
Ի՞նչ է անելու եկեղեցին արոտը, սրճարանը, արհեստական լիճն ու անտառները
Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկման հիմնական թեման եկեղեցուն որոշակի հարկերից ազատելու արտոնություն շնորհելու հարցն էր, որի առնչությամբ քննարկման ներկայացվեցին կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, թեեւ նույնիսկ իշխանական ճամբարում կային տարաձայնություններ այս օրինագծերի վերաբերյալ:
Ըստ նախագծերի` գույքահարկից ազատվում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանել է կառավարությունը:
Մեր ձեռքի տակ է այն ցուցակը, որոնք պատմամշակութային արժեքներ չեն, սակայն պատկանում են եկեղեցուն: Օրինակ՝ 20 բնակելի տուն, 35 բնակարան, 4 անտառ-պուրակ, որոնցից մեկը գտնվում է Էջմիածնում եւ զբաղեցնում է 3 հա տարածք, 2 ճաշարան եւ սրճարան, 4 առանձնատուն եւ վիլլա: Նշենք, որ վիլլաներից մեկը գտնվում է Երեւանում՝ Բաղրամյան 1-ին փակուղի թիվ 1 հասցեում: Մեր այցելության պահին վիլլայում մարդ չէր բնակվում: Տարածքի բնակիչներն ասացին, որ այնտեղ շատ քիչ են անցուդարձ տեսնում եւ հիմնականում միշտ դռները փակ է լինում:
Եկեղեցին ցանկանում է հարկերից ազտվել նաեւ 4 արոտի եւ արոտավայրի մասով:
3.15, 7.39 եւ 4.95 հա արոտավայրերը գտնվում են Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում: Իսկ մոտ 5 հա որոտը նշված է Արագածոտնի մարզում՝ առանց բնակավարի:
Եկեղեցին ցանկանում է արտոնություն ունենալ նաեւ Էջմիածնի «Ներսիսյան» արհեստական լճի եւ լճի տակ գտնվող մառանի նկատմամբ: Մինչդեռ էջմիածնեցիները փաստում են, որ լճի տակ ոչ թե մառան է, այլ՝ ռեստորան:
Ինչպես պարզվում է ցուցակից, եկեղեցին ցանկանում է տեր կանգնել նաեւ ուրիշի գույքին: Օրինակ, ցանկում, որպես բնակելի տուն նշված է Էջմիածնի Զոյայի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող շինությունը եւ որպես իրեն պատկանելու հիմք նշվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը (գործ՝ թիվ Արդ/0887/02/09):
Իրականում այդ բնակելի տունը պատկանում է «Մեր տունը» ՀԿ-ին, որտեղ ներկայումս բնակվում են 18-23 տարեկան մանկատնից դուրս եկած 11 աղջիկներ: ՀԿ-ն իր ձեռքի տակ ունի սեփականության իրավունքի վկայական եւ անհասկանալի է, թե ինչպես եկեղեցին դարձավ այդ շենքի սեփականատերը: Զավեշտն այն է, որ դատարան մտած գործի համարը վերաբերում է ոչ թե նշված հասցեի հետ կապված շենքային վեճին, այլ «ԱրմենՏել» ընկերության կողմից գումարի պահանջի մասին հայցին, ընդդեմ՝ Ջանֆիդա գյուղի մի բնակչի:
Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, քանի որ ցանկում ներառված է նաեւ 1 ավտոկանգառ, 1 անասնաշենք, 3 պանսիոնատներ եւ առողջարաններ: Նշենք, որ եկեղեցին ցանկանում է իրեն պատկանող ավտոկանգառի համար գույքահարկ եւ հողի հարկ չվճարել, սակայն Մայր Աթոռի հարակից կանգառն օգտագործում է վճարովի հիմունքներով եւ եկեղեցին դրանից շահույթ է ստանում:
Իշխանական ճամբարից ասում են, որ թվով 286 օբյեկտ եկեղեցուն հանձնելն ու հարկերից ազատելը կապված է եկեղեցու հոգեւոր արժեքների անթերի քարոզման եւ լիարժեք գործունեության հետ: Սակայն՝ անտրամաբանական է, թե հոգեւոր արժեքների հետ ինչ կապ ունեն անասնագոմերը, խոտհարքերն ու վիլլաները:
Երեկ, լրագրողների հետ զրույցում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գույքահարկից ազատված Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող կառույցների ցանկում խանութներ, մարզադաշտեր, սրճարաններ եւ նմանատիպ այլ կառույցներ չեն լինելու։
«Այդպիսի բաները բացառվում են, օրենսդիրը հստակ ֆիքսում է, որ ցանկերը հաստատվելու են կառավարության կողմից եւ, օրենքով ֆիքսված է, լինելու են այնպիսի առարկաներ, որոնք ծառայելու են միայն իրենց հոգևոր ծառայության մատուցման համար»,-հայտարարեց վարչապետը։
Այդ դեպքում անհասկանալի է եղեղեցու հրապարակած ցանկը, որտեղ առկա են սրճարաններ, բնակարաններ, խանութներ եւ այլն: Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գույքահարկից եւ հողի հարկից ազատվելու են եկեղեցուն կից գործող կառույցները՝ թանգարանները, ճեմարանները, գրքի խանութները եւ այլն:
«Մեր հատվածը հուշարձանների մասն է եւ մենք որեւէ խնդիր չտեսանք: Այն ինչ վերաբերում է հուշարձաններին, մշակութային արժեքների պահպանությանը կամ ժամանակակից գործընթացներին, օրինակ՝ հայորդած տներին, որոնք հրաշալի գործում են եւ այլն, որեւէ խնդիր չկա: Մնացածը, թե դուք ինչ եք տեսել, ես չգիտեմ: Ես էլ եմ ուզում վերցնեմ այդ ցանկը տեսնեմ»,-ասաց Հասմիկ Պողոսյանը;
Նախարարը հավելեց, որ մարզադաշտի, առանձնատների ու վիլլաների մասով հարցերը պետք է պարզաբանել նախագիծը խորհրդարան բերողների հետ: «Հիմա պատրաս չեմ նշված մասով ինչ որ բան ասել: Ինչու՞ չեք հարցնում նախագծի հեղինակներին, հարցրեք իրենց»,-հավելեց Հասմիկ Պողոսյանը:
Լուսանկարում` Բաղրամյան-1 հասցեի վիլլան:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել