HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոխարժեքը կայունացել է, խանութները վերաբացվել են». կառավարություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստի սկզբում ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ փոխարժեքը կայունացել է, եւ այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ:

«Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էին, չէին գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության: Մի պահ կար, երբ բոլոր բաց խանութներում, որտեղ ապրանք կար, գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է բոլոր տեղերում: Ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն»,- ասել է Գաբրիելյանը:

Կենսաթոշակի և նպաստի չափերը կբարձրանան 

Կառավարության նիստում քննարկվել է նաեւ 2015թ. հունվարի 1-ից աշխատանքային, զինվորական, ինչպես նաև «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:

2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազար դրամ: Արդյունքում` աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ:

ՀՀ կառավարության որոշման փոփոխությամբ հստակեցվել է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ:

Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ:

Համաձայնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Նշված համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն կողմերի միջև համաձայնեցված՝ ինդիկատիվ հաշվեկշիռներում սահմանված ծավալներով ՌԴ-ից ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձում: Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու համաձայնագրի ժամկետը մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:

Մեկ այլ որոշմամբ` հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնությունից հայկական ընկերությունների համար առանց արտահանման տուրքի բնական, չմշակված ալմաստի ձեռք բերելու և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացնելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter