HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. գաթանախշիչը, որ սիրող սրտեր էր կապում

Աննա Բաբաջանյան

Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, և տոնական այս եռուզեռի մթնոլորտում տեղին կլինի վերհիշել մեր  նախնիների ավանդույթները, որոնք հակված էին տոնի ամենաաննշան, կենցաղային թվացող գործողություններին գեղեցիկ գույներ հաղորդել: Այդ սովորույթների մասին վկայող  ապացույցները բազմաթիվ են, դրանցից մեկն էլ պահվում է Հայաստանի Փայտարվեստի թանգարանում, որտեղ տեղ է գտել պատմական արժեք ներկայացնող առարկաների   մի ամբողջ մշակույթ, իսկական ազգագրություն:  Դրանց շարքում «տարագրի» իր ճակատագրով աչքի է ընկնում մի ցուցանմուշ, որի պատմությունը  ոչ միայն ուշագրավ է, այլև՝ բացառիկ:

Ամռան շոգ օրերից մեկն էր, երբ Հայաստանի Փայտարվեստի թանգարանի մոտ կանգնեց զբոսաշրջիկներով լի մի ավտբուս, դրանից դուրս եկավ մոտ հիսուն տարեկան կին, ով  ձեռքին պահած ուներ հաստատապես արժեքավոր մի բան, քանի որ, թեև ինքը շտապում էր, աշխատում էր դրան  խնամքով վերաբերվել:  Այս կինը, ով Հայաստան էր եկել ԱՄՆ-ից,  լսելով, որ  իր հայրենիքում գործում է  Փայտարվեստի թանգարան, անմիջապես ինքն իր համար վճռել էր, որ ձեռքի իրը տեղ է գտնելու հենց այնտեղ: Գլխավոր ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը հիշում է՝ 1982 թվականն էր,  երբ վազելով թանգարան մտավ այդ կինը, անգամ չհասցրեց ծանոթանալ ցուցանմուշներին, ցույց տվեց ձեռքի առարկան, նվիրեց այն թանգարանին, հպանցիկ  կերպով պատմեց դրա մասին եւ  շտապեց միանալ զբոսաշրջիկներին: Ու թեև նա խոստացավ, որ էլի կայցելի թանգարան, սակայն երկրորդ հանդիպումը մինչ օրս չի կայացել:

 Ամերիկահայ այդ կինը  Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհին էր, նրա ձեռքում  19-րդ դարում պատմական Հայաստանի քաղաքներից մեկում՝ Կեսարիայում ծնունդ առած գաթանախշիչ էր՝ մեր նախնիների կողմից հացի ստեղծման սուրբ արարողության վկան ու մասնակիցը: Եվ երբ 1915-ին վրա էր հասել մեր ազգի համար ճակատագրական աղետը, գաթանախշիչը՝ որպես մասունք,  տեղ էր գտել գաղթական հայի կապոցում եւ տարագրվել, կտրելով օվկիանոսը՝ հասել Կանադա: Հայի կյանքի ու կենցաղի խորհրդանիշի վերջին հանգրվանը, սակայն, հայրենիքը պետք է լիներ: Մասունքի ճակատագիրն էր՝ ապրել Հայաստանում, ուստի տարիներ անց, կրկին կտրելով օվկիանոսը, գաթանախշիչը գերդաստանի ժառանգորդուհու՝ Ազատուհի Ղահրամանյանի ձեռքով հասել էր իր երկիր՝ ապագայի ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալով:

Բայց նախքան այդ՝ գաթանախշիչը մի ամբողջ պատմության, ավանդույթների կրողն էր:  Պատմում են, թե  ժամանակին ամեն հայ ընտանիք ունեցել է իր գաթանախշիչը, և երբ տոն օրերին նրանք փոխանակվել են գաթաներով, տոհմին բնորոշ նախշերից կռահել են, թե որ ընտանիքի որ աղջիկն է պատրաստել թխվածքը, ըստ այդմ էլ  որոշել են, թե ում պետք է հարս տանեն: Կարելի է ասել` գաթանախշիչն այդպիսով կատարել է նաև կնիքի դեր: Եվ միայն գեղեցիկ ձևավորում չէր, որ կարելի էր ստանալ այդ նախշերի միջոցով, դրանք պարունակում էին  նաև ցանկալի համի գաղտնիքը՝ դառնալով  սիրած աղջկա հրավերի  սպասման խորհրդանիշը:

Իր տեսակով տարբերվում է նաեւ Կեսարիայում ծնունդ առած մեր գաթանախշիչը, որի անկյունների չորս հրեշտակները կարգված են պահպանելու մասունքի գոյությունն ու դառնալու դրա բացառիկ կենսագրության վկաները: Թվում է` հենց հիմա շուրջդ կտարածվի կրակվող թոնրից նոր դուրս բերված գաթայի բուրմունքը, թվում է` շուրթերիդ վրա կզգաս նրա միջուկի քաղցրությունը եւ այդ հպումն էլ սոսկ հպում չի լինի, այլ հրեշտակների թեւաբախություն, ջերմության մի ալիք, որի ներսում այնքան սեր, մաքրություն ու ազնիվ աշխատանքի վաստակ կա: Մեր նախնիները գիտեին կեցության գաղտնիքներից մեծագույնը` խորհուրդ հաղորդել եւ խորհուրդ առնել նունիսկ պարզ, հասարակ իրերից` գեղեցկացնելով այն, ինչը կարծես թե պճնանքների կարիք չուներ: Ու գուցե հենց այստեղ է թաքնված այն առեղծվածի բանալին, որը սովորական մի փայտ կարող է մասունք դարձնել, իսկ առտնին գործիքը` ծիսական սպասք:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Շնորհակալություն հեղինակին՝ այս շարքը նախաձեռնելու և լավագույնս ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter