HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի «այծերը»

Արևելյան հորոսկոպով 2015 թ. փայտե կապույտ այծի տարի է: Աստղաբանների նշում են, որ 2015 թվականը խոստանում է բիզնես ոլորտում լուրջ հաջողություններ, առաջընթաց են ունենալու ինժեներական միտք և հոգևորի զարգացում ապրող մարդիկ: Այծի տարին լինելու է կամքի, համառության, նոր ուղիներ գտնելու տարի։

Ազգային ժողովի 11 պատգամավոր՝ Սեդրակ Սարոյանը, Լյովա Խաչատրյանը, Շուշան Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը, Մելիք Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը,  Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Օսկանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյան ծնվել են այծի տարում: Նշվածների գերակշիռ մասը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ են:

Դժվար է ասել, թե այս պատգամավորներից քանիսն ինժեներական միտք ունի ու հոգևոր զարգացման մեջ է, սակայն նրանց մի մասը բիզնես ոլորտում գուցե հաջողություն ունենա, օրինակ՝ Սեդրակ Սարոյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Մելիք Մանուկյանը (Շշի Մելո): Վերջիններս լուրջ բիզնես ունեն և մի քանի ընկերություններում սեփականատեր են:

Փորձեցինք կապ հաստատել պատգամավորների հետ՝ պարզելու նրանց կարծիքը այծի, իրենց սպասվող հաջողությունների մասին, սակայն նրանց մեծ մասը Հայաստանում չէր: Գուցե սկսել են դիմավորել այծին Դուբայում կամ որևէ էկզոտիկ երկրում՝ «պատշաճ» մթնոլորտում:

Լյովա Խաչատրյանն ասաց, որ այծի տարուց ոչ մի ակնկալիք չունի: «Դե, եթե այս տարիների ընթացքում չի ստացվել, եկող տարուց ի՞նչ պիտի ակնկալեմ: Ազգային տոնի ակնկալիք ունեմ, որ եկող տարի կունենանք ազգային տոն»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Պատգամավորն ասաց, որ հորոսկոպներին այնքան էլ չի հավատում: «Հավատում եմ այնքանով, որքանով, որ… ես կոմունիստական դարաշրջանի մարդ եմ»,-նշեց Լ. Խաչատրյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը թեև Հայաստանում էր, սակայն զբաղվածության պատճառով «քիթ սրբելու» ժամանակ չուներ, որպեսզի հարցերին պատասխաներ, իսկ Սեդրակ Սարոյանը նման «զիզի-բիզի» բաներով չէր հետաքրքրվում:

«Լուրջ բաներ ասեք, այծ-մայծ չգիտեմ»,- ասում է պատգամավորը:

Նշենք, որ 2014 թ. ավարտին Սեդրակ Սարոյանը աչքի ընկավ մի քանի բոցաշունչ ելույթներով: Նախ, «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության ժամանակ պատգամավորը կոչ արեց ժողովրդի օգտին հարցը լուծել. «Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք, ես տենում եմ՝ սաղիս մտքին էլ կա»:

Այնուհետև Ազգային ժողովում պատգամավոր Արամ Մանուկյանի, մի խումբ ազատամարտիկների և քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունների թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ և աշխուժություն մտցրեց խորհրդարանում:

«Դու քանի՞ գլուխ ունես, այ Արամ, որ հանրապետության նախագահին կանգնել մեր էս քրֆում: Դու կուլտուրական մարդ, դու գրագետ մարդ… Հիմա էլ մի ապտակ կերել ես մռթիդ, սաղ աշխարհին հանել ես ոտի: Բա որ քֆուր էիր տալիս, չէի՞ր մտածում, որ կարող ա մի տղա էլ գա մի օր տա բերնիդ մեջ՝ հենց մորը քֆուր տալու համար: Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում, թեկուզ սովորական տղու, դու կուլտուրական մարդ, հլը ես ու Շմայսը քրֆենք, ջհայնամ, բա դու ու՞ր ես քրֆում, արա»,- ասում էր Սեդրակ Սարոյանը:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ չի հետաքրքրվում, հորոսկոպներով, «հավատում եմ Աստծուն և ճիշտ գործողություններ իրականացնելուն»:

Այնուամենայնիվ պատգամավորը մեծ հույսեր է կապում գալիք տարվա հետ: Ըստ նրա՝ 2014 թ. ամբողջությամբ ապացուցեց այն ամենը, ինչ ԲՀԿ-ն և ոչ իշխանական ուժերը ասում էինք նախորդ տարիներին:

«Տարի էր, որ ապացուցեց երկրում համակարգային փոփոխությունների և իշխանափոխության անդառնալիությունը: Մի խոսքով՝ ռադիկալ փոփոխությունների ճանապարհը բռնելու տարի էր»,- ասում է Տ. Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է 2015 թ.-ին, ապա պատգամավորը հույս ունի, որ սկիզբ դրված ուղին կընթանա իր տրամաբանական շարունակությամբ և կբերի լուծումներ առնվազն երկրում օրհասական, ծայրահեղ սուր առկախված հարցերի համար:

«Ամեն ինչ ակնհայտ է՝ մեկ միլիոնի հասնող աղքատություն, եթե ոչ ավելի, 20 տոկոս գործազրկություն, եթե ոչ ավելի, ճգնաժամային մակարդակի արտագաղթ, դրանից ելնող հուսալքություն: Կարճ ասած՝ սոցիալական, տնտեսական և իրավական ճգնաժամ»,- ավելացրեց պատգամավորը:

Մյուս պատգամավորների կարծիքը չկարողացանք լսել:

Մեկնաբանություններ (2)

նիկո
Այսինքն՝ «козлы», հայերեն ասած?
nene
Այ քեզ գռեհիկ վերնագիր․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter