վերաբերյալ հայտնեց, որ «պաշտպանի նման դիրքորոշումը նպատակ է հետապնդում անհարկի ձգձգելու դատաքննությունը»:
Օսման Ուղուրլուի պաշտպան Վահե Մարգարյանը պաշտպանական ճառում հայտնեց, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել իր պաշտպանյալին թմրանյութերի տեղափոխման գործում մեղադրելու համար եւ պետք է արդարացնել նրան: Նա նաեւ ավելացրեց, որ եթե իր պաշտպանյալը ֆինանսապես ապահովված լիներ՝ այդքան թմրանյութ ձեռք բերելու համար, ապա դա կաներ միայնակ:
Վ. Մարգարյանին միացավ նաեւ նրա պաշտպանյալը եւ դատարանին դիմելով հայտնեց. «Ինձ մեղադրում են մի ապրանքի վաճառքի մեջ, որի հետ ես կապ չունեմ: Ես ինձ հանցագործ չեմ համարում. այդ մասին գիտի Թուրքիայի եւ՛ ոստիկանությունը, եւ՛ ազգային անվտանգությունը: Ես խնդրում եմ արդարացման որոշում կայացնել իմ նկատմամբ»:
Ամբաստանյալ Ա. Մարտիաշվիլու պաշտպան Հ. Հակոբյանն իր պաշտպանական ճառում հայտնեց, որ Ա. Մարտիաշվիլին թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում հայտնել է, որ տեղյակ չի եղել թմրանյութի առկայության մասին: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նախաքննության ընթացքում քննիչը երբեւէ իր պաշտպանյալին չի առաջարկել մայրենի լեզվով գրել այն, ինչ իրեն հայտնի է: Մեղադրող կողմը համապատասխան ապացույցներ չի ներկայացրել եւ պետք է արդարացման դատավճիռ կայացվի՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Քանի որ պաշտպանական ճառով պետք է հանդես գա նաեւ ամբաստանյալ Ա. Մարտիաշվիլու պաշտպան Թ. Մայսուրաձեն, դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 27-ը:
Մեկնաբանել