
Ստրասբուրգը հաստատել է Հայաստանից առաջադրված ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ցանկը
Պաշտոնական Ստրասբուրգը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրված թեկնածուների ցանկը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնապես թեկնածուներին տեղեկացրել է, որ Ստրասբուգում նրանց հետ հարցազրույցը նշանակված է 2015թ. հունվարի 16-ին:
Թեկնածուներին հարցազրույցի հրավիրելը նշանակում է, որ եվրոպական կառույցները Հայաստանում դատավորների ընտրության մրցույթը համարել են ԵԽԽՎ-ի ընդունած չափորոշիչներին համապատասխանող, հակառակ դեպքում` կմերժեին առաջադրված թեկնածուներին եւ կհրահանգեին նոր մրցույթ կազմակերպել: Առաջադրված երեք թեկնածուներից թե ով կզբաղեցնի դատավորի պաշտոնը` հայտնի կդառնա հունվարի 28-ին նշանակված ԵԽԽՎ-ի նիստում:
Հիշեցնենք, որ մրցույթին իբրեւ դիտորդ ներգրավված «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն անընդունելի էր համարում մրցույթի արդյունքները եւ հայտարարեց, որ մրցույթն անց է կացվել սահմանված չափորոշիչների էական խախտումներով: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի գործելաոճի հետ»,- հայտարարել էր կազմակերպությունը:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ հայտարարություն տարածեցին նաեւ մի խումբ հ/կ-ներ եւ անհատ փաստաբաններ: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում մրցույթի հարցազրուցի փուլում հանձնաժողովի ոչ թափանցիկ եւ կամայական գործելաոճի կապակցությամբ»,- ասվում էր հայտարարության մեջ:
Ընթերցողներին հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցել էին 14 թեկնածու, որոնցից մրցույթում հաղթող ճանաչվեցին եւ ըստ հավաքած միավորների, ՀՀ նախագահի հրամանով թեկնածուների ցուցակում հաստատվեցին երեք հոգի`
Արմեն Հարությունյանը` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,
Արայիկ Ղազարյանը` «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,
Նելիկ Հարությունյանը` ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ:
Լուս.` pastinfo.am-ից
Մեկնաբանել