
Ջավախքի համար անցնող տարին որևէ բանով աչքի չի ընկել, սպասվում են նոր որակի հայ-վրացական հարաբերություններ. Շիրակ Թորոսյան
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Պրն Թորոսյան, 2014 թվականն ինչպիսի՞ն էր Ջավախքի և ջավախքցիների համար, ի՞նչ ձեռքբերումներ և դժվարություններ եղան անցնող տարում:
Կարծում եմ՝ անցնող տարին առանձնահատուկ որևէ բանով աչքի չի ընկել: Կարող եմ գնահատել որպես սովորական ընթացիկ տարի: Շեշտադրված ձեռքբերումներ կամ ակնհայտ կորուստներ չեմ նկատել: Ձեռքբերումների տեսանկյունից կարող եմ ասել, որ հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում վրացահայության և մասնավորապես ջավախքահայության խնդիրները եղել են ուշադրության կենտրոնում և ամենաբարձր մակարդակներում քննարկվել են, եղել են օրակարգային կարևոր հարցերից: Ես սա մատնանշում եմ, որովհետև նախկինում այսպիսի երևույթի մենք չէինք հանդիպում կամ գրեթե չէինք հանդիպում: Դա պայմանավորված էր ինչպես Վրաստանի նոր իշխանությունների դիրքորոշմամբ, այնպես էլ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությամբ: Արդյունքում, ակնհայտ դիտվում էր այն երևույթը, որ այդ խնդիրները միշտ քննարկվում էին և լուծումների ճանապարհներ փնտրվում:
Ամենամեծ դժվարությունը, որ ծառացավ ջավախքահայության առջև, վիզայի նոր ռեժիմի սահմանած կանոններն էին: Վրաստանը ընթացիկ տարվա հունիսի 27-ին նախաստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, և, ըստ այս համաձայնագրի, Վրաստանը պետք է ներդաշնակեցնի իր օրենսդրությունը ԵՄ սահմանած կանոններին, այդ թվում նաև վիզային ռեժիմը: Ըստ ԵՄ կանոնների, օտարերկրացին կարող է այդ համակարգի երկրներում մնալ ոչ ավել քան 90 օր, և մեկ տարվա ընթացքում՝ ոչ ավել քան 180 օր: Եթե մասնավորեցնենք, դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին չի կարող Վրաստանում մնալ միանվագ 3 ամսից ավելի, և յուրաքանչյուր 3 ամիսը մեկ պետք է 3 ամսով լքի Վրաստանի տարածքը:
Խնդիրն այն էր, որ Վրաստանի հազարավոր հայեր, այդ թվում նաև ջավախքցիներ, ընթացիկ տարիներին ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ Հայաստանում ձեռք էին բերել երկքաղաքացիություն: Նպատակը մեկն է եղել, այդ մարդիկ իրենց հանապազoրյա հացը վաստակում էին ՌԴ արտագնա աշխատանքի միջոցով, և այդ մարդիկ, քանի որ 2006 թվականից ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով ռուս-վրացական սահմանը փակվել էր Վրաստանի քաղաքացիների առջև, ստիպված էին եղել Հայաստանում ընդունել երկքաղաքացիություն: Եվ քանի որ Վրաստանը չի ճանաչում երկքաղաքացիությունը, Վրաստանի Սահմանադրությամբ դա արգելված է, ՀՀ քաղաքացիություն ստացցած մարդիկ մեխանիկորեն զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից: Եվ քանի որ ԵՄ ներդաշնակեցման արդյունքում ներդրվեց վիզային ռեժիմը, հետևաբար այդ մարդիկ հայտնվեցին խնդրի առաջ: Այսինքն՝ նրանք ստիպված են իրենց տուն ու տեղից կտրվել, ընտանիքից բաժանվել 3 ամիսը մեկ:
Հայտարարվեց, որ երեք ամսով հետաձգել են, և թույլ են տալու ՀՀ քաղաքացիներին կարգավորել իրենց փաստաթղթերը:
Համարում եմ սա ձեռք բերում: Հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում այս հարցի լուծման, համեմայնդեպս, խոստումն ունենք: Երբ նոյեմբերի սկզբին Վրաստան այցելեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, օրակարգի գլխավոր հարցերից մեկը հենց վիզայի խնդիրն էր: Վրաստանի իշխանությունները բարձր մակարդակով խոստացան խնդրին լուծում տալ: Դեկտեմբերի 11-12-ին հետևեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը դարձյալ այս հարցն էր: Եվ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին խոստացավ, որ հարցը կլուծվի ամենաուշը 2015թ. առաջին եռամսյակում: Դա նշանակում է, որ մենք առնվազն հաջորդ տարվա մարտ ամսվա դրությամբ այլևս այդ խնդիրը չենք ունենալու: Լուծման ճանապարհները պարզ են՝ ամենակարճ ճանապարհը, կարծում եմ, այդ մարդկանց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի ապահովումն է, կամ այլ լուծումներ, որոնք չեն խոչընդոտի Վրաստանի օրենսդրությանը և ԵՄ կանոններին, բայց կտան հարցի դրական լուծումը:
Անցնող տարին Ձեզ համար էլ էր դրական այն առումով, որ կարգավորվեց ձեր՝ Վրաստան մուտք գործելու հարցը: Ինչպե՞ս հաջողվեց հասնել դրան և ինչո՞ւ մյուսների, ասենք, Վահե Սարգսյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրենի մուտքի հարցը չի լուծվել:
Դա անձնական դաշտում էր, դրա համար չուզեցի անդրադառնալ: Հոկտեմբեր ամսին ես կարողացել եմ մուտք գործել Վրաստան, և դա նույնպես եղել է բանակցային գործընթացի արդյունքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում: Վրաստանի իշխանություններն այդ հարցում ևս ցուցաբերել են պատրաստակամություն: Անձամբ վարչապետ Ղարիբաշվիլին խոստացել է, որ հարցը կլուծվի կարճ ժամկետներում: Եվ ասեմ, որ կարճ ժամկետներում էլ հարցը լուծվեց: Խոստումը հնչել էր հոկտեմբերի սկզբներին բանակցությունների ընթացքում, հոկտեմբերի 25-ին ես և Ստեփան Մարգարյանը կարողացել ենք հատել սահմանը: Եվ ես դրա համար շատ շնորհակալ եմ և մեր ԱԺ նախագահին, և Վրաստանի իշխանություններին ու վարչապետին:
Գալիք տարվանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Կարծում եմ, որ նոր աշխարհաքաղաքական փոփոխություններն ու իրողությունները նոր որակի հայ-վրացական հարաբերություններ են ենթադրում: 2014թ. շրջադարձային էր և Հայաստանի, և Վրաստանի համար: Վրաստանը ստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը, Իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը: 2015 թվականից մենք արդեն նոր պայմանների մեջ ենք լինելու: Շատ հետաքրքիր իրողություն է առաջացել, և ես կարծում եմ, որ բարձր մակարդակի շփումների հիմնական արդյունքները մենք կտեսնենք 2015թ., այն է՝ Հայաստանը և Վրաստանը, ինչպես որ պայմանավորվել են, պետք է փոխադարձ աջակցեն միմյանց՝ փոխադարձ շահեկան հնարավորություններ ստանալով տարբեր քաղաքական, տնտեսական կողմնորոշումներից: Վրաստանը Հայաստանի միջոցով հնարավորություն կստանա նորմալ շփումներ ունենալ ԵՏՄ տարածքում, և հակառակը՝ Հայաստանը Վրաստանի աջակցությամբ կկարողանա ԵՄ հետ ունենալ լուրջ շփումներ և համագործակցություն:
Երկու երկրների ընթացքը երկու տարբեր ուղղություններով, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա Ջավախքի և ջավախքցիների վրա:
Կարծում եմ, որ այդ առումով որևէ խնդիր չենք ունենա, որովհետև ջավախքցին որպես Վրաստանի քաղաքացի պետք է բազմակողմանիորեն ինտեգրվի Վրաստանի կյանքին և որպես Վրաստանի քաղաքացի առաջնորդվի Վրաստանի օրենքներով և Սահմանադրությամբ: Երկրների փոխշահավետ համագործակցության արդյունքում մենք պետք է ունենանք նվազագույն խնդիրներ Ջավախքի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել