HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիրելի Պամելա». ներկայացում սիրո եւ աղբի մասին

Նունե Հախվերդյան

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում պրեմիերաները հաճախ չեն լինում:  Դա, թերեւս, թատրոնի ղեկավար Նարինե Մալյանի աշխատաոճն է, ով գերադասում է աշխատել անշտապ, մանրակրկիտ ու զգուշորեն:

Թատրոնն իր ստեղծման օրից եղել է դերասանական: Այսինքն, թե՛ ընտրված դրամատուրգիական նյութը, թե՛ բեմադրության ֆորման աշխատել են առաջին պլան մղել հենց դերասանին՝ նրա պլաստիկան, հույզերը, մարմնի խաղը: Ի վերջո, թատրոնը համարվում է կինոդերասանի թատրոն, իսկ կինոդերասանի վարպետությունը խոշոր պլաններն ու շարժումն է: Եվ դրա շնորհիվ Մալյանի անվան թատրոնի դերասանները միշտ էլ տարբերվել են այլ թատրոնների դերասաններից: Նրանց ձեռագիրը կարելի է բնորոշել որպես պաթետիկ դեկլամացիայից ազատ, «մերկ», նախասկիզբ խաղ: Այն խաղը, որը թատերական արարողության հիմքն է:

Թատրոնի լավագույն աշխատանքը՝ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», արդեն երեք տասնամյակ է ապրում, եւ նման անմահության գաղտնիքը դերասանի արժեւորումն է, անգամ՝ մեծարումը: Այդ ներկայացման մինիմալ դեկորացիան (կարպետները եւ ծածկոցները) թույլ է տալիս դերասաններին արագորեն անցում կատարել խոշոր պլանից դեպի ընդհանուրը, «մոնտաժել» պատմությունը: Այնպես, ինչպես կինոյում է:

Մալյանի անվան թատրոնի վերջին ամիսների պրեմիերան՝ամերիկացի դրամատուրգ Ջոն Պատրիկի պիեսի «Սիրելի Պամելա» բեմադրությունը, նույն ոճն ունի, ինչ թատրոնի բոլոր ներկայացումները: Տեքստն ու բեմադրական գնացքը շարժում են դերասանները: Ռեժիսոր Նարինե Մալյանը գտել է այն դրամատուրգիական նյութը, որտեղ պերսոնաժներ-դիմակներ են գործում: Եվ անկախ սյուժեի պտույտներից ու տրամաբանությունից, այս ներկայացման մեջ կարեւորը խաղն է:

Այդպես էր դիմակների թատրոնում էր, «կոմեդի դել արտե»-ում, երբ դերասան-դիմակը դուրս էր գալիս բեմ ու խաղում առանց նախապես գրված տեքստի ու բեմադրիչի հրահանգների: Նրան թելադրողը դիմակն էր, որն էլ իր տիրոջը հուշում էր անհրաժեշտ խոսքերը, ժեստերն ու շարժումները:

«Սիրելի Պամելան»  հեքիաթ է՝ կլոունադայի տարրերով: Գլխավոր հերոսուհին՝ Պամելան, ոչինչ չունի, բայց միաժամանակ ունի ամեն ինչ: Նա ապրում է փլուզվող նկուղում, իրեր ու սնունդ հայթայթում աղբաններից, չունի հարազատներ (բացի կատվից) ու լայն իմաստով՝ կյանքի նպատակ: Բայց նա բարի է, միամիտ, հավատում է շրջապատի բարությանը, նամակներ է գրում Աստծուն ու երջանիկ է յուրաքանչյուր  ապրած ժամով: Պամելան ուզում է օգտակար լինել իր շրջապատին ու հատուկենտ ծանոթներին:

Մի օր նրա մոտ հյուր են գալիս մարդիկ, որոնք խաբելու նպատակ ու խարդախություն անելու կամք ունեն: Պրագմատիզմն ու ռոմանտիզմը բախվում են իրար եւ ինչպես պատահում է երջանիկ ավարտ ունեցող բոլոր հեքիաթներում, հաղթում է ռոմանտիզմը: Խաբելու պատրաստը դադարում է ցանկանալ խաբել, եսասերը ալտրուիստ է դառնում, իսկ «չոր» սիրտը փափկում է սիրո ուժի ազդեցության ներքո ու ինքն է սկսում սեր ճառագել:

Անցյալ դարի 60-ականներին գրված «Սիրելի Պամելան» հաճախ է բեմադրվել աշխարհի բեմերում: Նախ՝ պիեսի մեջ ներբեռնած հրաշքի ու փոփոխությունների սպասումը շատ բեմական է, եւ հետո էլ՝ պերսոնաժների բնույթը թույլ է տալիս դերասաններին խաղի տարբեր գույներ օգտագործել՝ դրամատիկ, կատակերգական, ֆարսային:

Սովորաբար պիեսը բեմադրվում է, երբ Պամելայի դերակատար կա, քանի որ դա բենեֆիսային դեր է հատկապես պատկառելի տարիքի հասած դերասանուհիների համար: Թեեւ պիեսում հատուկ նշված է, որ Պամելան անորոշ տարիք ունի, սակայն թատրոնները նրան գրեթե միշտ ծեր են դարձրել:

Մալյանի անվան թատրոնի Պամելան (Քրիստինե Հովակիմյան) երիտասարդ է, փխրուն եւ ոչ միայն սիրելու, այլեւ սերը ստանալու է պատրաստ: Իսկ նրա տանը հայտնված երեք արկածախնդիր ու ցինիկ անձերը՝ հմայիչ սրիկա Բրեդը (Սամվել Թոփալյան), սեքսապիլ ու էմոցիոնալ Գլորիան (Աստղիկ Աբաջյան) ու անհաջողակ առաջնորդ Սոլը (Հայկ Սարգսյան), որոնք որոշել էին ապահովագրել Պամելայի կյանքն ու հետո սպանելով նրան՝ կլորիկ գումարի տեր դառնալ, ի վերջո, բոլորովին այլ որոշում են ընդունում: Նրանք էլ են պատրաստ դառնում սիրելու ու ընդունելու սերը:

Գողերը ընկերանում են իրենց զոհի հետ ու ֆինալում անգամ պատրաստ լինում սեփական շահերը զիջել զոհի ներդաշնակ կյանքը չխափանելու համար:

Բեմադրությունը «կոմեդի դել արտե»-ն է հիշեցնում նաեւ գործողությունը կարգավորող, որոշ դեպքերում բացատրող կամ արգելակող հատուկ պերսոնաժի շնորհիվ (Կարեն Խաչատրյան): Նա թերեւս հա՛մ հեղինակն է, հա՛մ էլ հեղինակի մեջ տեղ գտած քննադատը: Այդ անանուն պերսոնաժը տարբեր զգեստներ ու դիմակներ է հագնում, ընդհատում է կամ խթանում երկխոսությունը, թատերական նոր ձեւաչափեր առաջարկում: Օրինակ, ստիպում է, որ Պամելան իր հուզական տեքստն առանց բառերի ասի, միայն բացուխուփ անելով բերանը, իսկ տեքստը հնչում է իր կատարմամբ՝ ավելի չոր ու միապաղաղ առոգանությամբ:

Այդ պերսոնաժի շնորհիվ Նարինե Մալյանը «կոտրում»  է լուրջն ու վերադարձնում այն խճանկարի ֆրագմենտների տեսքով: Լուրջը զրոյանում է եւ նորից հավաքվում:

Իհարկե, ներկայացումը հստակ դրամատուրգիական կառուցվածք ունի, բայց նրա գրավչությունը հաճույքով արված «համեղ» դրվագներն են, որոնք իմպրովիզացիա են հիշեցնում, բայց իրականում ամենամանրակրկիտ մշակվածն են:

«Սիրելի Պամելայի» ուղերձը միմյանց սիրելն ու արժեւորելն է: Եվ չմոռանալը, որ սիրելը հաճելի գործ է: Շատ ավելի հաճելի, քան քեն պահելը, դավադիր պլաններ գծելն ու վախով սպասելը, թե օրերից մի օր վրա է հասնելու հատուցումը: Ի վերջո, ներկայացումը Սուրբ ծննդյան տոների հեքիաթ է, եւ այդ պատճառով էլ ոչ թե խաբկանք ստեղծելը, այլ իրականը տեսնելն է կարեւոր դառնում:

Ներկայացումը նաեւ մեկ այլ, շատ ավելի հետաքրքիր շերտ ունի, որը կապված է պետքի ու անպետքի գաղափարների հետ: Ողջ հեքիաթը տեղի է ունենում փլատակներ հիշեցնող նկուղում, որտեղ հուշեր են ու կիսավեր վիճակ: «Սիրելի Պամելայում» շատ է աղբը (բառիս բուն իմաստով), բեմը լցված է անպետք, մաշված ու պատառոտված իրերով, խունացած թերթերով ու կեղտոտ սպասքով: Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթները պարանից կախված չորացվում են ու կրկին օգտագործվում, շշեր, սրվակներ ու բաժակներ են հայտնվում, որոնք պատված են ժանգով ու փոշով:

Հերոսները կարծես անընդհատ ստիպված են իրենց գոյության համար տարածք մաքրել ու բեռնաթափել այն կուտակումներից, որոնք օգտագործելի չեն, բայց թափվելու էլ ենթակա չեն, քանի որ հուշ են: Պամելային այդ վիճակը գոհացնում է, նա ոչինչ փոխել չի ուզում, քանի որ ընտելացել է իր կիսակյանքի հետ:

Բեմադրության նկարիչ Անդրանիկ Հարությունյանը ստացել է այն էֆեկտը, երբ բեմում լցված յուրաքանչյուր առարկա ընկալվում է միաժամանակ որպես թանկ հուշ ու խոչընդոտ՝ իրապես կարեւորը տեսնելու համար: Բոոլրիս ծանոթ իրավիճակ է. փորփրում ես պահարանները գտնելու համար կարեւորը (ասենք, բանալին կամ մատանին), բայց հանդիպում ես միայն ժամկետանց ու անպիտան բաներին (տուփերին, տուփիկներին, կոտրված ժամացույցներին): Եվ տխուրն այն է, որ անպետքը տեսնելով, մենք այն նորից պահարանն ենք խոթում ու մոռանում մինչ նոր «պեղումները»:

Միայն հուշերով ապրելն ու անպետքի կույտերը շատացնելը լավ նյութ է հնէաբանների կամ հնաոճ իրերի վաճառքով զբաղվողների համար, սովորական մահկանացուներին դա թեւաթափ է անում, քանի որ զրկում է կյանքը մաքուր էջից սկսելու հնարավորությունից (թեկուզ չնչին):

Այդպես է գործում նաեւ մարդու ներաշխարհը: Երբ այն երկրորդական ու իմիջիայլոց բաներով է լցվում, սիրո համար պատասխանատու օրգանը (ուղեղը) կորցնում է իր ուժը: Ու մենք հայտնվում ենք աղբանոցում: Հրաշք է, եթե օրերից մի օր մեր տուն է մտնում մաքրագործող փոփոխությունը ու ստիպում նորովի նայել մեր ունեցվածքին ու զգացածին:

Մեկնաբանություններ (1)

Մարտին Միքայելյան
Եթե հայերն իրենց նվիրումով մի փոքր նմանվեն այս հրաշք կղզի-թատրոնին, մեզ ոչինչ չի հաղթի: Իսկ Նունե Հախվերդյանը թող ավելի հաճախ գրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter