
Բերման ենթարկվողը իրավունք ունի տեսանկարահանել ոստիկաններին
Վերջին 1-2 տարվա ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումները տարբեր ակցիաներից բաժիններ են բերման ենթարկել հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) ակտիվիստների: Բացառությամբ մի քանի դեպքերի, ոստիկանության բաժիններում ակտիվիստների նկատմամբ բռնություն չեն կիրառում:
Սակայն բազմաթիվ են եղել այն դեպքերը, երբ ոստիկանները ակտիվիստներին ծեծի և խոշտանգումների են ենթարկել բերման ենթարկելու ընթացքում` ավտոմեքենայի մեջ: Ու թեև իրավապահները, որպես կանոն, այդ դեպքերում գործը հարուցում են ոչ թե ոստիկանների, այլ ակտիվիստների դեմ, միևնույնն է, բոլորս գիտենք թե ում են ծեծել և երբ (Արգիշտի Կիվիրյան, Վարդգես Գասպարի, Հայկ Կյուրեղյան և այլն):
Տեսախցիկը` օրինախախտ ոստիկանի թշնամի
Ցանկացած բերման ենթարկված գիտի, որ բռնության տրամադրված ոստիկանները առաջին հերթին «հրամայում են» գրպանից չհանել բջջային հեռախոսները և տեսախցիկները… Հակառակ պարագայում սպառնում են խլել դրանք, երբեմն էլ իրոք խլում են (Լալա Ասլիկյանի և մի շարք այլ դեպքեր) ու անգամ վնասում:
Այդպիսի պահվածքով, որպես կանոն, աչքի է ընկնում ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակը («կարմիր բերետավորները»):
Ոստիկանների այդպիսի մոտեցումը տրամաբանական է: Հայաստանում, անգամ ոչ այդքան լավ արդարադատության պայմաններում տեսախցիկի առջև հանցանք կատարած ոստիկանը չի կարող խուսափել քրեական պատասխանատվությունից: Հենց դրանով է պայմանավորվում նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունը ոչնչացնում է ցույցերի և բախումների ժամանակ նաև իր իսկ աշխատակիցների կողմից նկարահանված նյութերը:
Շուրջ երկու տարի առաջ հայտնի «դու լրիվ ոնց որ խառնում ես սաղ»-ից հետո մենք արդեն անդրադարձել էինք այն հանգամանքին, որ տեսախցիկը «մահացու» զենք է օրինախախտ ու վարորդի գլխին սարքող ՃՈ տեսուչի համար… Եվ այս երկու տարում վիդեո ռեգիստրատորների տարածումը հանգեցրեց ճանապարհային ոստիկանության գործելաոճի դրական փոփոխությանը: Սակայն ծեծող և խոշտանգող «բերետավորների» դեմ պայքարելն ավելի դժվար է:
Ոստիկանությունում համակարծիք են
Քանի որ «կարմիր բերետավորները» իրենց կողմից բերման ենթարկվողներին թույլ չեն տալիս հեռախոս հանել ու որևէ նկարահանում իրականացնել, մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսի պաշտոնական տեսակետ ունի ոստիկանությունը:
Պատասխանից պարզվեց, որ ոստիկանությունը ևս գտնում է, որ բերման կամ վարչական ձերբակալման ենթարկվող քաղաքացին իրավունք ունի ազատորեն իրականացնելու նկարահանումներ մինչև ոստիկանության բաժին մտնելը: Սակայն, միաժամանակ, ոստիկանության իրավաբանական վարչությունը խուսափեց պատասխանել այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ, որպեսզի ոստիկանները չխոչնդոտեն քաղաքացիների այդ իրավունքի իրացմանը:
Ու թեև իրավապաշտպաններն ու ոստիկանությունը բաժիններում նկարահանումների վերաբերյալ ունեն իրարամերժ տեսակետներ, ինչպես նշեցինք, բռնության հիմնական ռիսկերը բաժնի ճանապարհին են: Եվ եթե բոլոր ակտիվ քաղաքացիներն իմանան, որ բերման ենթարկվողը իրավունք ունի նկարահանումներ անել, և իր այդ իրավունքի առկայությունը ընդունում է նաև ոստիկանության ղեկավարությունը, «կարմիր բերետավորներին» շատ ավելի դժվար կլինի խոչընդոտել այդ իրավունքի իրացմանը:
Բացի այդ, քաղաքացիներն իրավունք ունեն նաև թաքնված նկարահանումներ իրականացնելու և հետագայում` դատական գործընթացի դեպքում, դա պետք է դիտվի որպես թույլատրելի և օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույց:
Մեկնաբանել